ՀՀԿ երիտասարդները որոշել են «ընկալելի» դարձնել Նժդեհի հրապարակը

ՀՀԿ երիտասարդները որոշել են «ընկալելի» դարձնել Նժդեհի հրապարակը
Նժդեհյան գաղափարներով տոգորված հանրապետական երիտասարդները որոշել են կուսակցության գաղափարական հորը հարգանքի տուրք մատուցել: Նժդեհի 125 ամյակին ընդառաջ, որ լրանալու է եկող տարի, ՀՀԿ երիտթեւը Գարեգին Նժդեհի արձանն է ուզում կանգնեցնել: ՀՀԿ երիտթեւի ղեկավար, ԱԺ երիտասարդ պատգամավոր Կարեն Ավագյանն այդ մասին ձայնի ողջ ուժգնությամբ ազդարարեց օրերս՝ կուսակցության 20-ամյակին նվիրված երթի ժամանակ: Առաջին հայացքից բոլորովին անմեղ, նույնիսկ դրվատանքի արժանի նախաձեռնություն է: Նժդեհի նման հայրենասեր պետական գործչի արձանը կանգնեցնելը, առավել եւս ՀՀԿ-ականների նախաձեռնությամբ, արտառոց չպետք է թվա:



Սակայն տարօրինակ է այն, որ իրենց «ազգային պահպանողական արժեքների» կրողը համարող երիտասարդները որոշել են այդ նույն ազգի պատմության կոնկրետ ժամանակաշրջան ներկայացնող արձանի հաշվին իրենց հայրենասիրական մղումները բավարարել: Բանն այն է, որ  ՀՀԿ երիտթեւը քաղաքային իշխանություններին առաջարկել է Գարեգին Նժդեհի հրապարակում Սուրեն Սպանդարյանի արձանի փոխարեն տեղադրել Գարեգին Նժդեհի կիսանդրին: Ճարտարապետ Լեւոն Գեւորգյանի եւ քանդակագործ Թոմ Գեւորգյանի հեղինակած արձանը կանգնեցվել է 1983 թվականին՝ համանուն հրապարակում (նախկինում Նժդեհի հրապարակը Սպանդարյանի անունն էր կրում): Փաստորեն, մեզ մոտ դեռ պահպանվել է «հրով ու սրով» հինը ջնջելու ավանդույթը:



Եթե Խորհրդային Միության փլուզումից հետո խորհրդայինը հիշեցնող ամեն ինչի դեմ ծավալված «ջարդի» շրջանակներում տեղի ունեցած համակարգային-քաղաքական փոփոխությունների ֆոնի ներքո ինչ-որ չափով կարելի էր հասկանալ ազգային պետություն կառուցողների՝ Լենինի արձանը հրապարակում չտեսնելու ցանկությունը, այս դեպքում անհասկանալի են երիտհանրապետականների ջանքերը: Տպավորություն է ստեղծվում, որ կարծես Խորհրդային Հայաստանի 70-ամյա պատմությունը եւ այդ տարիներին ստեղծված նյութական մշակույթի նմուշները ՀՀԿ-ական երիտասարդներն իրենցը չեն համարում:



«Ո՞վ ասեց, շատ փողոցների անուններ են փոխվել, օրինակ, Լենինի պողոտան Մաշտոցի պողոտա է վերանվանվել, այդ ժամանակ ձեզ մոտ էդ հարցը առաջացե՞լ է: Դա պատմության խեղաթյուրման հետ որեւէ կապ չունի, ուղղակի այս ընթացքում՝ անկախության ժամանակ, մեր պատմությունը սղագրվել է, եւ մարդիկ՝ իրենց գործունեությամբ, ժամանակի ընթացքում կարեւորվելով, մեր հասարակության մեջ ավելի մեծ տեղ են գրավել, եւ դրանցից մեկն էլ Գարեգին Նժդեհն է»,-մեր դիտարկմանն ի պատասխան ասաց Կարեն Ավագյանը:



Այնուհետ հարցադրում արեց. «Դուք անձամբ գիտեի՞ք, որ Գարեգին Նժդեհ հրապարակում կանգնած է Սպանդարյանի արձանը: Ընկալելիության առումով էլ ընկալելի չէ. հրապարակը կոչվում է Նժդեհի անունով, բայց կանգնած է Սպանդարյանի արձանը: Դժվար թե գտնեք մի այլ քաղաք, որտեղ նման անհամատեղելիություն լինի»: Իսկապես, անհամապատասխանություն այստեղ գոյություն ունի: Այդ անհամապատասխանությունը, որ մի գործչի անունը կրող հրապարակում կանգնեցված է մեկ այլ գործչի արձան, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի կարծիքով, շտապողականությունն է, որը թույլ չի տալիս ճիշտ որոշումներ կայացնել:



Ճարտարապետը շտապողականություն համարեց մետրոյի կայարանի եւ հրապարակի անվանափոխությունը, որը տեղի ունեցավ անկախացումից անմիջապես հետո: Մկրտիչ Մինասյանի կարծիքով, բացի այն, որ զուտ բարոյական տեսանկյունից գոյություն ունեցող արձանը մեկ այլ արձանով փոխարինելու մոտեցումը մերժելի է, այն անընդունելի է նաեւ զուտ ճարտարապետական տեսանկյունից հարցը դիտարկելիս:



«Լավ արված քանդակ է, տեղափոխե՞լ, ես ուղղակի դրա մեջ ռացիոնալ կետը չեմ կարողանում տեսնել: Ընդհանրապես մեզ մոտ նկատվող  միտումները, որ արձանն իր տեղից հանվի, այլ արձան դրվի, անկախ ամեն ինչից, անկախ նրանից, թե ում է ներկայացնում այդ արձանը, անթույլատրելի է: Դա անհամատեղելի է մեր այսօրվա ընկալման հետ, որ մենք պետք է մեր պատմությունն էջ առ էջ  պահենք, որովհետեւ ամեն ինչի տակ, ամեն մի հուշարձանի, արձանի տակ պատմություն կա: Եթե մենք տեղափոխում ենք դրանք, մենք պատմության մեջ խառնաշփոթ ենք ստեղծում: Ոչ բոլորն են հասկանում դրա խորագույն իմաստը, ընկալում են միայն արտաքին կողմը»,-կարծիք հայտնեց Մկրտիչ Մինասյանը:



Ճարտարապետների միության նախագահը Նժդեհի արձանի տեղադրման համար ավելի հարմար վայր է համարում «Հայրենիք» կինոթատրոնի հրապարակը, որտեղ ավարտվում է Նժդեհի փողոցը: Ի դեպ, այստեղ Նժդեհի արձանի տեղադրման գաղափարը դեռ 2005-ին է ծնվել: Շենգավիթի թաղապետարանն այդ ժամանակ մրցույթ էր հայտարարել Նժդեհի արձանի համար, անգամ հաղթողն էր որոշվել, բայց նախաձեռնությունը, չգիտես ինչու, մոռացության մատնվեց: Տեղեկացնենք, որ ընդհանրապես, արձան տեղադրելու կամ մեկ արձանը մյուսով փոխարինելու հարցերը կարգավորում է քաղաքապետարանի համապատասխան վարչությունը, որը որոշում է կայացնում՝ հաշվի առնելով նաեւ ճարտարապետներից եւ քանդակագործներից բաղկացած քաղաքաշինական եւ գեղարվեստական խորհուրդների կարծիքները:



Նկատենք նաեւ, որ բոլոր քաղաքակիրթ երկրներում, եթե ինչ-ինչ պատճառներով արձաններ են հանվում, դրանք պահվում են հատուկ նախատեսված վայրերում, որտեղ անպայման նշվում է, որ տվյալ արձանը տեղադրված է եղել տվյալ վայրում եւ հանդիսանում է այդ երկրի պատմության մի մասը: Մեր երկրում նման առանձնացված տարածք չկա: Հանրապետության հրապարակից հանված Լենինի արձանը Երեւան քաղաքի պատմության թանգարանի բակում է տեղադրվել: Բայց խորհրդային տարիների ոչ բոլոր արձանների բախտն է բերել:



Ուսանողական այգում գտնված Ղուկաս Ղուկասյանի արձանն օրինակ, ուղղակի ջարդվել է: Մկրտիչ Մինասյանը, անկախ քաղաքական ենթատեքստից, արձանների հետ նման ձեւով վարվելը համարում է վանդալիզմի առաջին նշանը, որը հասարակության վրա բացասական ազդեցություն է թողնում: «Կարճ մտածողությամբ այսպես է՝ եթե կարելի է ջարդել այս արձանը, ուրեմն կարելի է  մյուսից էլ պոկել»,-նկատեց Ճարտարապետների միության նախագահը՝ հիշեցնելով, որ, օրինակ, պարբերաբար անհետանում է Այվազովսկու արձանի բրոնզաձույլ վրձինը: