Ռեվիզորներին բաց են թողել Բեգլարյանների վրա

Ռեվիզորներին բաց են թողել Բեգլարյանների վրա
Երեւանը նոր քաղաքապետ կընտրի դեկտեմբերի 17-ին. այս որոշումը երեկ կայացվեց Երեւանի ավագանու խորհրդի նիստում: Սակայն թեկնածուների մասին ոչ մի բառ, նույնիսկ ՀՀԿ կրծքանշանով անդամներն էին խուսափում  հավանական թեկնածուից խոսել: Նշենք, որ մինչ այս որոշումը, շրջանառվում էր քաղաքապետի հավանական երեք թեկնածուի անուն՝ փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի, «ՀայՌուսգազարդի» նախագահ Կարեն Կարապետյանի, ինչպես նաեւ Առողջապահության ինստիտուտի տնօրեն Դերենիկ Դումանյանի: Սակայն ընտրությունը կանգ էր առել Կարեն Կարապետյանի եւ Տարոն Մարգարյանի վրա:



Ինչպես գրել էինք մեր նախորդ համարում, Սերժ Սարգսյանը Մոսկվայից վերադառնալուց հետո նախագահական էր հրավիրել այս զույգին, եւ, ինչպես հաղորդում են իրազեկ աղբյուրները, Կարեն Կարապետյանը հրաժարվել է իր թեկնածությունից՝ թերեւս ավելի տաքուկ ու ապահով տեղ համարելով «ՀայՌուսգազարդը», եւ միակ թեկնածուն մնացել է Տարոն Մարգարյանը: Սակայն քաղաքական շրջանակում Մարգարյանի՝ քաղաքապետի պաշտոնում նշանակելը համարում են էքսպերիմենտալ եւ չեն բացառում, որ դեպքերը հետագայում այլ ընթացք կստանան:



Դեպքերի հետագա զարգացման վրա կարող է ազդեցություն ունենալ Բեգլարյանի՝ ավագանու կազմում մնալ-չմնալը: Նշենք, որ Բեգլարյանը թեեւ քաղաքապետի պաշտոնից հրաժարական է տվել, սակայն շարունակում է մնալ Երեւանի ավագանու խորհրդում, իսկ ավագանին Երեւանում տեղական ինքնակառավարման բարձրագույն ներկայացուցչական մարմինն է, որը վերահսկողություն է իրականացնում Երեւանի քաղաքապետի գործունեության նկատմամբ, կարճ ասած՝ գրեթե բոլոր որոշումներն ընդունվում են ավագանու խորհրդով:



Ըստ կուլիսային խոսակցությունների, քանի որ ավագանու ՀՀԿ ֆրակցիայում կան բազմաթիվ անդամներ, որոնք Բեգլարյանի թաղեցիներն են ու իր ձեռքով են անդամագրվել ավագանուն, անկախ ամեն ինչից՝ Բեգլարյանին ընդունում են որպես անառարկելի հեղինակություն, եւ նրա խոսքն էլ օրենք է: Եվ սա կարող է լուրջ ազդեցություն ունենալ առանցքային հարցերում, եթե Բեգլարյանը գնա ավագանու նիստերին եւ որոշի ակտիվ լինել: Թեեւ ոմանք կարծում են, որ Սերժ Սարգսյանը կփորձի պտուտակները թուլացնել եւ ամեն ինչ կանի, որ չկորցնի այնպիսի ընտրական լծակ, ինչպիսին Բեգլարյանն է:



Այս վերլուծություններին զուգահեռ, իրազեկ աղբյուրներից տեղեկություններ ստացանք, որ Բաղրամյան 26-ից դեռեւս շարունակում են Բեգլարյաններին «նեղել», սկսել են ստուգումներ իրականացնել ՀՀ պետական գնումների գործակալությունում, որի տնօրենը Բեգլարյանի եղբայրն է՝ Հակոբ Բեգլարյանը: Մինչ ռեւիզորները հերթական սենսացիոն չարաշահումները կթմբկահարեն, լուրեր են շրջանառվում, թե Հակոբ Բեգլարյանը մի քանի օր է, չի հաճախում աշխատանքի, ինչը կարող է հանգեցնել նրան, որ նա էլ արժանանա եղբոր ճակատագրին: Մենք երեկ փորձեցինք վերոնշյալ լուրերի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ պետգնումների գործակալությունից, սակայն բազմաթիվ զանգերից հետո պետի տեղակալի ընդունարանից պատասխանեցին, թե լրագրողների հարցերին պատասխանող մարդիկ տեղում չեն:



ՀԳ - Ինչ վերաբերում է ավագանու նիստին՝ նշենք, որ երեկ ավագանիները մի տեսակ շփոթված ու վախվորած էին, ոչ ոք չէր համարձակվում որեւէ խոսք ասել «դժբախտ պատահարի» հետ կապված: Արա Երնջակյանն այնքան շփոթված էր, որ ասաց, թե չգիտի ինչ է տեղի ունեցել: Երբ հիշեցրինք նախագահականից բերված ազատման հիմքը, դարձյալ ասաց, որ ինքը ինֆորմացիա չունի: Մյուս ՀՀԿ-ականներն էլ ինֆորմացիա չունեին, երբ մոտենում էինք՝ դեմքերը խոժոռում էին ու փախչում: Ավելի նախանձելի վիճակում էր ԲՀԿ ֆրակցիան. սրանք հանգիստ կանգնած՝  հետեւում էին Բեգլարյանի թիմակիցների խուճապին,  քաղաքապետի թեկնածուի ով լինելուց էլ ոչ տեղյակ էին, ոչ էլ հետաքրքրված: