Այցի դարձերեսը

Այցի դարձերեսը
Երեկ մայրաքաղաքի բնակիչների եւ ընդհանրապես մեր ժողովրդի համար ծանր օր էր. ԱՊՀ նախագահների, մասնավորապես Դմիտրի Մեդվեդեւի ներկայությունը հիմնովին խաթարել էին մեր բնականոն կյանքը: Չեմ կարծում, թե այլ երկրներում եւս պետական այցերի ժամանակ սեփական բնակչությանն այսպիսի անհարմարություններ են պատճառում: Երկրի քաղաքացիների անդորրն ամենուրեք դիտվում է ամենամեծ արժեքը: Նաեւ չեմ կարծում, թե այլ երկրներում սեփական լրատվամիջոցների ներկայացուցիչներին նման քամահրանքով, իսկ դրսից եկածներին նման ակնածանքով են վերաբերվում: Ինչպես գիտեք, ՀՀ նախագահական նստավայրը մեզ թույլ չտվեց լուսաբանել ՀԱՊԿ գագաթաժողովն ու Մեդվեդեւի այցը: Դժվար է ասել` բացի մեր զայրույթից ինչ շահեցին նախագահականի լրատվության պատասխանատուները: Եվ ինչ իմաստ ուներ լրագրողներին յուրայինների (հեռուստալրագրողների) եւ թշնամիների (թերթերի լրագրողների) բաժանելը: Համոզված եմ, որ մեր ընթերցողը շատ բան չկորցրեց. նման պաշտոնական արարողությունների ժամանակ հետաքրքիր ու էքսկլյուզիվ տեղեկատվություն ստանալը հեշտ չէ: Շատ ավելի հետաքրքիր էր հետեւել, թե շարքային մարդիկ ինչպես են վերաբերվում այս այցին: Չենք կարող չնկատել, որ տեղաշարժման անհարմարություններ զգացած մարդկանց, եթե այլ պատճառ չլիներ, խցանումները բավական էին, որ նեգատիվ տրամադրվեին բարձրաստիճան հյուրերի նկատմամբ: Այնպես որ, ավելի վատ PR ժամանած հյուրերին, քան փողոցները փակելն էր ու մարդկանց ժամերով տրանսպորտի մեջ պահելը, դժվար է պատկերացնել: Այնուամենայնիվ այցը կայացավ, մի քանի` թեկուզ ոչ դեմոկրատական երկրների ղեկավարներ ժամանեցին Հայաստան: Եվ դա ինքնին լավ է՝ դրանք շփումներ են, կապեր, նոր համաձայնագրեր ու մեկուսացումից դուրս գալու ձեւ: