Քաղբանտարկյա՞լ... Երեւի դատապարտյալ նկատի ունեիք

Քաղբանտարկյա՞լ... Երեւի դատապարտյալ նկատի ունեիք
Դեկտեմբերի 6-ի երեկոյան ազատ արձակվեց մարտի մեկի գործով եւս մեկ քաղբանտարկյալ՝ Գաբրիել Գաբրիելյանը: Հիշեցնենք, որ նա դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով եւ կալանքի տակ է 2008-ի մարտի 3-ից: Գաբրիել Գաբրիելյանը վաղաժամ ազատ արձակվեց, քանի որ լրացել էր պատժաժամկետի 1/3 մասը: ՀԱԿ իրավական հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը քաղբանտարկյալների ազատ արձակումը պայմանավորում է իշխանությունների վրա միջազգային կառույցների ճնշումներով:



«Բոլոր տեսակ ճնշումները եւ միջազգային ճնշումը արդյունք է Հայ ազգային կոնգրեսի նպատակային, հետեւողական պայքարի: ՀԱԿ-ի պայքարի արդյունքում միջազգային կազմակերպությունները մեծացրել են ճնշումը, եւ այդ պայմաններում ազատ են արձակվում քաղբանտարկյալները»,- ասաց ՀԱԿ իրավական հանձնախմբի ներկայացուցիչը: Վերջին շրջանում ընդդիմության ներկայացուցիչները, յուրաքանչյուր պատեհ առիթ օգտագործելով, ակցիաների, հանրահավաքների ժամանակ բարձրացնում են քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը:



Դեկտեմբերի 3-ին ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նամակներ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպուին, ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշտոնին եւ մարդու իրավունքների անձնական ներկայացուցիչ Ռինա Կիոնկային: Նամակում նշել է, որ հեղինակավոր եվրոպական կազմակերպությունները պետք է լուրջ ջանքեր գործադրեն, որպեսզի ՀՀ իշխանությունները վերջապես կատարեն ԵԽԽՎ վերջին չորս բանաձեւերի, ԵՄ նախագահության 2008թ. մարտի 4-ի, մարտի 12-ի եւ 2010թ. մարտի 10-ի հայտարարություններում առկա պահանջները:



Խնդիրների ցանկն ընդգրկում է Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, մարտի 1-ի սպանությունների անկողմնակալ եւ վստահելի քննությունը, «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկումը եւ ազատ հավաքներ անցկացնելու քաղաքացիների իրավունքի ոտնահարումը: «Անհրաժեշտ են վճռական եւ շարունակական ջանքեր, հատկապես քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում: Փորձը ցույց է տալիս, որ նման ջանքերը տալիս են ցանկալի արդյունք»,-ասված է Տեր-Պետրոսյանի նամակում:



Արմեն Խաչատրյանը հաստատեց, որ պայքարը շարունակական է լինելու, մինչեւ որ ազատ արձակվի վերջին քաղբանտարկյալը. «Մեր բոլոր տեսակի գործողությունների, գործունեության մեջ առաջնահերթություն ենք տվել քաղբանտարկյալների խնդրին: Քանի դեռ կա մեկ քաղբանտարկյալ, Հայ ազգային կոնգրեսի համար առաջնային հարցը կմնա քաղբանտարկյալների ազատ արձակումը: Մենք վստահ ենք, որ պայքարի հետեւողականության արդյունքում բոլոր քաղբանտարկյալներն էլ ազատ կարձակվեն»: Արմեն Խաչատրյանն ասաց, որ այս պահին արդեն լրացել է քաղբանտարկյալներ Սարգիս Հացպանյանի, Ռոման Մնացականյանի, Ֆելիքս Գեւորգյանի պայմանական վաղաժամկետ ազատման ժամկետը:



Շուտով կլրանա նաեւ Արամ Բարեղամյանի եւ Հարություն Ուռուտյանի ժամկետը: «Իսկ Մուրադ Բոջոլյանի պայմանական ազատման ժամկետը լրացել է 3 տարի առաջ: Այսօր գրեթե բոլոր քաղբանտարկյալների ժամկետներն էլ 1/2-ով, 1/3-ով կամ լրացել են, կամ էլ առաջիկայում կլրանան»,-ասաց Արմեն Խաչատրյանը: Եթե դատապարտյալի կողմից քրեակատարողական հիմնարկի կանոնակարգի խախտում չի գրանցվել, ապա ՔԿՀ-ն պարտավոր է այդ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ենթակա դատապարտյալների անունները ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովին, «իսկ եթե կանոնակարգի խախտում չկա, եւ այդ դեպքում չի ներկայացնում, նշանակում է օրենքը չի կատարում:



Չնայած մինչեւ հիմա հայտնի է, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու առաջնահերթությունը օրենքի կիրառումը չէ: Դա կոռուպցիոն մի լուրջ կառույց է»,-ասաց Արմեն Խաչատրյանը: ՔԿՀ մամլո խոսնակ Արսեն Բաբայանից հետաքրքրվեցինք, թե առաջիկայում սպասվո՞ւմ է նոր քաղբանտարկյալների ազատ արձակում: Նա, իհարկե, հուշտ եղավ «քաղբանտարկյալ» բառից եւ մեզ «ուղղելով» հարցրեց, թե դատապարտյա՞լ նկատի ունենք, ապա ասաց. «Նոր անունների մասին դեռ վաղ է խոսել: Անունները ամսվա ընթացքում են ներկայացվում հանձնաժողովի քննարկմանը»:



Պայմանական վաղաժամ ազատ արձակման հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում ամիսը մեկ, եւ հաջորդ նիստը, ըստ Բաբայանի, տեղի կունենա դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին: Հետեւաբար նոր քաղբանտարկյալների ազատ արձակում կարելի է ակնկալել տարեվերջին կամ եկող տարվա սկզբին: