Սրանց եզան տակ միշտ հորթ կա

Սրանց եզան տակ միշտ հորթ կա
«Բարելավվում է Հայաստանի գործարար միջավայրը, իրագործվում է ՀՀ նախագահի  նախընտրական ծրագիրը»: Սա մեջբերում է ՀՀ կառավարության կայք-էջում տեղադրված լրահոսից, որով կառավարության կողմից հաստատված վերջին շուրջ 10 որոշումները, սովորույթի համաձայն,  համարվում են «խիստ կարեւոր, խիստ անհրաժեշտ», եւ որոնց միջոցով «պիտի զգալիորեն բարձրանա Հայաստանի գլոբալ մրցունակությունն ու բարելավվի երկրի դիրքը Համաշխարհային բանկի` «Գործարարությամբ զբաղվելը 2012-ին» դասակարգման մեջ»:



Թե որքանով է նպաստավոր գործարարությամբ զբաղվելը մեր երկրում, ուր մեկ վայրկյանում կարող ես Սուքիասյանների օրինակով զրկվել տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքից, որքանով է շուկան մրցունակ, երբ «օլիգարխորեն քվոտավորված է» ամեն բան` շաքարավազի ներկրումից մինչեւ վառելիք, բոլորս գիտենք: Այնպես որ, ավելորդ ժամանակ վատնելու` կառավարության որոշումներն ընթերցելու եւ մանավանդ դրանք լուսաբանելու անհրաժեշտություն չկա. մեր դիրքերի մասին ամեն բան ակնհայտ է: Այդ դեպքում ինչո՞ւ հանկարծ հարկ եղավ անդրադառնալ այդ որոշումներին` կհարցնեք, եւ ճիշտ կանեք:



Խնդիրն այն է, որ ուկրաինական «Կոմերսանտ-Ուկրաինա» թերթի հոդվածներից մեկի եւ վերը նշված որոշումներից մեկի (որ վերաբերում է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքը փոփոխելու օրենսդրական նախաձեռնությանն ու դրանից առաջ ընդունված մաքսային բարեփոխումներին, եւ որով «խրախուսվելու են մասնավոր ներդրումները») համեմատության պարագայում բավական հետաքրքիր մի նորություն է  ի հայտ գալիս: Հանգամանք, ինչի մասին լրահոսը լռում է, իսկ «խրախուսվող գործարար հատվածը», որ այս դեպքում տեղական արտադրողն է, ծպտուն էլ չի հանում...



«Այսպիսով, Ուկրաինան հերթական հաղթանակը տոնեց Անդրկովկասում, մասնավորապես` Հայաստանում: ՀՀ կառավարությունը որոշել է այլեւս խտրական վերաբերմունք չդրսեւորել ուկրաինական խմիչքի եւ սիգարետի նկատմամբ, ինչի արդյունքում Ուկրաինան իր հերթին որոշել է դադարեցնել դատական կռիվն Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում»,-գրում է ուկրաինական թերթը, հավելելով, թե ամեն ինչից բացի` Ուկրաինան նաեւ առաջնակարգ դիրք է ունենալու հայկական շուկայում`  երրորդ աշխարհի երկրների համեմատությամբ:



Հասկացաք, չէ՞, ինչ է կատարվել: Փաստորեն, մի կողմ դնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ն ԱՀԿ-ի անդամ է եւ պարտավոր է հետեւել այդ կազմակերպության կանոններին, մեր կառավարությունն իր` «զարկ տանք տեղական արտադրությանը» պոպուլիզմով պրոտեկցիոնիզմ է դրսեւորել հայկական օղու եւ սիգարետի նկատմամբ` ներմուծված ապրանքատեսակների նկատմամբ կիրառելով չափազանց բարձր մաքսատուրք եւ ավելացված արժեքի հարկ, ինչի արդյունքում ուկրաինական կողմը դիմել է ԱՀԿ` դատական գործ սկսելով ՀՀ կառավարության նկատմամբ:



Թե ինչ է պատահել հետո` կարելի է ընդամենը ենթադրել: Կամ կառավարությունը հասկացել է, որ գործը տանուլ է տալու, եւ, ինչպես գրված է նյութում, «վարչապետը հանձնարարել է Գագիկ Խաչատրյանին հարցի լուծման ուղիներ որոնել», կամ այստեղ էլ է «սեւ փողերի ու կուլիսային պայմանավորվածությունների հոտ բուրում»: Մոտավորապես` հերիք է, ինչքան աջակցեցինք տեղական արտադրողին, եւ եթե մանավանդ ելք չունենք` գուցե պայմանավորվե՞նք ձեզ մեր շուկայում «առաջատար դիրքեր շնորհելու մասին»:



Կասեք բացառվո՞ւմ է: Մենք, անկեղծ ասած, այլ կարծիքի ենք: Հակառակ պարագայում, այս վեճն ու բոլոր մանրամասները տեսանելի կլինեին, հայկական արտադրողն էլ, ինչպես տարիներ առաջ, կգոռար-կգոռգոռար, թե մեզ ճնշում են, մեզ սպանում են, մենք ստիպված ենք Վրաստան տեղափոխել մեր բիզնեսը եւ այլն:



Արդյունքում, ուկրաինական կողմը հաստատ` 100 տոկոսով ամրագրում է իրենց համար հաստատված նոր մաքսատուրքերը, ըստ որի` այսուհետ գարեջրի համար կվճարվի 70 դրամ մաքսատուրք, օղու համար` դրա արժեքի 30 տոկոսը` առանց ԱԱՀ-ի, 1000 տուփ սիգարետի համար էլ` 4 հազար 750 դրամ: Անշուշտ, հետաքրքիր կլիներ ճշտել, թե մեր արտադրանքի արտահանման պարագայում արտադրողը որքան է վճարում նույն ԱՊՀ երկրներում, բայց մերոնք, ինչպես հասկանում եք, ձկան պես լուռ են: Հասկանալի է` եթե մի օրում յուրային քաղաքապետն է «փառազրկվում», եւ բոլոր հեռուստաալիքները, նախկին ձոները մոռացած, ալա-լուժկովյան հարցումներ են անցկացնում օրինազանց եւ վատ քաղաքապետի մասին, պարզ է, թե, ասենք, նույն «Գրանդ տոբակոյից» կամ ՄԱՊ-ից տակը ինչ կմնա, թե սրանք համարձակվեն բվվալ-գվվալ...



Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ