Հացը թանկացավ, դեղն էլ չեժանացավ

Հացը թանկացավ, դեղն էլ չեժանացավ
Չնայած մարզպետի ձեռնարկած միջոցներին եւ սովետական բնույթի հրահանգներին, որ հացի գինը չթանկացնեն, փետրվարի 1-ից Սյունիքի մարզում 600 գրամանոց հացը վաճառվում է 240 դրամով:



Այն թանկացել է ընդամենը 30 դրամով, բայց վաճառողները նկատել են, որ բնակիչները հաց սկսել են քիչ գնել: «Եթե մինչեւ թանկացումը 5-6 հաց էր գնում մի ընտանիք, հիմա արդեն 3 հատ է գնում, չեն հասցնում»,-ասում է խանութներից մեկի աշխատակցուհի տիկին Անյան: Կան հաճախորդներ, ովքեր անգամ կշռում են հացը, նոր միայն վճարում: «4 հոգի ենք, մեր ընտանիքը 2-2,5 հաց էր գնում: Հիմա 1,5 եմ առնում: Չի հերիքում:



Գոնե հացը պիտի չթանկացնեին, ինչ ուզում է՝ թանկացնեին: Էլ համակերպվել ենք, բան չունենք ասելու, եթե երկրիս վիճակը սենց ա: Միայն հացը էժանացնեն»,-ասաց 55-ամյա տիկին Գոհարը: Կան խանութներ, որտեղ նույն հացը 230 դրամ է վաճառվում: Հացաթխման ձեռնարկությունների ղեկավարները պայմանավորվել էին գինը միասնաբար որոշել, որպեսզի ոչ ոք ոչ բարձր, ոչ ցածր գին չսահմաներ: Սակայն պարզեցինք, որ ոչ թե  փռերն են էժան տալիս, այլ խանութներում իրենց շահույթի հաշվին են զեղչում:



Վաճառողների խոսքով,  սպառողները նախընտրում են տանը հաց թխել. պարկով այլուր գնելն ավելի ձեռնտու է: Եթե հացը թանկացավ, ապա Սյունիքի մարզպետը դեղերի բիզնեսով զբաղվող սյունեցիներին հորդորել էր դեղորայքի գներն իջեցնել 10 տոկոսով: Դե եթե մարդը նորմալ չի սնվում, բնականաբար, հիվանդությունների աճ կգրանցվի: Մոտ 10 օր է անցել, բայց դեղատներում փոփոխություններ չկան:



Դեղորայքի շուկան Կապանում կիսում են  «Ալֆա ֆարմ»-ն ու «Նատալի ֆարմ»-ը: «Մինչեւ դեղորայք ներմուծող ընկերություններն իրենց գնացուցակներում փոփոխություններ չանեն, այստեղ դժվար թե որեւէ զեղչային համակարգ գործի»,- վստահեցնում են դեղատների աշխատակիցները։ Իհարկե, «Նատալի ֆարմ»-ի դեղատներում զեղչերի համակարգ գործում է, բայց սա որեւէ կապ չունի էժանացման հետ: Զեղչ, ըստ դեղատների աշխատակիցների, արվում է միայն այն դեպքում, երբ պիտանիության ժամկետն ավարտվելու վրա է լինում:



Բացի սրանից, ներկրված թանկարժեք դեղերի գներն էլ որոշ ժամանակ հետո զեղչվում են, քանի որ գնող չկա: «Ալֆա ֆարմ»-ի ներկայացուցիչ Մարգարիտա Գալստյանի խոսքով՝ «ամենաշատն իրացվում են սրտի կաթիլները եւ հաբերը, դրանց 10 տոկոսը նվազեցնելով՝ գնի մեջ զգալի փոփոխություն գրեթե չի լինի, իսկ թանկերն էլ զեղչելու տեղ չունեն», իսկ իրենք սպասում են մայրաքաղաքի իրենց վերադասի որոշմանը:



Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետի հետ հանդիպման ժամանակ դեղատների պատասխանատուները նշեցին, որ գրեթե մեկ ամիս է պետք էժանացման համար: Պահեստներում բավական շատ դեղորայք կա, որը պետք է իրացվի: Այս բիզնեսով զբաղվող տեղացիները գտնում են, որ եթե գնացուցակներում փոփոխություններ չլինեն՝  շատ քիչ դեղատներ կարող են իրենց շահույթի դեպքում իջեցնել գները: Ռիսկի գործոնն է մեծանում: Ամեն դեպքում, սյունեցիները ստիպված են գնել թանկացած հացն ու սպասել դեղերի գների իջեցմանը:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ