Արժանի ենք, արդյոք, ազատ ու անկախ ապրելու

Արժանի ենք, արդյոք, ազատ ու անկախ ապրելու
Որեւէ մեկին թող չթվա, թե սա զուտ հռետորական հարց է: Հռետորական հարց չէ, քանզի վերաբերում է մի ողջ ժողովրդի ապագային, մի՝ թեկուզեւ փոքրիկ երկրի ու պետության հետագա գոյությանը: Իսկ ինչու ենք հենց այժմ խոսում այս մասին, կամ ինչու մինչ այս եւ նույնիսկ այս պահին մեր ժողովուրդը չի ցանկանում խոսել ազատ ու անկախ հայրենիքի մասին, սեփական արժանապատվության ու ինքնության, արժանապատիվ պետության ու ազգային հպարտության մասին: Կարծես  թե այս հասկացությունները հանձնվել են  պետական իշխանության ներկայացուցիչ-դեմագոգների տնօրինությանը, կարծես հայ ժողովրդին չեն վերաբերում:



Մեր ժողովուրդը կամավոր է հրաժարվել  այդ արժեքները տնօրինելուց, հետեւաբար այդպիսի "ծանր" իրավիճակում հայտնված մեր խեղճ "իշխանական-պետական այրերին" էլ ոչինչ չի մնացել, քան այդ արժեքները վերաարժեքավորել ու ներկայացնել հանրությանը: Հանրությանն էլ այլ բան չի մնում անել, քան սրբորեն հավատալ իշխանության ներկայացուցիչ-դեմագոգներին:   Միայն այսպես կարելի է բացատրել այն իներտ պահվածքը, որ հայ ժողովուրդն է դրսեւորում իր համար ճակատագրական այս պահին:  Միայն այս պարագայում հնարավոր կլիներ չհասկանալ ու չզգալ երկրի առջեւ ծառացած մարտահրավերները, սեփական երկրի ազատության ու անկախության կորստի իրական վտանգը:



Զարմանալի ու զավեշտալի կերպով մենք  ճակատագրական հարցադրումներ անում ենք այն ժամանակ, երբ ամեն ինչ արդեն շատ ուշ է լինում, սա ի՞նչ է, ինքնապահպանման բնազդի բացակայությո՞ւն:



Երբ 1915 թվականին ռուսների ցուցումով թուրքական բանակի հայ զինվորները հրաժարվում էին կռվել ռուսների դեմ, միթե չէին հասկանում, որ գնդակահարվելու են որպես դավաճաններ, երբ այդ նույն ժամանակ գրավելով հայաբնակ Արեւմտյան Հայաստանի հսկայական տարածքները՝ ռուսները հայ բնակչությանը մղում էին հակաթուրքական գործողությունների ու գաղթի, իսկ այնուհետեւ "կազմակերպելով" նահանջ, անպաշտպան հայ բնակչությանը թողնում թուրքական բանակի դեմ հանդիման: Միթե հայերը չէին հասկանում դրանից բխող վտանգները, հնարավոր կոտորածն ու բռնագաղթը:



Երբ 1918 թ. մայիսին հայ ժողովուրդը ձեռք բերեց պետականություն, միակ երկիրը, որն այդպես էլ չճանաչեց Հայաստանի անկախությունը եւ ամեն ջանք ու միջոց չխնայեց հայոց պետականությունը կործանելու համար եւ 1920 թ. դեկտեմբերին կարմիր թուրք-ադրբեջանցիների հետ, մորթելով հայ բնակչությանը, վերացրեց Հայաստանի առաջին հանրապետությունը, միթե հենց Ռուսաստանը չէր: Այդ ինչպես եղավ, որ հանկարծ սկսեցինք սիրել ու նվիրվել մեզ հոշոտած ու մեր անկախ տունը քանդած պետությանը, ինչպես Աստվածաշնչում է ասված` Կարմիր գազանին: Միթե վախն ու սարսափը ռուսի հանդեպ շատ ավելի էր հայ ժողովրդի մոտ, քան վախը թուրքի հանդեպ, այլ կերպ ինչպե՞ս բացատրել նման վերափոխումը: Ուղղակի սարսափելի է:



Բայց առաջին հանրապետությունը կորցրինք ոչ միայն ռուսի ու թուրքի, այլեւ հենց մեր պատճառով, քանզի անկախությունն ու ազատությունը այդպես էլ չդարձան արժեք ժողովրդի համար, իշխանություններն այն ժամանակ էլ էին սեփականաշնորհել այդ արժեքները: Իսկ ժողովրդի մեծամասնությունը բացարձակ անտարբեր էր դարձել այդ ամենի հանդեպ, քանզի անկախությունն ըստ էության ժողովրդին ոչ մի լավ բան չէր տվել: Իշխանություններն այն ժամանակ էլ հնարավորինս վարկաբեկեցին անկախության ու ազատության գաղափարները: Այն ժամանակ էլ իշխանություններն իրենց իշխանությունը պահպանելու համար ռուսներին հանձնեցին երկիրը, հաշվի չառնելով, սակայն, ռուսական շովինիզմի վայրենի ու արժեքազուրկ բնույթը:



Այժմ կամա թե ակամա ունենք Հայաստանի անկախ հանրապետություն, որտեղ ծիծաղելիորեն ամեն ինչ  կարծես կրկնվում է: Հայաստանի ներկայիս իշխանությունները երկրի ողջ ինքնիշխանությունն ու անվտանգությունը հանձնում են ռուսներին, իսկ ժողովրդի ճնշող մեծամասնությունը նույնիսկ ուրախ է այդ հանգամանքով: Մեզ կարող են մեղադրել գույները խտացնելու մեջ, սակայն ճշմարտությունն այն է, որ երբ սեփական երկրիդ անվտանգության համակարգը հանձնում ես մի այլ երկրի տնօրինությանը, միանշանակ կորցնում ես երկրիդ ինքնիշխանությունը: Ընդ որում՝ դեռ պարզ չէ, թե անվտանգության համակարգ ասելով ինչ է հասկացվում, միայն արտաքին անվտանգությո՞ւն, թե՞ իշխանությունների համար այն նաեւ ներքին անվտանգության խորհուրդ ունի: Եթե այդպես է, ուրեմն երկրի հասարակական-քաղաքական կյանքի վերահսկողությունը նույնպես անցնում է ռուսների վերահսկողությանը: Ուրեմն կեցցեն մեր իշխանությունները՝ գտնվել է սեփական իշխանությունը պահպանելու "լավագույն" տարբերակը: Սակայն եթե ժողովրդի մեծ մասը կարող է  չզգալ ու չհասկանալ պահի վտանգավորությունը, ներում չունեն այն քաղաքական ու պետական գործիչները, որոնք ամեն կերպ փորձում  են արդարացնել այս քաղաքական քայլը: Ինչ է, այս մարդիկ իրո՞ք զուրկ են ազգային ու պետական մտածողությունից ու արժանապատվությունից, միթե այս արժեքները նրանց համար լոկ խոսքեր են,  այդ դեպքում ինչպե՞ս են նրանք հայտնվել իշխանությունում: Իսկ ամենամեծ զավեշտն այն է, որ նժդեհյան գաղափարախոսություն որդեգրած իշխանությունները բոլորովին չեն հետեւում այդ գաղափարախոսությանը, իսկ անհրաժեշտ պահի էլ դեմագոգիկ կերպով հայտարարում են, թե Նժդեհի այն ժամանակվա ասածը չի կարելի նույնությամբ ընդունել այսօր՝ իրողություններն այլ են:



Իսկ իրողությունները, պարզվում է, բոլորովին էլ այլ չեն, ռուսները, ինչպես առաջ, ցանկանում են Հայաստանը դարձնել իրենց "ֆորպոստ-գաղութը", իսկ հայաստանյան իշխանություններն էլ սիրով ընդառաջում են նրանց: Իսկ սրա վերջը բոլորս էլ լավ գիտենք` պետականության կորուստն է:



Ի վերջո բոլորս մի բան պետք է շատ հստակ հասկանանք, որ երբ պատերազմ ծագի Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ, Ռուսաստանը երբեք մեր կողմից պատերազմի մեջ չի մտնի, քանզի նա նույնպիսի ռազմավարական գործընկեր է նաեւ Ադրբեջանի համար, բայց ադրբեջանցիներն այնքան խելք ունեցել են, որ իրենց անվտանգությունը չհանձնեն ռուսներին:



Ռուսները բարձրաձայն ու բացահայտ հայտարարում են, թե չեն ճանաչելու Ղարաբաղի անկախությունը, մենք դա ընդունում ենք որպես բարեկամի խոսք, ռուսները մեզանից ավելի մեծ չափերով զինում են Ադրբեջանին, նույնիսկ տրամադրում հակահրթիռային համակարգեր, նրանց արտգործնախարարն էլ ցինիկորեն հայտարարում է, թե դրանով ոչ մի բան չի փոխվում, եւ մեզ էլ ստիպում են հանձնել ազատագրված տարածքները, մենք էլի նետվում ենք ռուսի գիրկը: Մեզ վախեցնում են Թուրքիայով ու Ադրբեջանով, մեզ մղում ինքնիշխանության ու, հետեւաբար, անվտանգության կորստի, իսկ իրենք բարեկամություն են անում նրանց հետ եւ նրանց "խաթրին" մեզ ստորացնում:



Ամենայն հավանականությամբ, մեր իշխանությունների ու ռուսների կողմից մի սցենար է մշակվել ազատագրված տարածքների հանձնման կամ չհանձնման դեպքում իրադարձությունների հնարավոր զարգացումների հետ կապված: Ամեն դեպքում, ռուսական զորքը կհայտնվի Ղարաբաղում, եւ Ղարաբաղը փաստացի դուրս կմնա Հայաստանի վերահսկողությունից, վերածվելով լիակատար ռուսական տարածքի: Կարելի է կարծել, որ հենց այս նպատակի  համար են ինտենսիվ կառուցվում ռուսական եկեղեցիներ Ղարաբաղում ու Հայաստանում:



Էլ ուր մնաց մեր իշխանությունների ու մեր ժողովրդի արժանապատվությունը: Ուրեմն մենք իրոք արժանի չենք ազատ ու անկախ ապրելու:



Վազգեն ՄԽԻԹԱՐՅԱՆ