Հերթական սպանությունը Վանաձորում

Հերթական սպանությունը Վանաձորում
Երեկ ժամը 15-ին Վանաձորում հերթական սպանությունն է տեղի ունեցել: Լոռվա խճուղի 1ա հասցեում գտնվող «Նավ» ռեստորանին հարակից տարածքում հայտնաբերվել է Լոռու Ճոճկան գյուղի բնակիչ, 1987թ. ծնված Լեւոն Ասլանյանի դիակը: Լոռու մարզի ոստիկանության քննչականի պետ Գագիկ Իսպիրյանից տեղեկացանք, որ քրեական գործ է հարուցվել եւ սպանողի ինքնությունը դեռ բացահայտված չէ: Հանցագործը «սուր կտրող, ծակող գործիքով» մեկ անգամ հարվածել է Ասլանյանի կրծքավանդակին եւ մահ պատճառել: Սպանության վկաներ չկան, սակայն մեզ հասած տեղեկություններով, սպանությունը տեղի է ունեցել սիրո հողի վրա:



Ճոճկանի բնակիչ Լեւոնը Վանաձոր էր եկել ընկերուհուն տեսնելու, որը սովորում է բուհում, հավանաբար տեղական «Ռոմեոն» որոշել է մրցակցին մեջտեղից հանել: Ըստ ամենայնի նա հետեւել է իր զոհին, քանի որ դեպքից անմիջապես առաջ Լեւոնի ավտոմեքենան կանգնեցրել են ճանապարհային տեսուչները եւ հայտնաբերելով, որ նա առանց վարորդական իրավունքի է վարում, ավտոմեքենան տարել են տուգանային հրապարակ: Լեւոնը մեքենան թողնելով տուգանայինում, դուրս է եկել եւ հայտնվել «Նավ» ռեստորանի մերձակայքում, որտեղ էլ նրան սպանել են՝ «Գաիի» քթի տակ՝ 40-50 մետր հեռավորության վրա: