Կինովիտամիններ ողջ տարվա համար

Կինովիտամիններ ողջ տարվա համար
Մի քանի ամիս առաջ Երեւան-Գառնի-Գեղարդ ճանապարհին մեքենայի մեջ  զրույց ունեցանք ավստրիացի լրագրողի հետ, եւ խոսք գնաց ավստրիական կինոյից, մասնավորապես խոսեցինք Միխայել Հանեքեի մասին: Մենք հայերով Հանեքեի 2005-ին վարձույթ դուրս եկած "Քողարկվածը" ֆիլմն էինք քննարկում (ֆիլմը դիտել էինք  հեռուստացույցով՝ Զավեն Բոյաջյանի "Ութուկես" ծրագրի շնորհիվ), ավստրուհին ասաց, որ Հանեկեի վերջին՝ "Սպիտակ ժապավեն" ֆիլմն ավելի շատ է հավանել: Մենք ասացինք, որ չենք տեսել եւ ոչինչ չենք կարող ասել: Ավստրուհին զարմացավ, որ հայաստանյան վարձույթում դեռ չկա այդ ֆիլմը, եւ մենք ստիպված եղանք նրան բացատրել, որ Երեւանում ընդամենը մեկուկես կինոթատրոն կա, եւ հայաստանյան վարձույթում այդորակ ֆիլմեր ընդհանրապես չեն լինում, եթե մեկ-երկու բացառությունները չհաշվենք: Այս իմաստով "Ոսկե ծիրան" կինոփառատոնը մեծ պաստառի վրա որակյալ կինո դիտելու եզակի հնարավորություններից է: Հայտնի բան է, որ ամռան եւ աշնան ամիսները բանջարեղեն ու մրգեղեն ուտելու, վիտամիններ ստանալու եւ "զակատ" անելու լավագույն շրջանն են: Այս տարվա աննախադեպ թանկացումները խարխլեցին այդ "կարծրատիպը", բայց ոչ "Ոսկե ծիրանի" դեպքում. փառատոնի տոմսերի արժեքը նույնն է մնացել: Կինոսիրողների համար  փառատոնը մի շրջան է, որտեղ նրանք կարող են հագեցնել լավ կինոյի իրենց քաղցը եւ դեռ մի բան էլ "կինովիտամինների" պաշար կուտակել մինչեւ հաջորդ "Ոսկե ծիրանը": Այդ է պատճառը, որ կինոսիրողների փոքրաթիվ, բայց կուռ բանակը փորձում է բաց չթողնել ոչ մի հետաքրքիր ֆիլմ, օրական դիտելով չորս-հինգ շարժանկար, եւ միաժամանակ հասցնում է լինել վարպետության դասերին: Ի դեպ, "Ոսկե ծիրանի" այս տարվա ծրագրում Հանեկեի "Սպիտակ ժապավեն" ֆիլմը ներառված է:



Հետեւելով փառատոնի անցած ճանապարհին՝ նկատելի է դառնում, որ փառատոնը տարեցտարի ավելի պաշտոնական տեսք է ստանում: Ինչքան ավելանում է պետության ֆինանսական մասնակցությունը եւ հովանավորությունը, այնքան "սերժանտանում" է փառատոնը՝ կորում է փառատոնի անմիջականությունը, որը եւ Երեւան ժամանած հյուրերի եւ հանդիսատեսի համար փառատոնի ամենագրավիչ կողմերից էր: Թեեւ պետք է նշել, որ այդ տպավորությունը ստանում ես հիմնականում փառատոնի բացման օրը, երբ ներկա են լինում մեր պետական այրերը:



Հուլիսի 11-ին, "Կինոմոսկվայի" մոտ, երկաթյա արգելափակոցների, ոստիկանների ու փառատոնի բեյջավոր անձնակազմի կազմած արգելապատնեշի դիմաց կինոսիրողների մեծ բազմություն էր հավաքվել, որոնց արգելում էին մուտք գործել փակված տարածք: Մի պահ այնպիսի տպավորություն էր, թե ցուցարարները փորձում են Ազատության հրապարակ մտնել, եւ ոստիկաններն արգելում են նրանց մուտքը: Կինոսիրողները կանգնած հետեւում էին, թե բեյջ ձեռք գցածները ինչպես են ազատ ներսուդուրս անում, եւ նրանց կարգավիճակին նախանձելով՝ ներս մտնելու զարտուղի ճանապարհներ էին մտածում ու միմյանց հետ քննարկում:



Քիչ ներքեւում կանգնած էին Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Սերժ Ավետիքյանը եւ փառատոնի հեղինակավոր հյուրերը՝ հանձին  Կլաուդիա Կարդինալեի, որը երեկոյի աստղն էր: Քիչ անց նրանց մոտեցան Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որոնք բացմանը ներկայացել էին իրենց կանանց հետ: Եղան խմբակային լուսանկարներ Կլաուդիա Կարդինալեի, Ատոմ Էգոյանի  հետ: Ապա կինոգործիչներից ու պաշտոնյաներից կազմված շքախումբը քայլեց դեպի "Կինոմոսկվա": Նրանց ուղեկցում էին վարչապետի սափրագլուխ թիկնապահները, որոնք մարդկանց հրմշտելով, անվտանգություն էին ապահովում: Շքախումբն անցավ կարմիր գորգով, նորից խմբակային լուսանկարներ եղան, ապա բացվեցին Համո Բեկնազարյանի, Սերգեյ Փարաջանովի, Ռուբեն Մամուլյանի, Անրի Վեռնոյի փառքի անվանական սալիկները: Այնուհետեւ ներկաները բարձրացան դահլիճ, եւ սկսվեց փառատոնի բացման արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես եկան Գագիկ Բեգլարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Ալեն Թերզյանը, Ռալֆ Յիրիկյանը: Բացման արարողությունը վարում էր վերջերս Կաննի կինոփառատոնում մրցանակ ստացած Սերժ Ավետիքյանը, որը երկարուձիգ, ձանձրալի ելույթներից հետո փրկում էր իրավիճակը, կատակելով եւ տոնական տրամադրություն հաղորդելով դահլիճում գտնվողներին: Իր ողջույնի խոսքում պարոն Բեգլարյանը նշեց, որ շուտով "Ոսկե ծիրանն" իր տարածքը կունենա, եւ վաստակեց իր բաժին ծափահարությունները: Երեւանի քաղաքապետը նաեւ խոստովանեց, որ Կլաուդիա Կարդինալեի մեծ երկրպագուն է: Իսկ Ատոմ Էգոյանն ասաց, թե իր համար, մինչ Կլաուդիա Կարդինալեի լավագույն դերակատարումները տեսնելը, նա եղել է մի դերասանուհի, որը կարող էր էրոտիկ երազների աղբյուր դառնալ: Դա կարծես թե ավելի շոյեց Կլաուդիա Կարդինալեին, քան թե մշակույթի նախարարի ասած հաճոյախոսությունը, թե Անրի Վեռնոյի ֆիլմում Կարդինալեի կերտած մայրիկը ոչ միայն հայ մոր կերպար էր, այլեւ համաշխարհային իմաստով մոր: Փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն իր ելույթում փառատոնին օժանդակելու համար շնորհակալություն հայտնեց Երեւանի քաղաքապետարանին, մշակույթի նախարարությանը եւ "Վիվասել" ընկերությանը ու հույս հայտնեց, որ իրենց համագործակցությունը կլինի շարունակական: Այս տարվա փառատոնի բացումը ամենադիտարժաններից էր, եթե չասենք ամենադիտարժանը, եւ ավելորդ չէ կրկնել՝ մեծամասամբ շնորհիվ Սերժ Ավետիքյանի, որը բեմից դրական լիցքեր էր հաղորդում հանդիսատեսին, ցրելով հերթապահ ելույթների ծանր տպավորությունը: