Օրը խոստումնալից էր

Օրը խոստումնալից էր
Զարմանալի բաներ են կատարվում Հայաստան աշխարհում. ցինիզմը սկսել է պատժվել, առողջապահության նախարարության մասնագիտական հանձնաժողովը եզրակացություն է տվել, որ վերջերս Հանրապետական հիվանդանոցում տեղի ունեցած նորածնի մահը բժշկի սխալով էր պայմանավորված: Իսկ ամենացնցողը՝ Ազգային ժողովը երեկ բոյկոտել է կառավարության ներկայացրած օրենքների փաթեթը եւ հրաժարվել քննարկել դրանց մի մասը: Պատգամավորները վերջապես գլխի են ընկել, որ տարեվերջյան արտահերթ նիստերով կառավարությունը մի շարք օրենքներ է «սղղացնում»: Դե, Նոր տարի է, մարդիկ ամանորյա առեւտրով են զբաղված, մտածում են տարին բարեհաջող փակելու մասին, նաեւ բազում հոգսեր ունեն՝ ավտոմեքենաներ են ապահովագրում, տոնածառ են ճարում: Ում վեջն է, թե «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքում կարող է թաքուն այնպիսի փոփոխություն արվի, որ Երեւանի քաղաքաշինական առանց այն էլ աղետալի վիճակը դառնա վերջնականապես ողբալի: Այս Ազգային ժողովն ու նրա կազմը եթե այդքան գիտակցված քաղաքացիական կեցվածք կարողանային դրսեւորել, որ Ամանորի նախօրեին ոչ թե հաճույքների մասին մտածեին, այլ իրենց շտապողականության արդյունքում երկրին պատճառելիք վնասների, մենք այս վիճակում չէինք լինի: Ուստի երեկ խորհրդարանի արարքն իրոք ուրախալի էր: Թեեւ այնքան միամիտ չենք, որ կարծենք, թե դա ինքնաբուխ էր եւ պատգամավորի վեհ մանդատից թելադրված: Եվ օրվա վերջում մի լուր եւս մեզ ուրախացրեց. մեր տեղեկություններով՝ այսօր նախագահականում քննարկվում է մի շարք պաշտոնների թեկնածուների հարցը: Մեր վաղվա համարում խոստանում ենք հրապարակել դրանք: Հուսով ենք, որ հասարակությունն այդ անունների հրապարակումից հիասթափություն չի ապրի: