Վեհափառը շնորհավորական ուղերձ է հղել

Վեհափառը շնորհավորական ուղերձ է հղել
Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից շնորհավորական ուղերձ է հղել մանկավարժներին, ուսանողներին և աշակերտներին: Հայրապետական շնորհավորագրում մասնավորապես ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում համայն մեր ժողովրդին Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով և շնորհավորում մանկավարժներին, ուսանողներին ու աշակերտներին ուսումնական տարվա վերաբացման կապակցությամբ:



Սիրելիներ, ջանադիր աշխատանքի, գիտելիքների ամբարման նոր տարեշրջան է բացվում ձեզ համար, որը պիտի ծառայեցնեք հարստացնելու ձեր  իմացությունն ու կարողությունները, կրթվելու ազգային հոգևոր արժեքներով, որոնք գիտելիքների հետ մատուցվում են ձեզ նվիրյալ մանկավարժների կողմից:



Այսօր շարունակ զարգացող աշխարհի մեջ առավել ևս կարևորվում են գիտելիքն ու կրթությունը, որ բոլոր ժամանակներում եղել են լույս մտքի և հոգու ու պայման մարդկային կյանքի առաջընթացի և զորացման: Ուսման մեջ ձեր ձեռքբերումներն այսօր պիտի ծառայեն մեր Հայրենիքի շենացմանը, համայն մեր ժողովրդի բարօրությանը: Ուսանեք սիրով, և Աստված ձեր ջանադրության համար առավել պիտի շնորհազարդի և օրհնի  ձեր կյանքի ուղին:



Մաղթում ենք, որ Աստծո օրհնությամբ հաջողություններով առատ լինի նոր ուսումնական տարին, և ձեռքբերումներով զարդարվեն սիրեցյալ մեր զավակների ուսումնառությունն ու մանկավարժների գնահատարժան ծառայությունն ազգային մեր կյանքում»: