Գիտե՞ս ինչ ես ուտում. պահանաջիր եւ ստուգիր

Գիտե՞ս ինչ ես ուտում. պահանաջիր եւ ստուգիր
Հայերիս մեջ ընդունված չէ որեւէ ապրանք գնելիս նայել պիտակը, ստուգել պիտանելիության ժամկետը, պարունակությունը, իսկ քաղաքակիրթ երկրներում դա պարտադիր պայման է: Քաղաքակիրթ երկրներում ապրանքի պիտակի վրա պարտադիր նշվում է նաեւ ԳՁՕ-ի (գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ) պարունակությունը, որի մասին հայերիս մեծ մասը անգամ չի էլ լսել: Լսելու դեպքում էլ ոչինչ չեն կարող անել սպառողները, քանի որ Հայաստանում եւ ներմուծվող, եւ տեղում արտադրվող ոչ մի ապրանքի մակնշման մեջ չի նշվում ԳՁՕ-ի պարունակությունը, չնայած "Սննդի անվտանգության մասին" օրենքը պահանջում է, որ պարտադիր նշվի այդ մասին: Գենետիկական ձեւափոխված օրգանիզմներ սննդամթերքում սկսեցին կիրառվել 1994-ից Ամերիկայում, եւ, ըստ որոշ վիճակագրության, ԱՄՆ-ում արտադրվող մթերքների 60 տոկոսը ԳՁՕ է պարունակում:



ԳՁՕ պարունակում են չիպսերը, արագ սնունդը՝ ֆրի, համբուրգերներ: Այսօր շուկան լիքն է գեղեցիկ արտաքին տեսքով, հյութեղ, բարձր համային հատկանիշներով, դիմացկուն սննդամթերքով՝ միրգ, բանջարեղեն, որոնց ծագումը խիստ կասկածելի է: Բանջարեղենները պարունակում են կենդանիների գեներ, կենդանիները՝ հակառակը: Ասենք՝ վարունգի մեջ ձկան գեն են տեղադրում ցրտադիմացկունության համար եւ նման շատ ուրիշ փոփոխություններ: Գենի տեղափոխումը մեկ այլ օրգանիզմ թույլ է տալիս ստեղծել նոր, գենետիկորեն փոփոխված օրգանիզմներ: Այդ ճանապարհով ստացվող սնունդը անհամեմատ էժան է եւ օգտագործվում է նոր զարգացող երկրներին որպես օգնություն տալու նպատակով: Հատկապես մանկական սննդում ԳՁՕ-ի առկայությունը պետք է բացառված լինի:



ՀՀ "Սննդամթերքի անվտանգության մասին" օրենքն ասում է, որ ԳՁՕ-ի անգամ չնչին պարունակությունը պիտի նշվի, բայց մինչ օրս որեւէ սննդամթերքի վրա որեւէ գրառում չի արվում: Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության եւ անասնաբուծական պետական տեսչության սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Արթուր Վարժապետյանից փորձեցինք պարզել, թե որն է պատճառը, որ օրենքի առկայության դեպքում էլ այն չի գործում: Նա ասաց, որ Հայաստան ներմուծվող սննդամթերքի մակնշման վրա կա այդ գրառումը, քանի որ դրսում այդ օրենքը ավելի խիստ է գործում: Իսկ Հայաստանում, պարզվեց, դրա կարիքը չկա. "Բայց ինչի՞ պիտի նշվի, եթե այն չի պարունակում գենետիկական ձեւափոխված բաղադրիչներ",- ասաց Արթուր Վարժապետյանը եւ հավելեց, որ Հայաստանում դեռ չկա նման հետազոտություններ իրականացնող լաբորատորիա. "Ես չգիտեմ, որ նման լաբորատորիա կա Հայաստանում":



Ի գիտություն Արթուր Վարժապետյանի, ասենք, որ արդեն 2 ամիս է, ինչ Հայաստանում գործում է սննդամթերքի մեջ գենետիկական ձեւափոխված օրգանիզմների առկայությունը ստուգող լաբորատորիա, որը տարածաշրջանում միակն է: Լաբորատորիան պատկանում է "Ստանդարտ դիալոգ" ՍՊԸ-ին: Այն հավատարմագրված է, ունի համապատասխան սարքավորումներ, արտերկրում վերապատրաստված մասնագետներ: "Մենք միակն ենք տարածաշրջանում, որ կարող ենք կատարել սննդում գենետիկորեն ձեւափոխված տարրերի առկայության որակական եւ քանակական որոշում: Բացի դրանից, մենք կարող ենք որոշել նաեւ գենետիկական տարրերի նույնականացում, այսինքն, թե տվյալ սննդի մեջ որքան գենետիկական ձեւափոխված օրգանիզմներ կան եւ անգամ քանի հատիկ",- ասաց լաբորատորիայի մասնագետ Էլմիրա Հովհաննիսյանը:



Փորձարկումը լաբորատորիայում արժե 40 հազար դրամ, ինչը, համեմատած արտասահմանյան երկրների հետ, բավական մատչելի է: Քանի որ Հայաստանում չի գործում օրենքը, հիմնադրման օրվանից դեռ ոչ մի արտադրող չի դիմել լաբորատորիա՝ իր արտադրանքը ստուգելու համար: Բոլորը, չգիտես ինչու, շատ հանգիստ են ու համոզված, որ Հայաստանում ԳՁՕ-ի պարունակությամբ սնունդ չկա, բայց դրսից ներկրվող ապրանքների մեծ մասը պարունակում են գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ: Օրինակ՝ ներկրվող անասնակերը, բանջարեղենը, մրգերի տեսակներ: Ու քանի որ բնության մեջ ամեն ինչ փոխհամակցված է, ապա պարզ է դառնում, որ անասնակերը կարող է փոխել կաթի ու ստացվող կաթնամթերքի բաղադրությունը եւ այսպես շարունակ:



Չնայած որ սննդամթերքի անվտանգության բաժնի պետը պնդում էր, որ Հայաստանում չկա ԳՁՕ-ի պարունակությամբ սննդամթերք, բայց արդեն գործող լաբորատորիայում սեփական միջոցներով կատարել էին որոշ հետազոտություններ, եւ արդյունքները բոլորովին այլ բան էին ասում. "Մենք ունենք մեր հետազոտությունների արդյունքները, որը ցույց է տալիս խայտառակ պատկեր: Սպառողը ուտում է երշիկ, որի մեջ մի գրամ միս չկա: Դա ինչպե՞ս կարելի է բացատրել: ԳՁՕ պարունակում է հատկապես բանջարեղենը, մսամթերքի 90 տոկոսը՝ հատկապես նրբերշիկների տեսակները, որոնք պարունակում են սոյա, եգիպտացորեն, բուսական ծագում ունեցող գրեթե ամեն ինչ, պահածոները, որոշ խմիչքներ ու հյութեր:



Գոյություն ունի սոյայի 15 տեսակ, որոնցից միայն 4 տեսակի օգտագործումն է թույլատրելի սննդում, բայց մենք հայտնաբերել ենք նաեւ չթույլատրվող տեսակը սննդում",- ասաց Էլմիրա Հովհաննիսյանը: Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներով հարուստ սննդամթերքը շատ վատ հետեւանքներ է ունենում մարդու օրգանիզմի վրա: Այս ամենի հետեւանքը ի հայտ է գալիս ոչ միանգամից: Այդպիսի հավելումներով սննդամթերքը կարող է պատճառ դառնալ մի շարք հիվանդությունների՝ ալերգիա, չբերություն, իմունային համակարգի փոփոխություններ, ճարպակալում եւ այլ հիվանդություններ:



"Մենք չենք վախեցնում մարդկանց, այլ ասում ենք, որ պարզապես ստուգեն ու պահանջեն, որ սննդի մակնշման վրա լինի այդ գրառումը: Ինչպես նաեւ լինի վերահսկողություն համապատասխան մարմնի կողմից, որ ապրանքը փորձաքննություն անցնելուց հետո մակնշվի ու պարտադիր արվի ԳՁՕ-ի առկայության մասին գրառում",- ասում է մասնագետը: Չնայած Արթուր Վարժապետյանը չհավատաց, որ նման լաբորատորիա կա Հայաստանում, բայց ասաց. "Եթե իմանանք, որ նման լաբորատորիա կա, հավատարմագրված է, ու նման հետազոտություններ են անցկացվում, ապա դրանից հետո հսկողություն կսահմանվի, որպեսզի կատարվի օրենքի պահանջը":