Բողոքի ակցիան անցավ առանց ոստիկանների

Բողոքի ակցիան անցավ առանց ոստիկանների
"Եվրոպական բանկ-ՎՏԲ՝ հանցավոր համագործակցություն", "Փրկենք Թեղուտը" եւ այլ գրառումներով պաստառներով երեկ Թեղուտի պաշտպանության խմբի երիտասարդ ակտիվիստները հավաքվել էին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) երեւանյան գրասենյակի դիմաց ("Ցիտադել" բիզնես կենտրոնի շենք)՝ բողոքի խաղաղ ակցիայի, ի պաշտպանություն Թեղուտի անտառների: Ակցիայի նպատակն էր հորդորել ՎԶԵԲ-ին հստակ դիրքորոշում արտահայտել իր գործընկեր ռուսական ՎՏԲ բանկի կողմից ֆինանսավորվող Թեղուտի հանքավայրի շահագործման աղետաբեր ծրագրի նկատմամբ:





Բանն այն է, որ 2009-ի հունվարին կնքված պայմանագրի համաձայն՝ Եվրոպական բանկը 10 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել ՎՏԲ-ին Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման նպատակով:  Իսկ ՎՏԲ բանկն այդ գումարից 250 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրելու "Էյ Սի Փի" ընկերությանը` Թեղուտում 12 տարով պղնձամոլիբդենային հանքավայր շահագործելու նպատակով: Բնապահպանները մտահոգված են, որ պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման արդյունքում Լոռու մարզում բուսական ու կենդանական աշխարհին ոչնչացում կսպառնա: Հանքի շահագործման համար նախատեսված է 1.491 հա հողատարածք, որի 82 տոկոսն անտառածածկ է: Ծրագիրը նախատեսում է 357 հա անտառահատում: "Մենք գիտենք, որ Եվրոպական բանկը բնապահպանական հսկայական մանդատ ունի ու պարտավորություններ Հայաստանում կատարվող ծրագրերի նկատմամբ եւ այս քայլը մենք դիտարկում ենք որպես ոչ անմիջական հանցավոր աջակցություն Թեղուտի նախագծին, այսինքն նրանք ոչ անմիջականորեն մասնակցում են անտառահատումներին",-մեզ հետ զրույցում ասաց բնապահպան ակտիվիստ Հրայր Սավզյանը: Իսկ Մարիամ Սուխուդյանի խոսքով՝ "Մենք նախազգուշացնում ենք այս ակցիայով` եթե Եվրոպական բանկը չվերանայի իր դիրքորոշումը, մեր բողոքների հասցեատերը, որ հիմա ՎՏԲ-ն է, ապագայում կլինի նաեւ այս բանկը:

Շատ ակտիվիստներ կան, որ մտահոգված են այս խնդրով, եւ հնարավոր է, որ Եվրոպայում իրենց բանկերի առջեւ սկսվեն բողոքի ցույցեր": ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգինը, ի տարբերություն ՎՏԲ ղեկավարության, պատրաստակամություն էր հայտնել ընդունել բնապահպան ակտիվիստներին: Նրանք իրենց մտահոգությունները նամակի տեսքով հանձնեցին բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգինին:  Նա ակցիայի մասնակիցներին խոստացել է նամակը փոխանցել Լոնդոն՝ բանկի կենտրոնական գրասենյակ, որտեղ հարցն ուսումնասիրելուց հետո կքննարկվի: Վալերիու Ռազլոգինը հստակ ժամկետներ չի նշել: Հավելենք, որ ծրագրի օրինականության հարցը վիճարկվում է ՀՀ դատարանում եւ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեում: Ծրագրով նախատեսված գումարի մի մասը ՎՏԲ-ն արդեն փոխանցել է "Էյ Սի Փի" ընկերությանը, գումարի մեծ մասը նախատեսվում է փոխանցել սեպտեմբերին: ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավարությունը խոստացել է հարցը քննարկելիս այս ամենը նկատի ունենալ:



ՀԳ - Ի դեպ, հաճելիորեն զարմացանք, որ բողոքի խաղաղ ցույցն իսկապես խաղաղ անցավ: "Ցիտադել" բիզնես կենտրոնի շենքն ու հարակից տարածքը նախապես պաշարված չէր ոստիկանների կողմից: Խաղաղ ակցիայի մասնակիցները չքաշքշվեցին ու բռնության չենթարկվեցին: Նրանց պատրաստած պաստառներն էլ չպատռվեցին, ինչպես դա տեղի էր ունեցել հուլիսի 28-ին ՎՏԲ-ի կենտրոնական գրասենյակի առջեւ անցկացված խաղաղ ցույցի ժամանակ:  Ինչպես պլանավորել էին երիտասարդ ակտիվիստները, նրանք մոտ մեկ-երկու ժամ հանգիստ նստեցին բիզնես կենտրոնի աստիճաններին, նամակը հանձնեցին հասցեատիրոջը, եւ բողոքի ակցիան ավարտվեց առանց ցնցումների: