Նախարարաներն "ասպատակում են" դպրոցները

Նախարարաներն "ասպատակում են" դպրոցները
Երեւանի  ու մերձակա մարզերի որոշ դպրոցներում այսօր լուրջ իրարանցում էր, պատճառը միայն սեպտեմբերմեկյան անցուդարձը չէր, դպրոցներ էին այցելելու նաեւ նախարարներ:  Սեպտեմբերի մեկը պաշտոնական դարձնելու ունիկալ գաղափարի հեղինակը Տիգրան Սարգսյանն է, իսկ արարողության խորհուրդը մինչ օրս առեղծվածային է: Ասենք ի՞նչն է փոխվելու դպրոցում, երբ ամենատարբեր կրիմինալ եւ կասկածելի անցյալ ունեցող չինովնիկներն այդ օրը արհեստական բարեկիրթ պահվածքով ու ժպիտներով մի կես ժամ անցկացնեն դպրոցում: Ինչպես կասեր վարչապետը, խաթարված բարոյահոգեբանական մթնոլո՞րտն է շտկվելու, գիտության հանդեպ վերաբերմո՞ւնքը, թե՞ իրենց ներկայությամբ ներշնչելու են անմնացորդ նվիրում կրթության հանդեպ:



Եթե հոգեւորականներին ընդգրկեին այցելության շրջանակում, գուցե ինչ-որ տեղ օգտակար կլիներ, գոնե մանկավարժներն ու դպրոցի սաները կստանային Բարձրյալի սպասավորների օրհնությունը, թե չէ՝ բնապահպանության, քաղաքաշինության, էկոնոմիկայի, ֆինանսների, սփյուռքի, մշակույթի, առավել եւս վարչապետի ու կրթության նախարարի ողջույններից ի՞նչ օգուտ են քաղելու: Ընդամենը դպրոցներում ու նրանց մերձակա փողոցներում ավելորդ լարվածություն ու անհանգստություն է ստեղծվում: Քաղքենի տնօրենները պաշտոնյաներին "հավուր պատշաճի" ընդունելու համար մանկավարժներին աջ ու ձախ են վազեցնում, դպրոցի հավաքարարներին մի քանի օր առաջ լծում հատակն ու պատերը պլպլացնելու գործին, աշակերտներին էլ՝ ինչպես պիոներների, նույնանման հագցնում ու շարում դպրոցի մուտքի մոտ` ռոբոտի նման կրկնել տալով հերթապահ բառեր:



Եվ այսպես՝ լուրջ իրադարձություն էր  թիվ 29 դպրոցի տնօրինության ու կոլեկտիվի համար. նրանց հյուրերն էին վարչապետն ու վերադասը` ԿԳ նախարարը: Դպրոցն այսօր անվանակոչվել է Անդրանիկ Մարգարյանի անունով: Ոչ պակաս իրադարձություն էր Չեխովի դպրոցում, այստեղ հայոց մարտունակ բանակի գովքն են երգել: Սեյրան Օհանյանի  եւ զինվորական բարձրաստիճանների մասնակցությամբ "բեմադրվել են" արիության դասեր: Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ինչպես անցած տարի, մեկնել է մարզ` կարմիր ժապավեն կտրելու` լինելով Հրազդանի եւ Դիլիջանի դպրոցներում: Դիլիջանում շահագործման է հանձնելու նորակառույց մարզադահլիճը:



Գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը  նպատակահարմար է գտել իր գերատեսչության ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատություն այցելել՝ Նոր Գեղիի գյուղատնտեսական քոլեջ: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը որոշել է վերապրել իր դպրոցական կյանքը: Կիրովի անվան դպրոցում սեպտեմբերմեկյան զանգը հնչել է "պատվավոր" շրջանավարտի այցելությունից հետո: Վերջինիս օրինակին է հետեւել բնապահպանության նախարարը: Արամ Հարությունյանին անհամբեր սպասել են Կոտայքի մարզի Եղվարդի թիվ 1 դպրոցում:



Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն այցելել է թիվ 172 դպրոց: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ներկայությունը ոչ մեկը "բախտ չունեցավ" վայելելու, քանի որ նա արձակուրդից վերադառնալու է սեպտեմբերի 2-ին: Դպրոցների ընտրությունը, պարզվում է, շատ լուրջ բան է. որոշ նախարարություններում մինչեւ նախորդ երեկո չէին կողմնորոշվել որ ուղղությամբ են շարժվելու:



ՀԳ - Թեեւ այս արարողությունը մի մեծ բան չէ, սակայն նախարարների մոտ լուրջ դժգոհություն է առաջացրել, ոմանք այս ու այնտեղ տրտնջացել են, թե՝ "տեսնես ինչ է գտել այս թատրոնի մեջ" Տիգրան Սարգսյանը: