Ինչպե՞ս կարելի է ապրել նման պայմաններում

Ինչպե՞ս կարելի է ապրել նման պայմաններում
Սեպտեմբերի 15-ին պաշտոնապես բացվեց Լոռու մարզի Արծնի գյուղի դպրոցը, որը հիմնանորոգվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից՝ Հնդկաստանի կառավարության ֆինանսավորմամբ: Շուրջ 80 մլն ՀՀ դրամ արժողությամբ ծրագրի ավարտի արարողությանը ներկա էին Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոթրայը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը:



Հիմնանորոգվել է 1962 թվականին կառուցված երկհարկանի դպրոցի աջակողմյան մասնաշենքը, վերահատակագծված մասնաշենքում փոխվել են տանիքը, մանրահատակը, դուռ-լուսամուտները, կառուցվել է կաթսայատուն: Սահմանամերձ Արծնի համայնքի դպրոցում այսօր սովորում է 49 աշակերտ՝ նախկին 300-ի փոխարեն: Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի կարծիքով՝ գյուղն առանց դպրոցի հեռանկար չունի, այս տեսակետից, ըստ մարզպետի, առավել կարեւոր է սահմանամերձ գյուղերի դպրոցների հանդեպ հոգածությունը, նաեւ՝ «եթե կան հարմարավետ պայմաններ, ապա բնակչությունը կմնա գյուղում, ու նաեւ երեխաների թիվն աստիճանաբար կավելանա»: Մարզպետի խոսքով՝ համայնքում իրականացվում են մի շարք ծրագրեր, որը բերում է ազգաբնակչությանը գյուղում պահելուն:



Արամ Քոչարյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին ու բարի երթ մաղթեց աշակերտներին: Փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը նախարարության անունից շնորհակալություն հայտնեց Հնդկաստանի կառավարությանը եւ համահայկական հիմնադրամին: «Հնդկաստանի կառավարությունը պատրաստակամություն հայտնեց վերականգնել սահմանամերձ բնակավայրի մի դպրոց: Հարց է առաջանում՝ իսկ ինչի՞ դպրոց, որովհետեւ դպրոցը գյուղի ապագան է, չկա դպրոց՝ չկա ապագա»: Իսկ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոթրայը, կարեւորելով բարեկամ երկրներին օգնելու հանգամանքը, նշեց. «Երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամն այդ առաջարկով եկավ մեզ մոտ, մենք նայեցինք եւ հասկացանք, որ այսքան հեռու վայրում գտնվող դպրոցն արժանի է ուշադրության, եւ անմիջապես համաձայնեցինք:



Երեւանում կբացվի տեղեկատվական տեխնոլոգիաների գերազանցության կենտրոն, որում եւս Հնդկաստանը մեծ ներդրում ունի, որն էլ եկող տարվա գարնանը կբացվի»: Գյուղում բացի դպրոցի վերանորոգումից, «Հայաստան» համահայկական հիմնադրամն ավարտին է հասցրել գյուղի համայնքային կենտրոնի շենքի կառուցումը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն ասաց. «Երբ ինձ քարտեզի վրա ցույց տվեցին, թե որտեղ է այդ գյուղը, ես զարմացա, թե ինչպես կարելի է ապրել նման պայմաններում, եւ քանի որ ձեր գյուղը բազում խնդիրներ ուներ, որոշեցինք գոնե լուծել դպրոցի խնդիրը, քանի որ դպրոցն է, որ պահում է գյուղացուն գյուղում»: Ապա խոստացավ դպրոց ուղարկել նաեւ 5 համակարգիչ:



Էդվարդ ԱՐԶՈւՄԱՆՅԱՆ