Լուրջ երևույթի մասին զրույցը լուրջ է լինում

Լուրջ երևույթի մասին զրույցը լուրջ է լինում
Իրավաբան-լրագրող Ջուլիետա Ամիրխանյանի հարցազրույցը ճանապարհատրանսպորտային պատահարների գծով մասնագիտացված փաստաբան, կրիմինալիստ Նիկոլայ Բաղդասարյանի հետ ("Հրապարակ", 07.07.2010թ.) ուշագրավ էր մի քանի առումներով: Նախ, փաստի արձանագրումը, որ ցանկացած ոլորտում անհրաժեշտ է, որ գործեն մասնագիտացված փաստաբանական ծառայություններ, անհերքելի է: Սակայն հեռու ենք կայացած, առավել եւս արդյունավետ ծառայություններ ունենալու հնարավորությունից: Խնդիրը բարդ է: Փաստաբանական ծառայությունը, որպես նորաստեղծ ինստիտուտ, պահանջում է, որ ծառայություն իրականացնող փաստաբան-կրիմինալիստն իր պատրաստվածությամբ լինի ունիվերսալ, երկու ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետ` նեղ մասնագիտության եւ այդ նեղ մասնագիտությունը սպասարկող նեղ դատաիրավական դաշտի: Համատեղված այս պահանջները բավարարող լիարժեք մասնագետներ այսօր Հայաստանում չես գտնի: Հենց այս պակասն է հիմնավորում հարցազրույցն առ այն, որ ճանապարհատրանսպորտային պատահարների գծով մասնագիտացված կրիմինալիստ Նիկոլայ Բաղդասարյանը կայացած չէ: Հետեւաբար, նույնիսկ կայացած փաստաբանի ճանապարհատրանսպորտային պատահարների գծով իրավաբանական որակումները չեն կարող որակյալ եւ անաչառ լինել: Միայն դատաիրավական դաշտի վնասարարությունները` նախաքննությունը, դատարանը գործում են կամայականորեն, օպերատիվ-քննչական խմբի եւ փաստաբանի հնարավորություններն անհավասարակշիռ են, դատարանի համար մեղադրյալի փաստարկներն են արժանահավատ եւ այլն, բավարար են համոզվելու համար, որ այդ համակարգը լիովին նեխած է: Մասնագիտացված փաստաբանական ծառայությունների գործունեությունն առայժմ ծառայում է փտած դատաիրավական համակարգին: Խոսելով երթեւեկության կանոնների պահպանման առկա ցավալի վիճակից, իրավաբան-լրագրողն իր հարցում այն ածանցում է ազգային մենթալիտետից, այսինքն` "մենք ապրում ենք մի քաղաքում, որտեղ օրինակելի վարքագիծն անհնարին է: Վարորդները, հետիոտները խախտում են երթեւեկության կանոնները, իսկ պետավտոտեսչությունն ու նախաքննության մարմինները չեն գործում այնպես, ինչպես անհրաժեշտ է": Զարգացնելով միտքը, նա "հայտնագործություն" է անում, որ՝ "վերահսկողություն իրականացնող պատշաճ մարմիններ պետք է համարվեն քաղաքապետարանը եւ ոստիկանության համապատասխան կառույցները": Եւ հետո թվարկում է, թե ինչեր պետք է անեն իր "հայտնաբերած" կառույցները: Կարելի է ենթադրել, որ կրիմինալիստը օտարերկրացի փորձագետ է, ծանոթ չէ Երեւան քաղաքի կառավարման համակարգին եւ հանդես է գալիս ինտուիտիվ, ընդհանրական առաջարկություններով: Իրավաբան-լրագրողը այստեղ պարտավոր էր ուրախությամբ տեղեկացնել զրուցակցին, որ այդ կառույցները Երեւանում կան, որից հետո զրույցը վիրտուալ դաշտից կտեղափոխվեր ճանապարհատրանսպորտային պատահարների դաժան իրականության պրոֆեսիոնալ վերլուծության դաշտ: Կրիմինալիստը շարունակում է. "Ընդհանրապես երթեւեկության կանոնակարգումը Հայաստանում սխալ է իրականացվում: Նկատի ունեմ ինժեներական սխալ լուծումները, երթեւեկության նշանների բացակայությունը կամ սխալ տեղադրումը, լուսաֆորների (լուսացույցների, հեղինակներ) աշխատանքի սխալ ռեժիմը, անցումների պակասությունը կամ սխալ տեղադրումը եւ այլն", ու անցնում մի "տիպիկ", բայց անհասցե, հետեւաբար ոչ տիպիկ օրինակի: Նկարագրում է այդ տիպիկ վայրը, որտեղ տարեկան 6-7 վթար է տեղի ունենում մարդկային կորուստներով: Ընթերցողին մնում է գլուխկոտրուկ լուծել, փորձել գտնել, թե իր իմացած տասնյակ տիպիկ վթարային օջախներից որի՞ մասին է խոսքը, ի՞նչ ինժեներական սխալ լուծումների մասին է ակնարկում:



Շարունակենք. նկարագրում է Երեւանի փողոցներից մեկը, որտեղ վերջերս ավտովթարից 2 աղջիկներ զոհվեցին: "Անկախ վրաերթ կատարած մեքենայի արագությունից, նման տեղում, այսինքն` էստակադայի ելքի մոտ, վերերկրյա անցում նախատեսելը պարզապես հանցագործություն է": Ենթադրում ենք, որ կրիմինալիստը նկատի է ունեցել Հերացու փողոցի միջնամասը` Հերացու 10 շենքի դիմացը, որտեղ էստակադա չկա, որ ելք էլ ունենա, այլ կա հետիոտնի համար նշագծում-անցում (զեբր): Այդ անցումն է ողբերգության վայրը: Ոչ շատ վերեւ Հերացու հրապարակն է: Այնտեղ է Հերացու փողոցի վրայով կառուցված, իրեն լիովին արդարացնող, այսինքն աշխատող հետիոտն վերգետնյա անցումը: Եթե իսկապես այս վերգետնյա անցումը իր տեղում չէ եւ "հանցագործություն է", ապա պարտավոր էր իր որակումը հիմնավորել ինժեներահոգեբանամենթալիտետային ծանրակշիռ հաշվարկներով:



Մարտին ԱՍԼԱՆՅԱՆ

"Տրանսնախագիծ" ՓԲԸ ինժեներ-նախագծող



Արամայիս ԱՍԼԱՆՅԱՆ

"Երեւաննախագիծ" ՓԲԸ ինժեներ-նախագծող