Իրականում ոչ 11 էր, ոչ 116, այլ` 300

Իրականում ոչ 11 էր, ոչ 116, այլ` 300
Սեպտեմբերի 9-ին անտառային պետական մոնիտորինգի խումբը՝ լրագրողների, բնապահպանների հետ համատեղ ուսումնասիրություններ անցկացրեց Գուգարքի անտառտնտեսության Վահագնիի եւ Եղեգնուտի անտառպետություններում, որի մասին մենք օպերատիվ տեղեկացրել էինք: Մոնիտորինգի ընթացքում Գուգարքի անտառպետության տարածքում ուսումնասիրությունները կատարվել են «Լոռի» հանգստյան տանը հարող անտառային տարածքներում` հանգստյան տնից մոտ 3 կմ հեռավորության վրա: Ուսումնասիրությունների եւ դիտարկումների ժամանակ արձանագրվել են ապօրինի հատված ծառերի 88 հատ կոճղեր (փայտանյութը տեղափոխված էր), որից 57 հատը՝ հաճարենի, 25-ը՝ բոխի, 5-ը՝ տանձենի եւ 1-ը՝ ընկուզենի:



Շարունակելով դիտարկումները, «Սիսի-բերդ» անունը կրող հանդամասում հայտնաբերվել եւ արձանագրվել են ապօրինի հատված եւս 28 ծառի կոճղեր` բոլորը հաճարենի տեսակի: Սա այն դեպքում, երբ Գուգարքի անտառտնտեսության պետի վստահեցմամբ՝ հայտնաբերվել էին 11 հատված ծառեր: Ժամանակի սղության եւ համապատասխան ռեսուրսներ չունենալու պատճառով հնարավոր չէր հաշվել բոլոր ծառերը: Ի վերջո, մեզ տրամադրեցին հատված 116 ծառի թիվ: Սակայն այս ամենը եւս կասկածելի էր թե մեր եւ թե Թեղուտի պաշտպանության ակտիվիստների համար, քանի որ անտառահատումները մասշտաբային էին, եւ եթե 2 ժամում հայտնաբերվել էր 116 ծառ, ողջ անտառը շրջելու դեպքում դրանք կավելանային: Պարզվեց, մեր կասկածները ճիշտ էին:



Օգոստոսի 14-ին մեզ զանգահարեց անտառային պետական մոնիտորինգի տնօրեն Աշոտ Փափազյանը, որը պատմեց, թե իրականում քանի ծառ է հայտնաբերվել եւ մինչ այսօր ինչու չէին հրապարակվում. «Իրականում հայտնաբերվել է 300 ծառ, զեկուցվել է ղեկավարությանը, գործն ուղարկվել է եւ բնապահպանական տեսչություն, եւ դատախազություն»:  Նրա տեղեկացմամբ, նույն օրը դիտարկում է իրականացվել նաեւ Վահագնիի անտառպետության տարածքում, ուսումնասիրություններն ընդգրկել են «Զամառլու» կոչվող կամրջից դեպի ձախ տանող ճանապարհով մինչեւ 9-10 կմ հեռավորության վրա գտնվող անտառային տարածքներ:



Ուսումնասիրությունների եւ դիտարկումների արդյունքում, ըստ Աշոտ Փափազյանի, արձանագրվել են «184 հատ ապօրինի հատումներ, որից 50 հատ հաճարենի, 82 հատ բոխի, 34 հատ հացի, 7 հատ կաղնի, 2 հատ բալենի, 5 հատ թխկի եւ 4 հատ լորենի»: Մոնիտորինգի ղեկավարը գտնում է, որ այստեղ որքան մեղավոր է անտառապահը, նույնքան էլ՝ մարզային իշխանությունները, «սա անտառապահի խնդիր չէ, այլ մարզային իշխանությունների»: Վերջում նաեւ ավելացրեց, որ բնապահպանության նախարարի հրամանով գործն ուղարկվել է դատախազություն:



ՀԳ - Այս տարածքում ապօրինի ծառահատումներ միշտ են կատարվել: Նախ, որ Լոռիում ծառով տուն պահելը ավանդական բիզնեսի տեսակ է, ու նաեւ այն պատճառով, որ անտառապետեր գտնելը բարդ է. նրանք կարճ ժամանակ աշխատում են, ապա կամ աշխատանքից ազատվում, կամ դատվում: Եվ դրա պատճառը հիմնականում ցածր աշխատավարձն է ու իրենց տնօրինության տակ եղած  տարածքների մեծությունը:



Էդվարդ ԱՐԶՈւՄԱՆՅԱՆ