Իսկ դատողն ո՞վ է

Իսկ դատողն ո՞վ է
Նոյեմբերի 12-ի համարում Դուք տպագրել եք «Դատ ու դատաստանի տեղը մարզային իշխանությունը գիտի, Պարտիզակինը՝ ոչ» հոդվածը: Ինքս այդ գյուղի համայնքի ղեկավարն եմ: Հոդվածի հեղինակ Նորայր Գրիգորյանը՝ Պարտիզակի նախկին բնակիչ: Նկատել եմ, որ նրա առջեւ միշտ բաց են Ձեր թերթի դռները, քանի որ նա «գրելու» մեծ շնորհք ունի: Ճիշտն ասած՝ այս անգամ իմ գրելն էլ եկավ:



Որքանով որ այս հարցում գլխավոր գործող անձը Նորայրն է, ստիպված եմ ներկայացնել նրա՝ որպես նախկին պարտիզակցու, համայնքի ղեկավարության հետ «շփման» որոշ հանգամանքներ: Այսպես. որպես գյուղի բնակիչ, ժամանակին բոլորի պես նա դարձել է խաղողի ու մրգի այգիների եւ ազատ հողատարածքի սեփականատեր: Մի քանի տարի անց, օտարելով այս գյուղում իր սեփական բնակարանը, փոխեց բնակության վայրը, բայց Պարտիզակում շարունակեց մնալ հողի եւ այգիների սեփականատեր՝ վարձակալելով եւս 7 հեկտար արոտավայր:



Հետո սեփականաշնորհված հողատարածքի վրա քարհանք բացեց: Որոշ ժամանակ անց այդ էլ վաճառեց ու՝ ցտեսություն, Պարտիզակ: Քարհանքի նոր տերն էլ մինչեւ վերջին քարը քամելով հեռացավ՝ թողնելով ավերածություններ, նաեւ՝ Նորայրի նման ակտիվ մասնակցություն բերելով գյուղը մայրուղուն կապող 7 կմ ասֆալտապատ ճանապարհի ավերմանը, իրենց քարը տեղափոխելով գերծանրաբեռ ավտոմեքենաներով: Ինչ արել է՝ արել է: Մտահոգողը նրա՝ որպես սեփականատիրոջ եւ վարձակալողի, հողի հարկի պարտքն է պետությանը, որը կազմում է 525 հազար դրամ:



Պարոն Նորայր, ո՞վ է քեզ իրավունք տվել հանդես գալ համայնքի անունից: Իմացած եղիր, այստեղ խոսք ու կարեկցանքի կարիքը ոչ մեկը չունի, որովհետեւ կեղծ են, անձնական շահից ելնող, եսակենտրոն, որպիսին դու կաս իրականում: Թող՝ հանգիստ մեր գործ ու հոգսով ապրենք: Ինչո՞ւ ես միայն վատը տեսնում: Դժվար մոռացած լինես, թե մի դույլ ջուրը ինչ արժեր այստեղ: Միայն եազել կարելի էր այստեղ, որ Պարտիզակը մի օր կունենար անհրաժեշտ քանակի խմելաջուր: Դժվար թե չիմանաս, որ հենց Պարտիզակի հողի վրա Իրանի Իսլամական Հանրապետության ֆերմերների միջոցով ու համագործակցությամբ հիմնվելու է 30 հեկտար պիստակի պլանտացիա: Իսկ այն, որ հիմնանորոգվել է ավելի քան 2500 մետր ասֆալտապատ ճանապարհ, որ վերակառուցվում է մանկապարտեզի կիսավարտ շենքը, որ կառուցվում է ոռոգման ներքին ցանց եւ այլն, չի՞ հուշում, որ ինչպես մարզի 114 համայնքները, պարտիզակցին էլ իշխանությունների եւ, այո, մարզպետի ուշադրությունից դուրս չէ:



Լյովա ԱՎԱԳՅԱՆ

Պարտիզակ համայնքի ղեկավար



Սամվել ԹՈՐՈՍՅԱՆ

միջնակարգ դպրոցի տնօրեն



Վատ է, որ Պարտիզակ գյուղի գյուղապետն ու դպրոցի տնօրենը հասնում են Երեւան, թերթի խմբագրություն՝ բերելով մի պատասխան (տպագրում ենք որոշ կրճատումներով), որտեղ մեր տպագրած հոդվածի էությանն անդրադառնալու փոխարեն կենտրոնանում են հեղինակի անձի վրա: Իսկ նշված հոդվածում ընդամենը մտահոգություն էր, գյուղի խնդիրներն արծարծելու փորձ: Հասկանալի է՝ գյուղապետի վիճակը, որին հավանաբար մարզպետարանից կարգադրել են «պատասխանով» հանդես գալ: Հակառակ դեպքում ով գիտի ինչեր կարող են անել: