Վրեժխնդրություն` երեխայի սպանության ելքով

Վրեժխնդրություն` երեխայի սպանության ելքով
Կիրակի օրը՝ նոյեմբերի 14-ին, Երեւանում գրանցված դաժան սպանությունը ցնցեց բոլորիս: Սա նախապատմություն ուներ՝ սպանություն, որ տեղի ունեցավ անցած տարի, կրկին նոյեմբերին: Ճիշտ մեկ տարի անց տեղի ունեցավ հերթական սպանությունը: Նոյեմբերի 14-ին պարանոցի եւ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով Զավարյան 49/1 հասցեից «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 13-ամյա Սարգիս Վարդիկյանը: Սակայն հիվանդանոցում գիտակցության չգալով, նա մահացել է: Իսկ նախապատմությունը հետեւյալն է:



Անցած տարի, նոյեմբերի 29-ին իր բնակարանում դանակի բազմաթիվ հարվածներից սպանվել էր 13-ամյա Սոս Մելքոնյանը: Սոսը հայտնի Գժոյանների ընտանիքից էր, Արտակ Մելքոնյանի որդին: Սոսի սպանության մեջ մեղադրվում էին նրա մանկության ընկերները՝ 12-ամյա Ազատ Եղոյանը եւ 13-ամյա Սարգիս Վարդիկյանը: Ասում են, որ ընկերների միջեւ վիճաբանություն էր եղել, միմյանց հայհոյել էին, ապա հենց իրենց տանը դաժանաբար սպանել էին իրենց ընկերոջը: Ըստ նախաքննության, Սոսին սպանել էր Ազատ Եղոյանը: Սպանությանը ներկա Սարգիս Վարդիկյանը, ըստ նախաքննության, չէր մասնակցել բուն գործողությանը, «սպանության սուբյեկտ չէր» եւ ի սկզբանե չձերբակալվեց ու չպատժվեց: Ազատին դատապարտեցին: Նա հիմա կալանավայրում կրում է իր պատիժը: Փաստորեն, կիրակի օրը, ցերեկով Սոսի հայրը որոշել է վրեժ լուծել որդու համար եւ ավարտել իրավապահների կիսատ թողած գործը:



13-ամյա Սարգիս Վարդիկյանին 38-ամյա Արտակ Մելքոնյանը՝ Գժոյանների Արտակը, դանակի 17 հարված է հասցրել (սպանել է` գրեթե նույնքան հարվածներ հասցնելով եւ նմանատիպ՝ կոկորդը կտրելով, մարմինն այլանդակելով, ինչպես իր որդու դեպքում), իսկ հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժանմունք՝ իր հետ ներկայացնելով նաեւ սպանության գործիք դանակը՝ արյան հետքերով: Դժվար է ասել, թե որ դեպքն է ավելի սարսափելի. երբ անչափահասնե՞րն են սպանում իրենց անչափահաս ընկերոջը, թե՞ երբ հասուն մարդը, հայրը սպանում է իր որդու տարիքի մի երեխայի: Ամեն դեպքում, սա բացահայտ եւ դաժան վենդետա է: Եվ այստեղ ամենամեծ մեղքը իրավապահներինն է: Եթե նրանք չթերանային իրենց աշխատանքում, եւ եթե Սարգիսն էլ դատապարտվեր, չէր արժանանա այս ճակատագրին եւ նման միջնադարյան վենդետա չէր լինի: Նա կկրեր իր պատիժը ու կշարունակեր ապրել: Սարգիսը սովորում էր Երեւանի թիվ 2 վարժարանում: Հետաքրքիր է, ուր կարող է հասնել մարդկային դաժանությունն ու սառնասրտությունը:



Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկացրին, որ Արտակ Մելքոնյանը ձերբակալված է: Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի հատկանիշներով՝ սպանություն: Բոլորն էլ համոզված են, որ Սարգիսի սպանությունը վրեժխնդրության արդյունք է, եւ չի բացառվում, որ սպանությունների շարքը սրանով չավարտվի: Երբ սկսում է գործել «սամասուդի» ռեժիմը, ամեն ինչ հնարավոր է: Այդ պատճառով էլ սպանության օրվանից սկսած՝ մի քանի ոստիկանական ստորաբաժանումներ հսկողության տակ են առել Գժոյանների բնակության վայրը: