Պատերազմի սպառնալիք

Պատերազմի սպառնալիք
Ադրբեջանական լրատվամիջոցներին հետեւելով՝ կարելի է արագ համոզվել, որ այդ երկրի միահեծան տիրակալը հանդիսացող Իլհամ Ալիեւը բավականին լրջմիտ վերաբերմունք ունի հասարակական կարծիքի հանդեպ: Բռնակալի համար հակացուցված մի հատկանիշ, որի դրդապատճառները հարկ է հասկանալ: Նա տարբեր բնակավայրերում հաճախակի հանդիպումներ է ունենում իշխանության տեղական մարմինների ղեկավար կազմի, հեղինակավոր մարդկանց հետ եւ, տնտեսական, սոցիալական խնդիրներից զատ, քննարկում է նաեւ ղարաբաղյան հիմնախնդիրը: Ի դեպ, ադրբեջանական պաշտոնական կաղապարով հիմնախնդիրը կոչվում է "հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտություն"՝ բավականաչափ խրթին մի ձեւակերպում, որի բուն էությունը ադրբեջանական կողմի համար այն է, որ հայերն ու ադրբեջանցիները հակամարտում են ԼՂ-ի համար: Սրանով նրանք քաղաքացիություն են տվել այն տեսակետին, ըստ որի՝ տարածքային վեճ գոյություն ունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ այդ վեճի առարկան ԼՂ-ն է: Սա հեշտացնում է հայերիս նախահարձակ ու բռնազավթիչ ներկայացնելու գործը, քանի որ միջազգային իրավունքի տեսանկյունից ԼՂ-ն ադրբեջանական տարածք է եւ պատերազմի հետեւանքով ժամանակավորապես հայտնվել է հայկական վերահսկողության ներքո: Հանրային ընկալման համար հեշտացված բանաձեւերով ստացվում է, որ անարդարացի պատերազմի արդյունքում բռնագրավված ադրբեջանական հողերը պետք է վաղ թե ուշ վերադարձվեն: Ալիեւը հիմնականում սա է ասում, բայց ասում է ամեն օր ու մարդկանց հետ կենդանի շփումների ընթացքում: Նա նաեւ սիրում է կրկնել, որ ադրբեջանական ռազմական մեքենան օրըստօրե աճում եւ հզորանում է, ու թեեւ ինքը դեմ է խնդրի ռազմական լուծմանը, սակայն իրենց ռազմական ուժը վճռորոշ դեր է կատարելու կարգավորման ժամանակ: Ալիեւը չնայած մեզ հետ բանակցում է Լեռնային Ղարաբաղին ինքնավարության բարձր կարգավիճակ շնորհելու ուղիների շուրջ, սակայն մյուս կողմից հավաստիացնում է իր ժողովրդին, թե առանց նրա համաձայնության ԼՂ-ն ոչ մի կարգավիճակ էլ չի ստանա (միայն մղձավանջային երազում կարելի է տեսնել այն կարգավիճակը, որ կուզենա Ղարաբաղի հայերին տալ ադրբեջանցին:) Իմ տեսանկյունից՝ Ալիեւն այսկերպ մշտարթուն է պահում Ղարաբաղը վերանվաճելու համաժողովրդական ոգին ու չի ժխտում բանակցությունների շարունակական ձգձգման պարագայում ռազմական ուժի կիրառման հնարավորությունը: Համենայնդեպս, ուժի կիրառման սպառնալիքը նրա խոսքերում մշտապես առկա է, ու երաշխիք չկա, թե նա կարող է մեղմել իր հռետորաբանությունը ԵԱՀԿ համանախագահող երկրների ԱԳՆ պատվիրակությունների ղեկավարների՝ Ս. Լավրովի, Բ. Քուշների ու Ջ. Սթայնբերգի հուլիսի 17-ին հրապարակած հայտարարության ազդեցությամբ: Եթե Ալիեւը պատերազմի սանձազերծման իրական ծրագրեր չունենար, նա նման հետեւողականությամբ հասարակությանը չէր դիմի: Պատմությամբ է հաստատված՝ իշխողներն իրենց հպատակներին հիշում են, սիրաշահում, քծնում պատերազմների նախօրեին:



Արա ՍԱՀԱԿՅԱՆ

[email protected]