Արցախցիները պատրաստվում են նոր ուսումնականին ու անկախության տոնին

Արցախցիները պատրաստվում են նոր ուսումնականին ու անկախության տոնին
Արցախում նախապատրաստվում են նոր ուսումնականին ու ԼՂՀ անկախության տոնին։ Դպրոցական պիտույքներ վաճառող Ստեփանակերտի մեծ ու փոքր խանութները եռուզեռի մեջ են։ Դպրոցահասակ երեխատեր ծնողները վերջին գնումներն են կատարում սեպտեմբերի 1-ից առաջ։ Որոշ խանութատերեր ուսումնական համակարգի հետ մոտ ու հեռու առնչություն ունեցող իրենց ողջ ապրանքները տեղավորել են սեփական խանութների դիմացի մայթերին հատուկ տեղադրված սեղանիկների երկար շղթայի վրա՝ դրանով "էստի համեցեք" անելով անցորդներին։



Մի քանի հաճախորդներից փորձեցի պարզել, թե ինչպիսի տրամադրությամբ են դիմավորում նոր ուսումնականը։ Աննա անունով ջահել մի կին ասաց, որ ավագ որդին 4-րդ դասարան պիտի հաճախի, իսկ փոքրը՝ 2-րդ։ "Որ հիշում եմ, թե երեխաների հետ ինչպիսի գլխացավանքներ պիտի կրենք էդ ուսումնական ձեռնարկներ կոչվածի ձեռին, ճնշումս բարձրանում ա,- ասաց նա։- Խե՜ղճ էս երեխաներ, որ 12 տարի պիտի ժամանակ մաշեն, մի 4-5 տարի էլ բարձրագույնում սովորեն, դիպլոմ ստանան ու վերեւներում ծանոթ-բան չունենալու պատճառով անգործ մնան..."։ Սիրան տատիկը նախկինում ուսուցչուհի է աշխատել եւ բերկրանքով է հիշում այն երանելի տարիները, երբ ուսումը հարգի էր ու որակով։ "Ութերորդ թոռս առաջին դասարանում պիտի սովորի... Բայց հիմա ի՞նչ ուսում, ո՞վ է հարգում ուսումնառուին, կյանքի, աշխարհի տերը հիմա նախկին միջակ ու թույլ աշակերտներն են, որ այժմ փողատեր ու մե՜ծ-մեծ պաշտոնների տեր են դարձել",- ասաց նա։ Կարինեն չի կարողանում ուրախությունը թաքցնել, որ իր ավագ դուստրն արդեն դպրոցահասակ է։ "Ուրախ եմ երեխայիս դպրոց գնալու համար, բայց որ հիշում եմ, թե 12 տարի շարունակ պիտի նստի դպրոցական նստարանին, մարմինս փշաքաղվում ա,- ասաց նա։- Մի մտահոգություն էլ կա՝ այսօր դպրոցներում աշխատում են ուսուցչուհիներ, որոնք ժամանակին դպրոցում սովորելիս այնքան էլ աչքի չէին ընկնում իրենց ընդունակություններով... Չէ՜, կյանքը շատ ա դժվարացել"։



Երկրի իշխանությունները, շոու կազմակերպող որոշ նախարարություններ մի այլ տոնի են պատրաստվում՝ սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության տոնին։ Ստեփանակերտի կենտրոնում, Շահումյանի անվան փոքրիկ կլոր պուրակում մոտ կես տարի է՝ թափով վերանորոգման աշխատանքներ են գնում։ Նոր ջրավազան են կառուցել (ասում են, թե այն "երգող շատրվան" է), Շահումյանի արձանի նախկին գրությունը քերել-մաքրել են ու ոսկեզօծ տառերով գրել՝ "Շահումյան"։ Ասում են, թե երկրի նախագահը հատուկ հրահանգել է՝ եթե անկախության տոնին պուրակը լրիվ պատրաստ չլինի... Բայց հաստատ պատրաստ կլինի, որովհետեւ լարվածությամբ աշխատում են։ Անգամ հրշեջ ու ջրցան մեքենաներ են բերել, մաքրում-լվանում են պուրակի սալահատակը...



Այս տոնի կապակցությամբ եւս փորձեցի լսել մի քանի ղարաբաղցու կարծիք։ 24-25 տարեկան Վարուժանի ասելով, անկախության տոնը մի անգամ եւս հնարավորություն կտա ուրախանալու, Երեւանից եկած երգիչներին լսելու։ "Մեզ մոտ այնքան քիչ են մասսայական միջոցառումներ լինում, որ այն տոն օրերը, որ պետական մակարդակով նշում են, համերգ-բան կազմակերպում, իսկապես ուրախալի է, բարձրացնում է մեր երիտասարդների տրամադրությունը",- ասաց նա։



Ալբերտ անունով մի ստեփանակերտցի ասաց, թե ինքը միայն Նոր տարին է տոն համարում եւ ծննդյան տարեդարձները, հատկապես թոռների ծննդյան օրերը։ "Էդ մնացած բաները՝ անկախության, հաղթանակի ու մյուս տոները... հա, բացի նաեւ մարտի 8-ից, որ մեր կանայք ու աղջիկները ուրախանում են, մնացածը դատարկ բաներ են, մարդկանց աչքերին թոզ փչել են,- ասաց նա ու շարունակեց։- Էս անկախությունը պաշտոնյաների, իշխանությունների տոնն է։ Նրանք էդ անկախության շնորհիվ են պաշտոնատեր դարձել... Թող նրանք էլ ուրախանան։ Ի՞նչ տարբերություն, թո՞ւրքն է մեզ թալանում, թե՞ մեր հայ կոչվածը..."։



Լյուդան, որ մանկավարժ է աշխատում, գտնում է, որ տոնը մարդու սրտում պիտի լինի։ "Էս կեղծ շոուները, էժան-մեժան համերգները, որով իբր թե տոնական տրամադրություն ենք ստեղծում, իրականում ոչ մի կապ չունեն մեր համընդհանուր տրամադրության ու զգացումների հետ,- ասաց զրուցակցուհիս։- Ի՞նչ տոն, երբ ծնողների մի մասը ստիպված է կրտսեր զավակին դպրոց ուղարկել ավագ որդու նախկին հագուստներով: Ի՞նչ անկախություն, երբ երկրում աղքատություն է, մուրացկաններ կան, երբ պատերազմում զավակ կորցրած ծնողն այսօր երթուղայինի փող չունի, իսկ շատ ոչնչություններ այսօր ջիպով-մերսեդեսով են թրեւում... Դա հենց դրանց ու նրանց հովանավորների տոնն է..."։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ