Վանոն պարտվեց, կեցցե Տեր Հուսիկը

Վանոն պարտվեց, կեցցե Տեր Հուսիկը
Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀՇ ներսում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո ՀՀՇ-ում պարտվեց Վանո Սիրադեղյանի ու հաղթեց Տեր Հուսիկ Լազարյանի թեւը: Ի դեպ, նոր ղեկավարության ընտրությունից հետո Տեր Հուսիկ Լազարյանը սկսել է այցելել ՀՀՇ գրասենյակ եւ, որոշ տեղեկություններով, խորհուրդներ տալ ՀՀՇ ղեկավարությանը: Նաեւ տեղեկություններ կան, թե ՀՀՇ նոր ղեկավարությունը մտմտում է "Հայք" թերթի հետագա ճակատագրի շուրջ. մասնավորապես մտածում է "Հայքը" նոր կազմով լույսընծայելու մասին: "Հայքի" գլխավոր խմբագիր Գեղամ Նազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք այժմ ամառային արձակուրդում են եւ արձակուրդներից հետո շարունակելու են նորմալ աշխատանքը: Իսկ կազմի փոփոխության մասին իրեն որեւէ բան հայտնի չէ: ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանին զանգահարել այդպես էլ չհաջողվեց: Այլ աղբյուրներից տեղեկացանք, որ իրականում թերթը փակվել է, եւ կրկին տպագրվելու հավանականությունը փոքր է, քանի որ մեծ պարտքեր ունեն եւ տպարանին, եւ աշխատավարձի մասով: