Դեկտեմբերին հայտնի կդառնան հաղթողները

Դեկտեմբերին հայտնի կդառնան հաղթողները
Չորեքշաբթի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովում թվային հեռարձակման հայտերն էին ներկայացնում մարզային հեռուստաընկերությունները: Միայն երկու՝ Շիրակի եւ Կոտայքի մարզերում կար մրցակցություն: Կոտայքում իրար դեմ են դուրս եկել Աբովյանի ու Հրազդանի հեռուստաընկերությունները, իսկ Շիրակում՝ «Ցայգ»-ն ու ԳԱԼԱ-ն: Ըստ ԳԱԼԱ-ի, իրենք ոչ մի քաղաքական ուժ չեն ներկայացնում, սակայն 2008-ի նախագահական ընտրություններից հետո հեռուստաընկերությունը հայտնվել է թիրախում: Հեռուստաընկերության ներկայացուցիչները շեշտը դրեցին հայագիտական հաղորդաշարերի վրա:



Ֆինանսական կայունության թեմայի շրջանակում խոսեցին սեփականատեր Վահան Խաչատրյանի բիզնեսի մասին, որն էլ եթերի երաշխավորն է: Ըստ «Ցայգի», իրենք էլ են մրցունակ ու ամեն ինչով պատրաստ են հաղթելու մրցույթում: 2005-ից հիմնադրված ԳԱԼԱ-ն ծրագրային փաթեթում առաջիկա 10 տարիներին խոստանում է ներդնել 1,5-3 մլն դոլար: «Ցայգ» հեռուստաընկերությունը նախատեսում է 10 տարիների ընթացքում տեխնիկական վերազինման համար ներդնել մինչեւ 100 մլն դրամ, ընդ որում 23 մլն՝ եկող տարի: Այս հեռուստաընկերությունը հիմնադրվել է 1991-ին:



«Եթե կարողացանք ցուրտ ու մութ տարիներին աշխատել, մարդկանց հույս ու հավատ տվեցինք, ուրեմն հիմա էլ կարող ենք ու նաեւ ապագայում էլ կաշխատենք»,-ասաց «Ցայգի» տնօրեն Մարգարիտա Մինասյանը: Սյունիքում գործող 6 հեռուստաընկերություններից միայն «Սոսին» է ծրագրային փաթեթ ներկայացրել: Հեռուստաընկերության հաղորդումները սփռվում եմ Կապան, Մեղրի, Ագարակ, Քաջարան քաղաքներում եւ տարածաշրջանի գյուղերում: Հեռարձակման ոլորտում այս հեռուստաընկերությունն աշխատում է մոտ 15 տարի։



Առաջիկա տարիներին հեռուստատեսությունը կավելացնի սեփական արտադրության ծավալները, մարզի բոլոր տարածաշրջաններում կունենա թղթակիցներ, կշատանա աշխատակիցների թիվը: Առաջիկա 10 տարիներին հիմնադիրները նախատեսել են մոտ 110 մլն դրամի ներդրում կատարել: Միայն հոկտեմբերին արդեն 18 մլն դրամ է ներդրվել: Այս հեռուստաընկերությանը հովանավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենը՝ Մաքսիմ Հակոբյանը: Ի դեպ, Սյունիքում թվային հեռարձակման համար հայտ ներկայացնելու մտադրություն ուներ նաեւ Կապանի «Խուստուփ» հեռուստաընկերությունը:



Վերջին պահին նրանք հայտ չներկայացրին՝ հայտարարելով, թե իրենց առաջարկվել է փոխշահավետ տարբերակ: Որոշ տեղեկությունների համաձայն, այս հեռուստաընկերությունը ջերմ հարաբերություններ ունի Սյունիքի մարզպետի հետ: Սակայն տնօրեն Սասուն Մանուկյանն օրեր առաջ մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց, որ «Խուստուփը» երբեք չի եղել Ս. Խաչատրյանինը: Նկատենք, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները համարյա հարցեր չունեին ներկայացնողներին, չնայած ցույց էին տալիս, թե համակ ուշադրությամբ լսում են: Իսկ նախագահ Գրիգոր Ամալյանը հայտարարեց, որ նիստը կշարունակվի դեկտեմբերի 23-ին, որտեղ պարզ կդառնան հաղթողների անունները:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ