Հաղթահարված շեմեր կամ մեր պատվիրակների դորդուբեշը

Հաղթահարված շեմեր կամ մեր պատվիրակների դորդուբեշը
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Ստրասբուրգից տուն է դարձել: Երեկ նրանցից՝ Նաիրա Զոհրաբյանը եւ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը լրագրողներին ներկայացրին իրենց այցի արդյունքները: Դավիթ Հարությունյանը նախ նշեց, որ այս նստաշրջանի օրակարգը Հայաստանի հետ հեռավոր աղերսներ անգամ չուներ, իսկ ահա Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը կայացել է նոր ֆորմատով ու քննարկել է Հայաստանին վերաբերող մի շարք հարցեր: Այս նիստին մասնակցելու հնարավորություն են ստացել «քաղաքական դաշտի ողջ սպեկտրը», ինչպես նաեւ արտախորհրդարանական ուժերի, իմա՝ ՀԱԿ-ի ներկայացուցիչը:



Քանի որ Մոնիտորինգի հանձնաժողովի փորձագետների խումբը մասնակցել էր Հայաստանում քաղբանտարկյալների դատավարություններին ու ներկայացրել հաշվետվություն մի շարք առաջարկություններով, Դավիթ Հարությունյանը նշեց, որ դրանց մի մասը հնարավոր է կատարել առանց քրեական օրենսգրքում  արմատական փոփոխություններ իրականացնելու, իսկ ահա մյուս մասը պահանջում է արմատական փոփոխություններ: Մերոնց էլ առիթ է պետք աշխատանքային խմբեր ստեղծելու ու այդ խմբերում ներդրված իրենց մարդկանց համար «կողմնակի եկամուտ» հայթայթելու համար: Այդպես էլ  արել են:



Առաջինը նախապատրաստել է քրեական օրենսգրքի նոր նախագիծ: Այդ խմբի աշխատանքները կավարտվեն մեր հասարակության ողբերգության սիմվոլը հանդիսացող ամսվա սկզբին՝ գալիք տարվա մարտի 1-ին: Իսկ Դավիթ Հարությունյանն իր զեկույցով հաղթահարել է երկրի ու ժողովրդի համար կարեւոր մի քանի շեմեր: Նախ տեղեկացրել է, որ մեր երկրում սպասվում է ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխություն ու որ նախագիծն արդեն պատրաստ է: Բայց չի ներկայացվի ԱԺ-ին, մինչեւ այն չքննարկեն արտախորհրդարանական ուժերը:



Սակայն շեշտեց, որ կընդունվեն ոչ բոլոր առաջարկությունները: Ասել է նաեւ, որ ընտրական օրենսգիրքը չի փոխվի ոչ ուշ, քան ընտրություններից մեկ տարի առաջ: Սա, ըստ էության, մեզ համար առանձնակի նորություն չի կարող լինել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի իշխող քաղաքական ուժերը արդեն սկսել են նախընտրական արշավը ու այդ համատեքստում էլ պիտի օրենքը նույնպես հարմարեցնեն իրենց: Հայկական պատվիրակության ղեկավարն իր ճարտասանության ոճով մոնիտորինգի նիստի մասնակիցներին հավաստիացրել է, որ Հայաստանում իրականացվում են ռեֆորմներ ոստիկանական համակարգում, որ իրականացվել են 192 միջոցառումներ ու ստացել 67 շոշափելի արդյունք:



Քննարկել են նաեւ դատաքննության իրավունքի վերաբերյալ հարցեր ու կրկին Դավիթ Հարությունյանը մեր երկրի դատական համակարգի նկարագիրը ներկայացրել է վառ ու հեռանկարային: Նա, անշուշտ, անդրադարձել է մեր երկրում  հավաքների ազատությանը ու գործի գցելով տեղական նշանակության գեղացու շուստրիությունը, փորձել է թվերով շշկռցնել եւրոպացիներին: «Տարեսկզբից 15 երթի հայտ է եղել, բոլորն էլ ընդունվել են ի գիտություն: Սակայն փաստացի տեղի է ունեցել միայն 9-ը: Եղել է հավաք կազմակերպելու 13 դիմում, որոնցից 1-ը մերժվել է, 2-ը թույլատրվել է անփոփոխ, իսկ 10-ի վերաբերյալ առաջարկվել է այլ վայր»,-զեկուցել է Դավիթ Հարությունյանը:



Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի մասնակիցները մտահոգություն են հայտնել «Ռադիոյի եւ հեռուստատեսության մասին» օրենքի եւ առաջիկայում սպասվող մրցույթների մասին: «Ամենակարեւոր մտահոգությունը, որ առկա էր. արդյո՞ք հանձնաժողովի  որոշումը հիմնավորված է լինելու, թե՞ ոչ: Մեր պատասխանը հետեւյալն էր՝ այո, այն լինելու է հիմնավորված»,-հայտարարել է Դավիթ Հարությունյանը ու պարզաբանել, որ իր պատասխանը հիմնավորված է երկու կարեւոր փաստաթղթերով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման եւ կոնվենցիայի 10-րդ հոդվածով:



Հիշեցնենք, որ հանձնաժողովի մտահոգությունները վերաբերել են մասնավորապես արդեն քանի տարի փակված «Ա 1+» հեռուստաընկերությանը, որի մասին Դավիթ Հարությունյանը երեկ չհիշատակեց, հարցը լղոզելով վիճակագրական նկարագրությունների տակ: Իսկ Ահա Նաիրա Զոհրաբյանը հպարտությամբ հայտարարեց, որ ինքը ի թիվս բարձրացրած տարբեր խնդիրների, որպես նախկին լրագրող ու պատգամավոր, խոսել է «Ա 1+»-ի խնդիրներից ու հանձնաժողովի մասնակիցներին փոխանցել հեռուստաընկերության ներկայացուցիչների մտահոգություններն ու հույս հայտնել, որ առաջիկա մրցույթում «կհաղթեն արժանավորները»: