Մինչեւ ե՞րբ

Մինչեւ ե՞րբ
Երեկ մեր թերթի առաջին էջում տեղադրել էինք պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի լուսանկարը եւ նկատել էինք, որ նախարարը զբաղված է ոչ այն գործով, ինչով պետք է զբաղվի՝ բանակի խնդիրներով: Նրա ուղեւորությունները արտերկիր, ինչ-որ պատվիրակություններ ընդունելը-ճանապարհելը, մեդալներ բաժանելը, տարբեր շնորհանդեսների եւ այլ միջոցառումների մասնակցելը ոչնչով չի նպաստում բանակում տիրող վիճակի կարգավորմանը: Երեկվա մեր դիտարկումը պայմանավորված էր Չինարի գյուղում տեղի ունեցած միջադեպով՝ մասնագիտությամբ արեւելագետ, ավագ լեյտենանտ, օրինավոր մի երիտասարդ՝ Արտակ Նազարյանը, ինքնասպան էր եղել: Չանցած մեկ օր՝ էլ ավելի սահմռկեցուցիչ պատահարի մասին տեղեկացանք՝ զորամասերից մեկում իսկական սպանդ է տեղի ունեցել. զինվորը սպանել է մի խումբ մարդկանց եւ ինքնասպան եղել: 5-6 զոհի մասին են խոսում, եւ ՊՆ-ն մի լղոզված, կիսատ-պռատ ցավակցություն է տարածում, որն անչափ նման է ապատեղեկատվության: Աշխարհի ոչ մի երկրում, անշուշտ, բանակն ապահովագրված չէ դժբախտ դեպքերից, բայց երբ դրանք այնպիսի քանակական աճ են ապրում, որ որակական փոփոխություններն ակնհայտ են դառնում, մենք բոլորս մտածելու բան ունենք: Եվ առաջին հերթին կամերաների առաջ դիրք բռնել սիրող պաշտպանության նախարարը: Մինչեւ ե՞րբ պետք է մեր երիտասարդները մեկնեն ծառայության՝ այնպես, ինչպես ռազմի դաշտ են մեկնում: Մինչեւ ե՞րբ պետք է ծնողները երկու տարի շարունակ դողան զորամասից ստացվող տեղեկություններից եւ սիրտները թպրտա ամեն հեռախոսազանգից, դռան թակոցից: Մինչեւ ե՞րբ պետք է զինվորին նվաստացնելն ու հալածելը լինեն ծառայության անբաժանելի ուղեկիցը: Եվ մինչեւ ե՞րբ պետք է հանցագործ, լկտի սպաներն ու հրամանատարները եղանակ ստեղծեն բանակում: