Թղթե ծաղիկներ (պատմվածք)

Թղթե ծաղիկներ (պատմվածք)
Շնչել-արտաշնչելիս մոմի թրթռացող, թարթվող կրակի առաջացրած լույսն ու ստվերը, ճարճատյունով վառվող վառարանի կարճատեւ կատաղությունը եւ այն գիտակցումը, որ այդ կատաղությունը կարճատեւ է լինելու ու ինքը ստիպված է լինելու վառելափայտ բերելու համար ընդհատել ընթերցանությունը, ժիր ու հաբռգած մկների վազվզոցը, թղթե ծաղիկների շրշյունը, բայց շրջապատի շեղող ձայներից առավել գրքի հետ անկապ իր մտքերը տղային խանգարում էին ընկալել կարդացածը, եւ նա ձեռքով տրորեց լարված ընթերցանությունից հոգնած աչքերը ու փակեց հաստափոր պատմավեպը:



Մայրը հին, մկնաբուն դարձած բազկաթոռին նստած՝ իրար վրա դարսված եւ զիգզագաձեւ կտրված թղթե շրջանակներն էր ծալում, մկրատով ճեղք անում, ապա բացում էր ծալվածքները եւ արհեստական ծաղկի թերթիկներն առանձնացնելով՝ լցնում արկղի մեջ: Դա այն գործն էր, որ սգապսակի արհեստական ծաղկի արտադրության շղթայի մեջ տղան պետք է աներ, բայց նա գործադուլ էր հայտարարել, որովհետեւ նեղացած էր: Նեղացած էր, որովհետեւ դասարանի պատուհանները ցելոֆանապատելու համար հավաքվող փողը միայն ինքը չէր տվել, եւ դասղեկն առավոտյան բոլորի առջեւ հայտարարել էր դրա մասին, իսկ երբ եկել ու մորն ասել էր, որ բոլորը տվել են, մայրն ասել էր, որ իրենք բոլորի հետ գործ չունեն:



Տղան մորը հիշեցրել էր, որ դասագրքերի փողը հավաքելու ժամանակ էլ իրենք բոլորի հետ գործ չունեին, Ուսուցչի օրվա ու դասղեկի ծննդյան օրվա ժամանակ էլ: Մոր աչքերը խոնավացել էին, ու ասել էր, որ եթե ծաղկի պատվեր լինի, անպայման կտա փողը: Տղան գիտեր, որ մի շաբաթ է, ինչ սգապսակ սարքողը ծաղկի պատվեր չի տվել, տանը փող չկա, եւ նա մորից չէր նեղացած, այլ անփողությունից:



Քանի դեռ վառարանն աղմուկով վառվում էր, տղան բազմոցին պառկած՝ նայում էր սպասքապահարանի վրա դրված աստվածաշնչյան թեմաներով ապակեպատ նկարին, որ վերջին տեսակցության ժամանակ հայրն էր իրեն նվիրել, եւ փորձում էր պատկերացնել, թե հիմա հայրը կալանավայրում ինչով է զբաղված` քնա՞ծ է, թե՞ ինքն էլ պառկած՝ իրենց մասին է մտածում: Երբ վառարանի կրակը հանգավ, տղան բարձրացավ պառկած տեղից եւ դուրս եկավ տնից՝ ծառի բարակ չոր ճյուղեր ու անվադողի ռետին բերելու: Մութ գիշեր էր, իսկ նա վախենում էր մթությունից: Մութ գիշերներին տնից դուրս` բակի խորքում գտնվող զուգարանից վերադառնալիս տղան միշտ սարսափազդու պատկերներ էր տեսնում, մութ ու գարշելի արարածներ, պոզավոր քաջքեր, որ հետապնդում էին նրան մինչեւ լուսավոր միջանցքը:



Տղան արագ քայլքով մոտեցավ ցախի կույտին, որ կեսօրին էր ջարդել տնամերձ հողամասի հենց սկզբում: Բարակ ճյուղերի ու մանրատված ռետինի մի խուրձ գրկելով՝ արագ ետ շրջվեց ու նույն պահին էլ զգաց, որ ինչ-որ մեկը հետեւում է իրեն: Նա գիտակցում էր, որ ոչ մեկն էլ չկա, որ դա իրեն է թվում, բայց նաեւ գիտեր, որ եթե հետ շրջվի, կտեսնի իր ծանոթ պոզուպոչով քաջքին: Վազելու ցանկությունը զսպելով՝ քայլեց դեպի տուն: Հետեւից ոտնաձայներ լսեց: Գիտեր, որ իր վախն է իրեն հետապնդում, բայց շրջվեց, մթության մեջ տեսավ պոզավորի ուրվագիծը եւ վազեց` այլեւս անկարող կառավարել իր վախը:



Տունը հազար ծակ ու ճեղք ուներ եւ արդեն սառել էր: Տղան վառեց վառարանը ու բազմոցին պառկելով, հայացքը հոր նվիրած սրբապատկերին հառած՝ սկսեց աղոթել: Առաջ, երբ դեռ սրբապատկերը չկար, տղան ինչ-որ նվիրական ցանկություն ունենալիս ուղղակի մտքում երազանք էր պահում՝ հուսալով, որ այն կկատարվի, բայց այն օրվանից, ինչ սրբապատկերը տանն էր, տղան արդեն որոշակիորեն գիտեր, թե ումից է կախված իր ցանկությունների կատարումը: Նա խնդրում էր, որ հայրը շուտ ազատվի բանտից, որ իր վախերն անցնեն, որ մայրը ծաղկի պատվեր ստանա: Իր ցանկությունների կատարման դիմաց տղան խոստանում էր մեղք չգործել, մասնավորապես՝ վերջ տալ ամենօրյա ձեռնաշարժությանը:



Տղան նայեց մորը, որ շարունակում էր մատները խոնավ սպունգի մեջ թրջել եւ առանձնացնել ծաղկաթերթիկները: Մայրը շրջվեց նրա կողմը, ժպտաց եւ շարունակեց գործը: Մոր մատները կարմիր թղթի հետ շփվելուց կարմրել էին: Հիմա, երբ տղան իր մտքում ցանկացել էր, որ ծաղկի պատվեր լինի, ու հույս ուներ, որ ցանկությունը կկատարվի,  անզորության գիտակցումից եկող նրա նեղացածությունն անցել էր:



Նա պառկած տեղից բարձրացավ, նստեց մոր կողքի թիկնաթոռին ու սկսեց  բացել թղթերի ծալվածքներն ու առանձնացնել թերթիկները: Մայրը թողեց այդ գործը տղային, իսկ ինքը կարմիր թերթիկները մետաղալարի վրա անցկացրեց եւ ճմռելով՝ դրանց մեխակի տեսք տվեց: Տղան ծաղկաթերթիկներն առանձնացնելով՝ լցնում էր ստվարաթղթե արկղի մեջ եւ նորից ու նորից մտքում կրկնում իր ցանկությունը, ինչպես ծնողներից համառորեն խաղալիք խնդրող երեխան է համոզելու համար պարբերաբար ներկայացնում իր պահանջը:



Տղան միշտ էլ իմացել էր, որ թղթե ծաղիկները մեռածների գերեզմանին դրվող սգապսակների պատրաստման համար են, բայց առաջին անգամ նա այդքան հստակ ու պարզ  ընկալեց իրադրությունը. որպեսզի իրենց ծաղիկները վաճառվեին, նախ պետք է մեկը մահանար, եւ տղան ամբողջ սրտով ցանկացավ այդ մեկի մահը: Նա փորձեց պատկերացնել այդ մեկին, ով պետք է մահանար եւ ում մահը մի կարճ ժամանակ ապրեցնելու էր իրենց:



Դա մի զառամյալ ծերուկ էր՝ հաստամարմին ու ճարպոտ, կնճռապատ անմարդկային դեմքով, չարությամբ ու դաժանությամբ լի հայացքով, նման այն հարուստ ծերուկին, որին շատ հաճախ տեսնում էր սգապսակների կրպակի հարեւանությամբ գործող խանութի մոտ: Սգապսակների կրպակատիրոջից տղան լսել էր, որ ձեռնափայտով քայլող, պարարտ մարմնով այդ ծերուկը բարձրաստիճան ոստիկան է, եւ բացի այդ, խանութը մի քանի այլ բիզնեսներ էլ ունի: Տղան արդեն ոչ թե ինչ-որ մեկի, այլ այդ ծերուկի մահն էր ուզում: Ծերուկը մեռնելու լավ թեկնածու էր, որովհետեւ մեռնողը պետք է հարուստ լիներ, որ նրա համար շատ ծաղկեպսակներ առնեին:



- Մամ, դու տեսե՞լ ես Սաքոյի բուդկի կողքի խանութի տիրոջը,-հարցրեց տղան՝ մատները թքոտելով ու ներկած թղթերն իրարից առանձնացնելով:



- Հա,-ասաց մայրը եւ հիշեց, որ Սաքոն ծերուկի հասցեին չարախոսելուց հետո ասել էր. «Էս տականքը տասը տարի անբուժելի հիվանդ ա, վաղուց պտի էն աշխարհում լիներ, բայց կպել ա կյանքից ու պոկ չի գալիս: Ե՞րբ պտի սատկի, որ մի քիչ պատվեր լինի»:



Մայրը հանկարծ հասկացավ, որ որդին էլ է նույնը մտածում, ինչ ինքը: Մայր ու որդի մի կարճ պահ նայեցին իրար եւ լուռ շարունակեցին աշխատել: Տղայի հայացքն ընկավ իր կարմիր մատներին, մի պահ թվաց, թե մատներն արյունոտ են, եւ ինքն իրենից խորշեց: Տղան հասկանում էր, որ մատները ներկից են կարմրել, բայց թրջելու համար այլեւս բերանը չէր տանում, այլ սպունգով էր թրջում:



Առավոտյան Սաքոն զանգեց ու ծաղիկ ուզեց, բայց մեռնողը, որի համար պսակներ էին պատվիրել, ծերուկը չէր, այլ տղայի համադասարանցին: Այդ օրվանից հետո տղայի վախն անցավ, եւ նա գիշերով զուգարանից հետ գալիս այլեւս պոզավոր չարքեր չէր տեսնում, բայց զգում էր, որ ինչ-որ հեռու տեղից իր համադասարանցին հետեւում է իրեն: Երբեմն նաեւ տեսնում էր նրան՝ դպրոցական պայուսակը  մեջքին առած, գլուխը խեղճ-խեղճ մի կողմի թեքած, թղթե կարմիր ծաղիկները ձեռքին: