Որ օլիգարխն է որոշել վարկային շուկային տիրանալ

Որ օլիգարխն է որոշել վարկային շուկային տիրանալ

Չի բացառվում, որ Հայաստանի վարկային շուկայում 2015 թվականից նոր մոնոպոլիստ հայտնվի: Կենտրոնական բանկը որոշել է առաջիկա տարիների ընթացքում վեց անգամ ավելացնել վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալի սահմանաչափը՝ 150 միլիոն դրամից հասցնելով մեկ միլիարդ դրամի: Զարգացած ու կայուն տնտեսություն ունեցող երկրի համար գուցե նման մոտեցումը տարակուսանքի առիթ չտար, բայց Հայաստանի տնտեսական "թռիչքների" պարագայում այս ձեռնարկը բազմաթիվ հարցականներ է առաջացնում:  Նախ, դաշտում գործում է շուրջ 30 սուբյեկտ, որոնցից միայն 3-4-ը հազիվ կարող են 1 մլրդ. կապիտալ ապահովել: Այսինքն, եթե նախագիծն իրականություն դառնա, նրանց զգալի մասը կլուծարվի:





Բացի այս, բանկ չհանդիսացող ֆինանսական հաստատությունների համակարգը Հայաստանում նոր-նոր է զարգանում, որովհետեւ  վարկավորման բեռն ավանդաբար ընկած էր բանկերի վրա: Այսօր վարկային ներդրումների մեջ մոտ 5-6 տոկոսն է բաժին ընկնում այդ կազմակերպություններին: Ոլորտում այսպիսի պատկերի առկայության պարագայում, երբ մանր ու միջին բիզնեսը խթանելու փոխարեն ընդհանուր կապիտալի սահմանաչափի բարձրացման խնդիր է դրվում, միայն ենթադրել կարելի է, թե ինչ հետեւանքների կարող է այն հանգեցնել: "Կարելի է քաղաքական բնույթի եզրակացություն անել. մեկ-երկու օլիգարխներ որոշել են այս դաշտին տիրանալ եւ կարգադրել են ԿԲ աշխատակիցներին փոքրերին դաշտից դուրս մղել: Կարելի է նաեւ այլ եզրակացության հանգել, որ բանկերն այսպիսով լոբբինգ են անում իրենց շահերը եւ մրցակից չունենալու համար այս դաշտից դուրս են մղում վարկային կազմակերպություններին",-նշում է ԿԲ նախկին նախագահ, "Գառնի ինվեստ" ունիվերսալ վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Բագրատ Ասատրյանը: Պարոն Ասատրյանի խոսքով,  կապիտալի նվազագույն պահանջն անշուշտ լուրջ երաշխիք է կայուն ֆինանսական համակարգի համար, բայց այդ նվազագույն պահանջի մեծությունը պետք է պայմանավորված լինի կոնկրետ տնտեսության վիճակով, այն խնդիրներով, որոնք փորձում է լուծել այդ դաշտը կանոնակարգող մարմինը, բայց այս տեսանկյունից  ուղղակի անտրամաբանական ու անհեթեթ է նման մոտեցումը: Ի դեպ, աշխարհում բազմաթիվ երկրներ վարկային կազմակերպությունների նվազագույն կապիտալի պահանջ կամ չեն դնում, կամ լիցենզավորման վճարների տեսքով փոքր գումարներ են սահմանում: Միացյալ Նահանգներում, Լեհաստանում կամ Բուլղարիայում, օրինակ, նման պահանջ ընդհանրապես չկա: Հետաքրքիր է նաեւ փաթեթը վարկային կազմակերպությունների ուղարկելու ԿԲ գործելաոճը: Թեեւ  վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալի փոփոխության մասին խոսակցություններ կային դեռ երկու տարի առաջ, բայց փաստաթղթային ձեւակերպում նախաձեռնությունը նոր է ստացել: Հուլիսի 17-ին, շաբաթ օրը (օրն աշխատանքային է եղել, որովհետեւ երկուշաբթին ազգովի մեռելոցներ "տոնելու" Տիգրան Սարգսյանի ձեռնարկով պայմանավորված ոչ աշխատանքային էր), ԿԲ-ից վարկային կազմակերպությունները "Վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգում փոփոխություններ իրականացնելու մասին" մի ծավալուն փաթեթ են ստացել՝ մինչեւ  հուլիսի 19-ը դրա շուրջ դիրքորոշում հայտնելու խնդրանքով: Այսինքն, ընդամենը մեկ օր ժամանակ է տրվել նախագիծն ուսումնասիրելու համար: Նման մոտեցումը ԿԲ նախկին նախագահը առավել քան անլուրջ է համարում: Իմիջիայլոց նախագծում, բացի վերոնշյալից, այլ խնդրահարույց պահանջներ եւս կան: Այնտեղ սահմանվում է, որ վարկային կազմակերպությունների այն բաժնետերերը կարող են փոխառությունների տեսքով միջոցներ ներգրավել, որոնց մասնակցության չափը կապիտալում 5 տոկոսից ոչ պակաս է: Գործող կանոնակարգով՝ նման սահմանափակում դրված չէ: "Մեկ միլիարդի պահանջն իրականություն դառնալու պարագայում կնշանակի, որ 20 հոգուց ոչ ավել մարդ իրավունք ունի վարկային կազմակերպություններում ներդրումներ ունենալ: Այսինքն, ոչ բոլոր բաժնետերերը կարող են իրենց միջոցներն իրենց հիմնադրած կազմակերպության մեջ ներդնել",-բացատրում է Բագրատ Ասատրյանը: Նրա խոսքով՝ հայրենական ֆինանսական միջնորդության դաշտում բազմաթիվ խնդիրներ կան, որոնցով արժեր, որ ԿԲ-ն զբաղվեր: Օրինակ, ֆինանսական միջնորդության օղակ հանդիսացող հսկայածավալ շինարարությունը, երբ դեռ բնակելի շենքը չկառուցված,  մարդկանցից միջոցներ են ներգրավվում: Այստեղ կանոնակարգումներն արդարացված կլինեին, որովհետեւ գործ ունենք քաղաքացիների միջոցների հետ, իսկ վարկային կազմակերպութունների դեպքում, ըստ էության, մարդիկ իրենց միջոցներով ընկերություն են հիմնում եւ պարտքով փող տալիս: Հասարակության համար ռիսկի գործոն առկա չէ: ՀԳ - ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը նախագծի նպատակների շուրջ մեր հարցերին ի պատասխան, հաղորդագրություն ուղարկեց հետեւյալ բովանդակությամբ. "...նախագիծը քննարկվում է նախորդ տարվա նոյեմբերից եւ բնավ նորություն չէ այդ շուկայի մասնակիցների համար: Հարցը մի քանի անգամ քննարկվել է վարկային կազմակերպությունների միության հետ, ինչպես նաեւ այդ միությանը չանդամակցող վարկային կազմակերպությունների հետ: Նրանցից ստացվել են համապատասխան առաջարկություններ: Հաշվի առնելով վարկային կազմակերպությունների խնդրանքը, հարցի քննարկումը ԿԲ խորհրդի վերջին նիստում հետաձգվել է, եւ այսօր ժամը 4-ին տեղի է ունենալու նախագծի լրացուցիչ քննարկում: Հարկ է նշել, որ Կենտրոնական բանկի կողմից վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալի չափի մեծացմանն ուղղված նախաձեռնությունն ուղղված է սպառողների շահերի պաշտպանությանը՝ 1 մլրդ. դրամ կապիտալի պահանջ սահմանվում է այն վարկային կազմակերպությունների համար, որոնք նախատեսում են զբաղվել ֆիզիկական անձանց շրջանում պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխմամբ...": Հավելենք, որ նախատեսված լրացուցիչ քննարկման մասին ոչ բոլոր կազմակերպություններն են տեղյակ պահվել: Բագրատ Ասատրյանն այդ մասին "Հրապարակից" տեղեկացավ: Նաեւ ասաց, որ արդեն երկու օր է՝ զանգում է ԿԲ խորհրդի անդամների, բայց հարցի հետ կապված որեւէ պատասխան առայժմ չի ստացել: