Բարձրացիր եւ բարձրացրու կամ մեջքից քաշքշվածը

Բարձրացիր եւ բարձրացրու կամ մեջքից քաշքշվածը
ՀՀ ոստիկանության ՊՊԾ ջոկատի հրամանատար Արկադի Բաղդասարյանը երեկ ներկայացավ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան ու հայտարարեց, որ անցած մայիսի 31-ին ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանն իրեն մեջքից քաշքշել է, երբ ինքը փորձել է բարձրացնել գետնին ընկած Դավիթ Քիրամիջյանին: Մյուս տուժողը եւ նրա քույրն ու հորաքրոջ աղջիկը, որ գործով վկա են, չէին ներկայացել  դատարան: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ գրություն է ստացել առ այն, որ նրանք բացակայում են հանրապետությունից, թեպետ այդ փաստը հաստատող ոչինչ չկար: Երեկ եկել էին վկայություն տալու երեք բացահայտ ու մեկ ծպտված ոստիկաններ՝  Արսեն Գրիգորյանը, Արզուման Սոֆանյանը եւ Ռուբեն Այվազյանը:



Մինչ կանդրադառնանք նրանց "վկայությանը", հիշեցնենք, որ մայիսի 31-ին ՀԱԿ ակտիվիստների մի խումբ  փորձել էր մտնել Ազատության հրապարակ ու վերոնշյալ "քաշքշվածի" ջոկատի կողմից ենթարկվել դաժան ծեծի: Այդ օրը ոստիկանները բերման ենթարկեցին 16 հոգու, այդ թվում՝ երեք լրագրողի եւ ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանին: Հիշեցնենք նաեւ, որ լրագրողներից մեկին՝ Անի Գեւորգյանին, կալանքի տակ պահեցին մի քանի օր ու ինչպես նրա, այնպես էլ եղբոր՝ Սարգիս Գեւորգյանի ու Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ հարուցեցին  քրեական գործեր: Գործերով որպես տուժող է անցնում վերոնշյալ ոստիկանն ու ոմն Վարազդատ Թադեւոսյան, որը թեպետ օրգանի աշխատող է, բայց նույնիսկ որպես քաղաքացի չի ներկայացվում:



Տեղեկացնենք, որ "տուժածը" հաղթանդամ, հարյուր կիլոգրամ ու ավելի քաշ ունեցող  արարած է, նրան "քաշքշած" "ամբաստանյալը"՝ փոքրամարմին մի պատանյակ: Տղայի ընկերը՝ Դավիթ Քիրամիջյանը, ինչպես ըստ գործի նյութերի նկարագրության, այնպես էլ "տուժողի" նախաքննական ու դատարանում տված ցուցմունքի, իրականում այդ օրը տուժել է, որովհետեւ ընկած է եղել գետնին, գործով անցնող վկա Վարազդատ Թադեւոսյանի տակ, բայց նախաքննական մարմինը "գտել է", որ նրան է պետք դատել՝ ՀՀ քրօր.-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն), իսկ Սարգիսին, որ փորձել է պաշտպանել ոտնատակ ընկած ընկերոջն ու իբր մեջքից քաշքշել թիկնեղ արարածին եւ պոկել նրա ուսադիրներից մեկը՝  316-ի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):



Կրկին հիշեցնենք, որ դեպքի օրը Դավիթ Քիրամիջյանի մայրը, որդուն տանելուց հետո, մնացել էր նրա պատառոտված, արյունոտ վերնաշապիկը ձեռքին: Երիտասարդների նկատմամբ հարուցված գործի մեղադրական եզրակացությունը նախատիպերի օրինակով "փայլում" է իրավական տգիտությամբ ու հագեցած է անհեթեթություններով: Զորօրինակ՝ ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում տված վերոնշյալ անձանց ցուցմունքներով,  ոչ ոք չի տեսել, թե Սարգիս Գեւորգյանն ինչպես է քաշքշել ու հատկապես պոկել համազգեստով արարածի ուսադիրը:



Ինքը՝ "տուժածը", շրջվել է ու տեսել, որ իր թիկունքում կանգնած է Սարգիսը, ու ենթադրել, որ հենց նա է պոկել: Վկաներն էլ, հարմարվելով նախաքննական մարմնի ստեղծագործող մտքի ընթացքին, նույնպես "տեսել են", որ արարածի թիկունքում կանգնած է եղել Սարգիսը, ու մի մասը ենթադրել է, որ նա է պոկել, մի մասին էլ արարածն է ասել, որ նա է պոկել: Բայց բոլորը միաբերան ասում են, որ արարածը գտնվել է բազմության մեջ, ու այդ իրավիճակում դժվար է ասել, թե ով է եղել կանգնած ոստիկանի թիկունքում, հատկապես, որ թիկունքն էլ զգեստապահարանի լայնություն ունի ու հանգիստ կարող է տեղավորել մեկ չէ, մի գումարտակ: Ավելին, գործով անցնող "վկաներից" ոմանք էլ արարածի ուսադիրի մասին ընդհանրապես չեն հիշատակում, այլ խոսում են մյուս տուժողի ակնոցի մասին, որ "դրված է եղել գլխին" ու՝ կրկին մեկի ցուցմունքով, ընկած է եղել գետնին, մյուսի ցուցմունքով՝ մի աղջիկ է գցել գետնին (ըստ Անի Գեւորգյանի նկատմամբ հարուցված գործի՝ Անին):



Ինչ վերաբերում է Դավիթ Քիրամիջյանին, ապա "տուժած" Արկադիկն ինքն է գրել, որ Քիրամիջյանը փորձել է դուրս պրծնել իր ձեռքերից եւ "սկսել է քաշքշվել": Երեկ տեղի ունեցած դատաքննության ընթացքում, համենայնդեպս, այդպես էլ չպարզվեց, թե ով է քաշքշվածը կամ ինքնաքաշքշվածը: Միայն մի բան է պարզ՝ հաստավիզ, կերկոխ, ինկուբատորում աճեցրածների տպավորություն թողնող ոստիկանական համազգեստով արարածները՝ որպես ստորադաս, կատարում են Ազատության հրապարակ մտնելու մտադրությամբ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց ոտնատակ տալու եւ դատարաններում նրանցից տուժածի դեր խաղալու հրաման, որն ի դեպ՝ կատարում են ֆիլմերի "մասովկաներում" էժան գներով գլխաքանակ ապահովողի ժրաջանությամբ: Դատաքննությունը շարունակվում է, եւ հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 9-ին: