Լիսկայի տղան` վթարի պատճառ

Լիսկայի տղան` վթարի պատճառ
Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը (IPSC), որպես կանոն, վարչապետ Տիգրան Սարգսյանի իջեցրած պատվերներն է կատարում: Մենք այս ընկերության կողմից պետական բյուջեով իրականացվող սոցհարցումներին ժամանակին անդրադարձել ենք: Վերջերս  IPSC-ն  սոցհարցումներ է արել Սյունիքում: Հարցում կատարող երիտասարդները Գորիսից վերադառնալիս ավտովթարի են ենթարկվել: Նրանց միկրոավտոբուսին հարվածել է «մերսեդեսը», որի ղեկին է եղել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին: Իսկ մեքենան եղել է մարզպետի եղբոր որդունը:



Մեր տեղեկություններով, այդ օրը՝ դեկտեմբերի 5-ին, ողջ Սյունիքը նշելիս է եղել մարզի թիվ մեկ մամայի՝ Լիսկայի մոր ծնունդը, Գորիսում լավ կերուխում է եղել, եւ վարորդը՝ Խաչատրյանի տղան, հարբած է եղել: Վթարված IPSC կազմակերպության սոցիոլոգներից մի տղա շատ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, մեր տեղեկություններով, նրան վիրահատել են եւ փայծախը հեռացրել: Երբ վթարվածների հարազատներն աղմկել են, վարչապետ Տիգրան Սարգսյանը IPSC-ի տնօրենին հավաստիացրել է, որ շուխուռ չի լինելու:



Վթարից առավելապես տուժած ընտանիքին առաջարկել են մեծ գումար, որ չբողոքեն: Մյուս տուժողների՝ երկու աղջիկների վնասվածքները մեծ չեն, եւ նրանք աղմուկ չեն բարձրացրել: Երբ փորձում էինք այս տեղեկությունը ճշտել, պարզեցինք, որ Սյունիքում այնպիսի ահուսարսափի մթնոլորտ է տիրում, որ բոլորը վախենում են խոսել: IPSC ընկերության տնօրեն Հովհաննես Գրիգորյանը, որին Ջոնի են ասում, սկզբում մեր լրագրողին խնդրեց 15 րոպեից զանգել, ապա, հավանաբար ինչ-որ տեղից հրահանգ ստանալով, հայտարարեց, որ մեզ ասելիք չունի, քանի որ մենք «սխալ բաներ ենք գրում»: