Ձվի մեջ մազ են փնտրում

Ձվի մեջ մազ են փնտրում
Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում շահագործման կհանձնվի տարածաշրջանում եզակի հզորությամբ, արտադրատեսակների բազմազանությամբ գյուղատնտեսական մթերքների վերամշակման գործարանը: Իհարկե, ողջունելի է նման գործարանի կառուցումը, սակայն այն քաղաքական շահարկման առիթ է դարձել: Ըստ տարածված լուրերի` այն պատկանում է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին: Այս խնդիրները փորձեցինք պարզել` դիմելով Ոսկեվազի համայնքապետ, «Օրինաց երկիր» կուսակցության մարզային կառույցի ղեկավար Հայկ Հովհաննիսյանին:



- Պարոն Հովհաննիսյան, ճի՞շտ է, որ Ոսկեվազում կառուցվող գործարանի սեփականատերը Արթուր Բաղդասարյանն է:



- Ենթադրենք, թե ճիշտ է: Դա՞ է մեր  ժամանակներում ավելի կարեւորը, թե՞ համայնքում կառուցվող նման հզորությամբ գործարանի փաստը: Դա պարզապես մեր ընդդիմախոսների կողմից քաղաքական շահարկում է, որին մենք բոլորովին լուրջ չենք վերաբերվում: Գործարանի սեփականատերը Ուկրաինայում բնակվող հայ գործարար եւ բարերար Նվեր Մխիթարյանն է: Արթուր  Բաղդասարյանը նպաստել է, որպեսզի այդ գործարանը կառուցվի Հայաստանում` ստույգ Ոսկեվազում: Ես` որպես համայնքի ղեկավար, տեղեկացված եմ ամեն ինչում: Նվեր Մխիթարյանը Ոսկեվազում բռնությամբ հող չի զավթել, եթե անհրաժեշտ է եղել հող գնել, ապա նա ստացել է հողատիրոջ համաձայնությունը եւ հողի դիմաց շատ դեպքերում վճարել է շուկայական գներից 2-3 անգամ ավել գումար: Կառուցման օրից սկսած՝ այստեղ աշխատանքով եւ բարձր աշխատավարձով ապահովված է շուրջ 200 մարդ: Ես ավելի շատ գործարանը համայնքի սեփականությունը կհամարեմ, քան որեւէ անհատի:



- Ինչպե՞ս:



- Ոսկեվազն ունի 1700 տնտեսություն, շուրջ 5 հազար բնակիչ: Այսօր, ելնելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններից, տասնյակ տներ չնչին գումարների դիմաց գրավադրված են բանկերում: Սրանց տերերից շատերը մեկընդմիշտ կարող են զրկվել իրենց տներից: Էլ չեմ ասում, թե հարկադիր կատարման  մարզային ծառայությունում քանի գործ կա` չվճարված ջրի, էլեկտրաէներգիայի եւ այլն: Հողը Ոսկեվազում մեծամասամբ անմշակ է, մշակման դեպքում էլ շահույթ չկա, եթե կա էլ՝ շատ չնչին: Ոսկեվազի հայտնի «Ոսկեհատ» խաղողի տեսականու 220 հեկտար այգուց 200-ը չորացել է, բայց մարդիկ շարունակում են հողի հարկը տալ: Նման պայմաններում գործարանը փրկություն է մեր, նաեւ հարեւան համայնքների համար: Առաջին հերթին այստեղ մշտական աշխատանք կունենա 700, իսկ լրիվ հզորությամբ աշխատելու դեպքում` 900 մարդ: Երկրորդ` գործարանում վերամշակվելու է գյուղատնտեսական ցանկացած մթերք, արտադրվելու են հյութ, օղի, գարեջուր, մուրաբաներ, հետագայում` կոնյակ: Սա նշանակում է՝ թե ոսկեվազցին, թե հարեւան համայնքների հողատերերը մթերման խնդիր չեն ունենա:



- Այնուամենայնիվ Արթուր Բաղդասարյանի «մատը խառն է»:



- Ես չեմ ժխտում: Այո՛, ինքը միջնորդել է, սակայն մի կողմ թողած աշխատատեղերի ստեղծման այսքան կարեւոր խնդիրը, ինչ-որ մարդիկ համառորեն ձվի մեջ մազ են փնտրում: Ի՞նչ վատ կլիներ, որ նման գործարաններ կառուցվեին մյուս համայնքներում: Հերիք չէ՞ գյուղացու մեջքն այսքան ծռված մնա, հերիք չէ՞ նա հայտնվի բանկերի դռներին, եւ դեռ հարց է ոնց է մարելու ստացած վարկը: Ես չեմ վախենում առողջ քննադատությունից եւ պատասխանատու եմ իմ ասածների համար: Պարզապես մեր կուսակցությունը մարզում հզոր է, եւ դա է պատճառը, որ ոմանք մրոտում են այն, ինչն ապագայում բարեկեցություն է ապահովելու:



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ