100 տարին բավարար չէր

100 տարին բավարար չէր
Ամեն օր «Ամերիաբանկը» մեզ գովազդախեղդ է անում իր 100 տարվա պատմությամբ: Ես այս բանկի քարտապանն եմ 2009 թվականից, երբ դեռ «Ամերիան» այդքան պոպուլյար չէր մեզանում: Այն ժամանակ գնահատում էի բանկի PR-ը՝ համարելով, որ «Ամերիան» նոր աշխատաոճ է բերում հայկական շուկա, սակայն դրական կարծիքս հօդս ցնդեց, երբ ացելեցի բանկ: Նախ նշեմ, որ այդքան գովազդվող բանկը Երեւանում, բացի գլխամասայինից, ընդամենը 3 գրասենյակ ունի: Այցելեցի Կենտրոնի մասնաճյուղ: Այստեղ, ինչպես միշտ, սպասարկման սեղանների շուրջ հերթեր էին գոյացել:



4 սպասարկման կետերից միայն 2-ն էր աշխատում օրվա ամենաթեժ ժամին: Աշխատակիցներից որեւէ մեկը չմոտեցավ ինձ կամ մյուս հաճախորդներին՝ հարցնելու, թե ինչի համար ենք սպասում եւ ում պետք է մոտենանք: Մոտ 30 րոպե կորցնելուց հետո որոշեցի գնալ գլխամասային գրասենյակ: Այստեղ մուտքի մոտ տեսա Հայաստանի 2010թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակը, որը «Financial Times» հեղինակավոր հանդեսի «The Banker» ամսագրի կողմից հանձնվել է «Ամերիաբանկին»: Այդ պահին չմտածեցի, թե նման մրցանակները դժվար չէ գնել, փոխարենը զայրույթն ինձ պատեց, որ լավագույնը լինելու պարծանքը վայելող ընկերությունը չի կարողանում բարձր մակարդակով կազմակերպել հաճախորդների սպասարկումը:



Եթե սա Հայաստանի լավագույն բանկի գործելաոճն է, մյուսներից ի՞նչ ակնկալենք: Գլխամասային գրասենյակում եւս հերթ էր, սակայն, ի տարբերություն Կենտրոնի գրասենյակի, ինձ մոտեցավ աշխատակիցը եւ ուղղորդեց, թե ում պետք է դիմեմ: Այստեղ էլ ստիպված եղա սպասել: Ընդհանուր առմամբ, բանկ այցելելու համար ես կորցրի իմ աշխատանքային օրվա 1 ժամը, չնայած որ ի սկզբանե խնդրել էի ինձ բանկային փոխանցում կատարել՝ ժամանակ խնայելու համար: Ուզում էի հենց նույն օրը հետ վերադարձնել քարտս եւ այլեւս չօգտվել «լավագույն» բանկի ծառայություններից, սակայն ինձ դա չհաջողվեց անել, քանի որ սպասարկող անձնակազմը խիստ զբաղված էր:



Փաստորեն, ներկայումս ես հանդիսանում եմ «Ամերիաբանկի» հարկադիր քարտապանը: Ստիպված կլինեմ եւս մեկ ժամ կորցնել այդ բանկի՝ 21-րդ դարին անհամապատասխան ծառայություններից ազատվելու համար: Բանկի «Ձեր դժգոհություններն ու առաջարկները» արկղիկը դատարկ էր, իսկ կողքին թուղթ ու գրիչ չկար, որ իմ խոսքը տեղ հասցնեի կառավարչին, անգամ նստելու հարմար տեղ չկար, որ կարողանայի մտքերս թղթին հանձնել: Երբ տհաճությամբ հեռացա բանկից, միացրեցի ռադիոընդունիչը, որն անմիջապես ազդարարեց. ««Ամերիաբանկ». 100 տարին միայն սկիզբն է»: Այո, սկիզբն է, եւ փաստորեն մեկ դարը բավարար չէր նորմալ սպասարկման պայմաններ ապահովելու համար: Գուցե դեռ մեկ դար է՞լ պիտի սպասենք:



Արման ՂԱՐԻԲՅԱՆ

«Ամերիաբանկի» հարկադիր քարտապան