Մուբարքից մինչեւ Սերոբ Տեր-Պողոսյան

Մուբարքից մինչեւ Սերոբ Տեր-Պողոսյան
Անցնող շաբաթն այնքան լի էր իրադարձություններով ու դրանց արձագանքներով, որ դժվարանում եմ թեմաներն առանձնացնել ու մեկը մյուսին ստորադասել: Թերեւս գլխավոր իրադարձությունն արդեն 15 օր է՝ Եգիպտոսի դեպքերն են:



Ի դեպ, կարող ենք հետաքրքիր օրինաչափություն արձանագրել՝ մեր թերթի տպագիր եւ էլեկտրոնային տարբերակների ընթերցողների ճաշակը բավականին տարբերվում է: Եթե մեր կայքի այցելուները, որ նաեւ հիմնականում «Ֆեյսբուքում» ապրող մասսան է, առավելապես հետաքրքրված ու ոգեւորված էին Եգիպտոսի դեպքերով, ապա թերթի գնորդ-ընթերցողներին կարծես թե այլ թեմաներ են առավելապես հետաքրքրում, ասենք՝ մանկապիղծի ձերբակալությունը, ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները, թիվ 18 դպրոցի ճակատագիրը, Վանո Սիրադեղյանի դստեր բաց նամակը եւ այլն: Այս առումով կարող ենք արձանագրել, որ գուցե ինտերնետային զանգվածն ավելի ըմբոստ է, հայացքն ավելի շատ դեպի դուրս, քան թերթ կարդացողներինը:



Եվ այսպես, Եգիպտոս: Ոչ միայն մեր, այլեւ ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնված այս արաբական երկիրը տարբեր զգացումների տեղիք տվեց վերջին օրերին: Մարդկանց մի մեծ խումբ, շունչը պահած, սպասում էր եւ հասավ Մուբարաքի հրաժարականին, կարծես իր կյանքում դրանից ինչ-որ բան էր փոխվելու: Սրանք այն մարդիկ են, ովքեր ժամանակին հրապարակից տուն չէին գնում եւ երկրի, ազգի փրկությունը տեսնում էին միայն իշխանափոխության, իսկ ավելի ստույգ՝ Սերժ Սարգսյանի հեռանալու մեջ:



Սա Տեր-Պետրոսյանից ու Շարժումից հիասթափված մասսան է եւ կարծում է, որ «Լեւոնն իրենց դավաճանեց»՝ «պայքար-պայքար մինչեւ վերջ» բղավելով, պայքարը կիսատ թողեց, իսկ իրենց՝ անտեր: Նրանցից մեկն օրինակ՝ խմբագրություն էր բերել Հայ ազգային կոնգրեսի թռուցիկը, որը, կարծեմ, Աշոտ Սարգսյանն է կազմում, եւ մատնացույց էր անում «Ինչու է պետք ոչնչացնել փոքր եւ միջին բիզնեսը կամ միջին խավը» հոդվածը, որտեղ անհայտ հեղինակը (ստորագրություն չկա) նկարագրում է, թե ինչու է իշխանությունը հրահրում սոցիալական բունտ՝ այն ներկայացնելով որպես քաղաքական պայքարից մարդկանց շեղելու միջոց:



Գրում է. «Դրանից հետո ընդամենը տեխնիկայի հարց է՝ գտնել մի Գապոն քահանա, որը խաչը ձեռքին՝ նրանց կառաջնորդի դեպի «Ցարի պալատ»՝ դեպի «Արյունոտ կիրակի»: Այսինքն՝ իրենց համար 50 տոկոսանոց վտանգավոր սոցիալական «բունտով» չեզոքացնել քաղաքական 100 տոկոսանոց վտանգը: Սա նրա փրկության վերջին հույսն է»: Թողնենք այն, որ ֆանտաստիկ բան է նկարագրում հեղինակը, իբր իշխանությունն այնքան վստահ է իր ուժերին, որ կարող է հրահրել սոցիալական բունտ, ապա այն ճնշել ու կառավարել:



Թողնենք նաեւ այն, որ այս բարդ նախադասությունների տակ Կոնգրեսն ընդամենը պայքարում է Տիգրան Կարապետիչի դեմ: Անդրադառնանք իրենց 100 տոկոսանոց «քաղաքական» եւ սոցիալական բունտի 50 տոկոսանոց «վտանգին»: Նախ, մարդկության պատմությունը սոցիալական հաջողված բունտերի շատ ավելի օրինակներ ունի, քան քաղաքական հեղաշրջումների: Երկրորդ. ցանկացած քաղաքական շարժում ունի մի նպատակ՝ բարեկեցիկ կյանք, սոցիալական ապահովություն, մարդու պահանջների առավել լիարժեք բավարարում:



Այսինքն՝ ուղղված է դեպի կոնկրետ մարդը, կենդանի մարդը, այլ ոչ թե մի խումբ մարդկանց իշխանության բերելուն: Եվ շատ ավելի ազնիվ է այն շարժումը ու շատ ավելի արդյունավետ, երբ մարդիկ պայքարում են իրենց իրավունքների, այդ թվում՝ ապրելու, վաստակելու, աշխատելու իրավունքի համար: Ինչպե՞ս կարելի է նսեմացնել քաղաքացիական հասարակության պայքարը, ձգտումը դեպի բարեկեցիկ կյանք: Ինչպե՞ս կարելի է թերագնահատել այն:



Ճիշտ հակառակը՝ մեզանում միշտ պակասել են քաղաքացիական կամքը, սեփական շահը ձեւակերպելու եւ այդ շահի համար կռիվ տալու արիությունը: Ո՞վ է ասել, թե Ղարաբաղը Հայաստանին միացնելու պահանջն ավելի ազնիվ ու արդար է, քան լույսի, հացի, ջերմության, ապահովվածության պահանջը: Ի վերջո, ղարաբաղյան շարժումն էլ իր հիմքում սոցիալական հենք ուներ՝ Ղարաբաղում բնակվող մեր հայրենակիցների լիարժեք ապրել չկարողանալու, օտարի լծի տակ բարեկեցիկ կյանքով ապրել չկարողանալու հանգամանքը:



Վերջապես, ո՞ւր է այդ քաղաքական «100 տոկոսանոց» վտանգը, ինչո՞ւ մենք չենք տեսնում, չենք զգում այն: Արտոնված միտինգների, հավասարակշռված քայլերի, արյունահեղությունից խուսափելու, սխալներ թույլ չտալու վախը կարծես թե գերազանցել է ամեն ինչին: Իսկ Եգիպտոսում ոչնչից չվախեցան, կանգնեցին ու ապացուցեցին, որ կա ժողովրդի հավաքական կամք, որի առաջ անզոր է ամեն ինչ: Անզոր են տանկերն ու միջազգային հանրությունը: Անզոր է մինչ այդ զորեղ համարվող իշխանությունը: Հորինված են արաբական մենթալիտետի ու իշխանություններին երկրպագելու արեւելյան ավանդույթները: Անգամ առաջնորդի եւ քաղաքական ծրագրի կարիք չկա՝ ժողովրդի ցասումն ու պահանջը ինքնակառավարվող երեւույթներ են:



Եգիպտական դեպքերի ֆոնին ինչքա՜ն ծիծաղելի են թվում մեր քաղաքական ուժերի գզվռտոցն ու մանր-մունր խնդիրները: Շուրջ մեկ տարի է՝ պարբերաբար ասպարեզ են նետվում լուրեր, թե ԲՀԿ-ն դուրս է գալիս կոալիցիայից: Սակայն ԲՀԿ «ողջամիտ» մասսան ամեն անգամ հարթում է այդ հակասությունները՝ հաղթում է կերակրատաշտին մոտ լինելու պրագմատիզմը: Ոչ ոք չի ուզում զրկվել պաշտոնից, լծակներից ու փողից:



Դրան գումարած՝ հավերժ վախը հարկայինի, մաքսայինի, դատախազության նկատմամբ: Ըստ էության, մեղադրել էլ չի կարելի. վերջին 15-20 տարում այնքան բիզնես են խլել, այնքան մարդիկ են քաղաքական հայացքների համար պատժվել, երկրից վռնդվել, որ «տառապանքը փորձ ունի»:



Մյուս կողմից՝ ոչ քաղաքական պայքարի փորձ ունեն, ոչ մի քանի քայլ առաջ հաշվարկելու ընդունակություն, եւ խոշոր փոփոխությունը անհայտության, անորոշության զգացում է ծնում ԲՀԿ-ականների մեջ: Պատահական չէ, որ մեր ամենասիրելի ասացվածքներն են «նաղդը թողած՝ նիսյայի հետեւից չընկնելու», «փորձած թանը անփորձ մածունի հետ չփոխելու», «ով էշ՝ մենք փալան» եւ այլ ամոթալի ու պնակալեզ արտահայտությունները:



Այնպես որ, ԲՀԿ-ն նաղդը նախընտրեց նիսյայից: Ինչ վերաբերում է չկոտրվելու, սեփական արժանապատվությունն ամեն ինչից բարձր դասելու, սեփական դեմքը փրկելու մարտավարությանը, ապա քանի որ մեզանում ընտրություն ու ընտրողի կարծիք չկա, ըստ այդմ էլ՝ հասարակական կարծիքից կախումը խիստ փոքր է, ուստի եւ անարժեք: Այդ կարծիքի վեկտորները զգում ենք մենք՝ լրագրողներս, եւ մեկ էլ որոշ սոցիոլոգներ, սակայն այս երկու խավին էլ պարզապես թույլ չեն տալիս իրենց տեսածը, զգացածն ու լսածը անխաթար փոխանցել: Լրագրողներին, սոցիոլոգներին եւ ընդհանրապես՝ բոլորին «առնելու» մեխանիզմներին մերոնք շատ ավելի արագ ու հաճույքով տիրապետեցին, քան հասարակական կարծիքի համար ազնիվ պայքարի մեթոդներին:



Եվ վերջապես. շաբաթն ուրախալի էր նաեւ նրանով, որ լրագրողական համայնքը մի փոքրիկ հաղթանակ տոնեց՝ մանկապղծության մեջ մեղադրվող անձին կալանավորեցին: Եվ սա այն քիչ դեպքերից է, որ բոլորս ենք ողջունում կատարվածը՝ հաշվի չառնելով ոչ այդ անձի տարիքը, ոչ Հայաստանում կատարած ներդրումներն ու բացած աշխատատեղերը, ոչ պարզ մարդկային կարեկցանքը, որ սովորաբար կարելի է ունենալ բանտում հայտնված անգամ մեղավոր անձի նկատմամբ: Այս դեպքում արդարությունն է հաղթանակել: Տա Աստված՝ նրա հաղթարշավը շարունակվի եւ մյուս բնագավառներում: