Բանակի «չեպեները» շարունակվում են

Բանակի «չեպեները» շարունակվում են
Թվում է, թե բանակում տեղի ունեցող վայրագությունները լուսաբանելով՝ մենք նպաստում ենք, որ դրանք նվազագույնի հասնեն, սակայն չկա օր, որ նոր դեպքի մասին չտեղեկանանք: Վերջին դեպքը տեղի էր ունեցել մի քանի օր առաջ: Նուբարաշենի զորամասում սպան՝ Արմեն Բարեղամյանը, այնքան էր ծեծել շարքային զինծառայող 18-ամյա Էրիկ Գրիգորյանին, որ նրան բազմաթիվ վնասվածքներով, կապտուկներով, գլխուղեղի ցնցումով տեղափոխել էին Մուրացանի զինվորական հոսպիտալ: Դեպքի առթիվ քրօր.-ի 375 հոդվածի առաջին մասով գործ է հարուցվել: Նախօրեին հայտնի դարձավ, որ Արմեն Բարեղամյանը ձերբակալվել է, սակայն նրան դեռ մեղադրանք չի առաջադրվել:



Ավարտին է մոտենում «YouTube» կայքի միջոցով երեւան եկած դեպքի քննությունը. «Եղնիկներ» կոչվող զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Սասուն Գալստյանը, որ տեսահոլովակում դաժանաբար ծեծում, ապտակում ու ստորացնում է 2 զինծառայողի, կալանավորված է, այս գործով նախաքննությունն ավարտվել է եւ հոկտեմբերի 23-ին ուղարկվել զինվորական դատախազություն` մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ այն դատարան ուղարկելու համար: Հիշեցնենք, որ Սասուն Գալստյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով՝ իշխանազանցություն:



Տավուշի մարզի Չինարի գյուղի Մեհրաբ զորամասում հուլիսի 27-ին մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի գործը նույնպես նախաքննության փուլում է: Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Արտակ Նազարյանն իբր ինքնասպան էր եղել, սակայն Արտակի ծնողները համոզված են, որ իրենց որդուն սպանել են: Ավելին, Արտակի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին գրած բաց նամակում որոշ ուշագրավ մանրամասներ էր նշել. «Իմ որդուն սպանել են… Իրենց եղեռնագործության հետքերը ծածկելու համար մարմինը բարձրացրել են 300 մետր դիրքերից վերեւ, դրել թշնամու տեսադաշտում եւ հուսալով թշնամու դիպուկահարների արձակած գնդակի վրա, բայց թուրքը հասկացել է, որ այնտեղ թիկնած սպան եթե սպանված չէ, ապա կիսամեռ է, եւ հայերին պատրվակ է պետք իրենց իսկ ձեռքով սպանվածին վերագրելու թշնամական կողմին:



Բայց իրենց հաշվարկների մեջ սխալ դուրս գալով, կիսամեռ սպայի հարցերը վերջնականապես լուծելու համար ավտոմատի փողը մտցնում են բերանը եւ կրակում: Փոխանակ գոնե այդ անելուց առաջ բժիշկ կանչեին, օգնություն ցույց տային, լվային վերքերը, որոնք թիվ ու հաշիվ չունեն, դրանով թեթեւացնելով իրենց մեղքը, ընդհակառակը, գնում են մինչեւ վերջ»: Արտակ Նազարյանի դեպքի սցենարով այս տարվա հոկտեմբերի 3-ին Հադրութի զորամասերից մեկում արձանագրվեց եւս մեկ «ինքնասպանություն»: Զորամասի նկուղում գտել էին շարքային զինծառայող 18-ամյա Սամվել Խաչատրյանի դին՝ կախված վիճակում:



Սակայն դիակի զննության ժամանակ հայտնաբերել էին 15-ից ավելի տարբեր աստիճանի վնասվածքներ ոտքերի, ձեռքերի, մեջքի, գլխի հատվածում: Ինչն ինքնաբերաբար հերքում է Սամվելի ինքնասպան լինելու վարկածը: Ուրբաթ օրը ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի գծով պատասխանատու Մերի Սարգսյանը փոխանցեց, որ Սամվել Խաչատրյանի գործով կան կալանավորվածներ՝ 1 սպա, 3 սերժանտ եւ 3 շարքային:



Մերի Սարգսյանից հետաքրքրվեցինք նաեւ սեպտեմբերի 8-ին Վայքի զորամասում պայմանագրային զինծառայող Արթուր Հակոբյանի ինքնասպանության եւ հուլիսի 28-ին ԼՂՀ Մարտունու զորամասերից մեկում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ կապված մանրամասներով, երբ զինծառայող Կարո Այվազյանը գնդակահարել էր 5 հոգու, ապա ինքնասպան եղել: Մերի Սարգսյանը մեզ փոխանցեց. «Երկու գործով էլ նախաքննությունը շարունակվում է եւ կալանավորվածներ չկան»: