Գողացել են Արտակ Զեյնալյանի մոնիտորը

Գողացել են Արտակ Զեյնալյանի մոնիտորը
ԱՄՆ-ից վերադառնալուց հետո «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը մտել է կուսակցության իր սենյակ եւ անակնկալի եկել. կողոպտիչները դռան ապակին կոտրել են ու գողություն արել: Հիմնականում թալանել են Զեյնալյանի սենյակը: Հիշեցնենք, որ նա իրավապաշտպան է եւ զբաղվում է Վահան Խալաֆյանի գործով, ինչպես նաեւ Եվրադատարան դիմումներ է պատրաստում: Գողացել են նրա համակարգչի մոնիտորը, առանց պրոցեսորի, դարակներն են խուզարկել:



Սեղանին թափված են եղել Չարենցավանի ոստիկանությունում սպանված Վահան Խալաֆյանի գործի նյութերը: Հյուրասենյակից գողացել են ալեհավաքի կոդազերծող սարքը եւ հեռակառավարման վահանակները, որքան էլ զավեշտալի է՝ խոհանոցից էլ տարել են սուրճը: Տեղի ունեցածը Զեյնալյանը մեզ հետ զրույցում մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Չգիտենք, թե ինչ են փնտրել եւ արդյո՞ք կատարվածը կապ ունի Խալաֆյանի գործի հետ: Ամեն ինչ պարզ կլինի, երբ ձեռք բերենք մոնիտոր եւ հրավիրենք մասնագետ, որպեսզի պարզենք՝ արդյո՞ք իմ բացակայության ընթացքում՝ դեկտեմբերի 2-12-ը, իմ համակարգչում գործողություն է կատարվել»: Զեյնալյանը տեղի ունեցածը կապել է իր եւ կուսակցության գործունեության հետ: Հանցագործության մասին հաղորդում է տրվել ոստիկանություն, հարուցվել է քրգործ: