“Ձու” օպերացիայի նոր մանրամասները

“Ձու” օպերացիայի նոր մանրամասները
Երեկ հայտնել էինք, որ ձվի շուկայում նոր մոնոպոլիստ ծնվեց՝ "X գրուպի" նախագահ, հայտնի գործարար Խաչատուր Խաչատրյանը, որին պատկանող Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկան հուլիսի 19-ին 21 մլն. դոլարով երեք թռչնաբուծարան գնեց՝ "Լուսակերտ" ՍՊԸ-ն, "Շիրակ" ՍՊԸ-ն, ու "Գնդեվազի թռչնաֆաբրիկա" ՓԲԸ-ն: Հենց նույն օրը այս ձեռնարկությունների նոր տերը հրահանգեց բարձրացնել ձվի գինը, եւ արդեն երեկ առավոտյան ԵԹՖ-ի, "Լուսակերտի" եւ մյուս խոշորների ձվերը Երեւանի խանութներում վաճառվում էին 30-40 դրամով: Սա ապացուցում է, որ նախկին գինը՝ 10-22 դրամ, արհեստական էր, եւ ԵԹՖ-ն այն սահմանել էր շուկան գրավելու համար: Երեկ օպերացիայի նոր մանրամասներ հայտնի դարձան: Բայանդուր գյուղի մոտ գտնվող "Շիրակ" թռչնաբուծարանը, որը խորհրդային լավագույն տնտեսություններից էր, վաճառվել է մոտ 7,5 մլն. դոլարով: Դրա նախկին տերը՝ ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանը, մեկ տարի առաջ կառավարությունից աջակցություն ստացող տեղական արտադրողներից էր, որոնց ցուցակը մեր բլոգեր եւ հրապարակայնության կողմնակից վարչապետը գաղտնի է պահում եւ կառավարության կայք-էջում խուսափում է հրապարակել: Գուլոյանը մոտ 2 մլն. դոլարի հակաճգնաժամային աջակցություն է ստացել պետությունից, որը, սակայն, ըստ լավատեղյակ մարդկանց, ծառայեցրել է ոչ թե Բայանդուրի տնտեսության նախկին փառքի վերականգնմանը, այլ բենզալցակայանների բիզնեսի բարգավաճմանը Շիրակի մարզում: Արտադրությունն այս գործարարի համար, հավանաբար, երկրորդական  բիզնես է դարձել, որից նա որոշեց պատեհ պահի ազատվել:



Մյուս ձեռնարկությունը՝ Գնդեվազի թռչնաֆաբրիկան, պատկանում էր "Ջերմուկ գրուպի" սեփականատեր Աշոտ Արսենյանին: Այդ փոքր ֆաբրիկայի տերն առանձնապես չի էլ փորձել այն պահել, քանի որ դեմպինգի պայմաններում՝ ձուն ինքնարժեքով կամ դրանից ցածր գնով վաճառելով, փոքր ձեռնարկություններն օրական ահռելի վնասներ էին կրում: Ձեռնարկության վաճառքը հետագա սնանկացումից խուսափելու տարբերակ էր, այնպես որ, բացառված չէ, որ մյուս փոքրերն այժմ նախանձում են իր գործերը դզած Արսենյանին: Հիմնական մենամարտն ընթացել է երկու Խաչիկների միջեւ. "Լուսակերտի" տիրոջ՝ ԱԺ պատգամավոր Խաչատուր Մանուկյանի եւ Ջրաշխարհի տիրոջ՝ Խաչատուր Խաչատրյանի միջեւ: Հուլիսի 19-ին "Լուսակերտի" առքուվաճառքի գործարքը կնքելուց առաջ նրանք մի քանի ժամ խոսելուց հետո ընտրել են բիզնեսի աշխարհում ընդունված կոմպրոմիսի դասական տարբերակ՝ "Լուսակերտը" շուկան թողնում է ԵԹՖ-ի լիարժեք տիրապետությանը, իսկ ԵԹՖ-ն փրկում է "Լուսակերտը" վերջնական սնանկացումից, գնելով այն: Այսպիսով, նույնչափ դասական ճանապարհ անցած "Լուսակերտը", որը թռչնամսի եւ հավկիթի արտադրության առաջատարն էր եւ 1998-ին վերագործարկվելուց հետո վերջին 12 տարում աստիճանաբար ավելացնում էր արտադրության ծավալներն ու որակը, պարտվեց նոր օլիգարխին: Մինչդեռ ԵԹՖ-ն միանգամից երեք անգամ ավելացրեց հավկիթի արտադրության օրական ծավալը՝ 350 տուփից հասցնելով մոտ 900-ի:



Դա հնարավոր եղավ ՀՀ կառավարության գործուն աջակցությամբ: Նախ, ՀՀ կառավարությունը հակաճգնաժամային փողերից ԵԹՖ-ին 3 մլն. եւրո աջակցություն հատկացրեց, երկրորդը՝ "X գրուպին" պատկանող "Արաքս" ձեռնարկությունը, որպես 300 մլն. դրամից ավելի շրջանառություն ունեցող, 3 տարով ազատեց ԱԱՀ-ից եւ վերջապես, ԵԹՖ-ին վստահվեց փոքրերի համար բաղձալի պատվեր՝ բանակը ձվով մատակարարելու: Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ ձվի արտադրության մոնոպոլիզացիայի հարցում հիմնական դերակատարումը պատկանում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, եւ չսխալվել, քանի որ հենց նա իր որոշումներով բոլոր պայմանները ստեղծեց նախ գնային դեմպինգի, ապա նաեւ անառողջ մրցակցության համար: Իսկ թե ինչ վնաս կբերի վարչապետի այս գործունեությունը ՀՀ պարենային անվտանգությանը, կերեւա առաջիկայում: Չէ որ հավկիթը հացից եւ կարտոֆիլից հետո անապահով խավի սննդային զամբյուղի երրորդ կարեւոր կոմպոնենտն է, եւ վերջին կայծակնային զարգացումներից հետո այդ սննդատեսակի շուկայում գնաճի սպասելիքներ նկատվեցին: Այժմ խոսքը Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովինն է, որի համարձակության աստիճանը կերեւա հարուցված վարույթի արդյունքների հրապարակման օրը: Իսկ առայժմ ձվի շուկայում նկատվող անհասկանալի երեւույթների վերաբերյալ հանձնաժողովի ուսումնասիրությունները շարունակվում են:



ՀԳ - Մեր տեղեկությունների հավաստիությանը չկասկածելով եւ լրագրողական էթիկային հավատարիմ, փորձեցինք դրանց վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ գործարքի մասնակիցներից, բայց նրանց բջջայինները մեզ չարձագանքեցին: