Պարտադիր ապահովագրությունը չի բխում Սահմանադրությունից

Պարտադիր ապահովագրությունը չի բխում Սահմանադրությունից
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը եւ Զարուհի Փոստանջյանը հանդես են եկել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքնի նախագծի փաթեթով: Սույն օրենքի ընդունումը, որն իրենից ենթադրում էր ավտոմեքենաների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն,  դժգոհության մեծ ալիք է բարձրացրել:



«Ժառանգությունն» իր տարածած մամլո հաղորդագրության մեջ շեշտում է, որ գնաճային գործընթացներին դժվարությամբ դիմակայող քաղաքացիների համար ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման գործընթացը հավելյալ ֆինանսական մեծ բեռ է, որն այս պայմաններում ցածր եկամուտ ունեցողների համար (որը բնակչության գերակշիռ մասն է կազմում) վաղ է եւ անթույլատրելի:



«Հասարակության ներսում առկա գործընթացներն արդեն իսկ փաստում են, որ քաղաքացիներն ունեն բացասական դիրքորոշում, քանի որ ի վիճակի չեն վճարելու եւ կյանքի կոչելու օրինագծի դրույթներից բխող պարտավորությունները: Այն մի կողմից բերում է ֆինանսական հավելյալ չնախատեսված ծախսերի, մյուս կողմից` ուղղված է մի քանի տնտեսվարողներին երաշխավորված գերշահույթներ ապահովելուն»,- ասված է հաղորդագրության մեջ:



«Ժառանգություն» խմբակցության կարծիքով սույն օրենքը պետք է ուժը կորցրած ճանաչել, քանի որ այն չի բխում ՀՀ Սահմանադրությունից եւ ՀՀ օրենսդրությունից, քանի որ խախտում է հավասարության, կամքի ինքնավարության եւ գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որեւէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության եւ մի շարք այլ դրույթներ: