Կրակողն ազատության մեջ է, տուժածը՝ ձերբակալված

Կրակողն ազատության մեջ է, տուժածը՝ ձերբակալված
Ուրբաթ օրը խմբագրություն էր զանգահարել Սեւան քաղաքի բնակչուհի այրի Անժելա Գալստյանը եւ խնդրում էր օգնել իր ընտանիքին` Սեւանի «ոստիկանական մաֆիայի խարդախություններից եւ հետապնդումներից ազատվելու համար»:



Տիկնոջ պատմելով՝ 2010-ի դեկտեմբերի 20-ին Սեւան քաղաքի ռեստորաններից մեկում կրակել են իր որդու՝ Մարատ Գալստյանի վրա, եւ վերջինս թոքի վնասվածքով շուրջ տասնհինգ օր պառկել է Հրազդանի հիվանդանոցում ու «հրաշքով» կենդանի մնացել: Ավելին՝ այսօր Մարատ Գալստյանն է ձերբակալված, իսկ կասկածյալը՝ ազատության մեջ: Գալստյանների ընտանիքը համոզված է, որ Մարատի ձերբակալումը հաշվեհարդար է ինչպես կասկածյալի, այնպես էլ տեղի ոստիկանության կողմից:



Դեպքի առիթով Գալստյաններն իրենց ցուցմունքներում իբրեւ կասկածյալ են ներկայացրել նույն քաղաքի բնակիչ 28-ամյա Արմեն Հարությունյանին՝ «Կյաժ» մականունով: «Բանը նրանում ա, որ էդ Կյաժը ման ա գալիս մյուս հարսիս հետ (մյուս որդին մի քանի տարի է` նստած է), եւ Մարատս քանի անգամ ասել ա՝ հեռու մնա հարսիցս: Դրա համար որոշել են տղուս արանքից հանեն»,-պատմում էր տիկինը:



Պարզվում է, սակայն, որ Սեւանի իրավապահները բավարար ապացույցների բացակայության պատճառաբանությամբ հրաժարվել են ձերբակալել կասկածյալին: «Ռեստորանի մատուցողն էլ է ցուցմունք տվել, որ դեպքի պահին բակում նա տեսել է Կյաժի «ջիպը», բայց, չգիտես ինչու, քննիչներն ասում են, որ դա հիմք չէ, պետք է ավտոմատը ձեռքին բռնացնել, համ էլ ասել էին, որ էդ իրա հոր ավտոն ա»,-ասաց տիկին Անժելան` հավելելով. «Դե Կյաժը մի քանի կոպեկ փող ունի, մեծ խանութ, մի քանի տուն, բանակ չի գնացել, իմիջիայլոց, մեզ մոտ ընենց ա, որ անմիջապես գժի թուղթ են հանում:



Մի խոսքով՝ իրա ուզած ձեւով ֆռռում ա, իրա ուզած ձեւով անում ա, ինչի՞ պիտի իրան մեղադրեն»: Ավելին՝ տիկին Անժելան համոզված է, որ դա եղել է նախօրոք ծրագրված, եւ դեպքի օրը իրենց հեռավոր ազգականներից Սարգիսն է Մարատին «Կյաժի պատվերով» հրավիրել ռեստորան: Ինչեւէ, տիկնոջ պատմածով՝ Կյաժը կարողացել է չոր դուրս գալ այս պատմությունից եւ գտնվել ազատության մեջ:



Հուսահատված Գալստյանները փորձել են «Թեժ գծի» միջոցով իրենց խնդիրը բարձրաձայնել, ինչը, փաստորեն, չարիք է դարձել հենց իրենց գլխին ու մնացել անարձագանք: 2011-ի հունվարի 28-ին Գալստյաններին զանգել եւ Մարատին ու կնոջը կանչել են ոստիկանություն՝ իբր իրենց հերթական ցուցմունքը տալու: «Էդ Սարգիս կոչեցյալը ելումուտ ուներ մեր տուն եւ, փաստորեն, ոստիկաններին տեղյակ էր պահել, որ «Թեժ գիծ» ենք արդեն զանգահարում, իրանք էլ վախեցել էին ու մեզնից առաջ ընկել»,-ասում էր տիկինը:



Ոստիկանությունում նրանց դիմավորել է ոչ թե գործով քննիչ Վ. Ղարիբյանը, այլ ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արմեն Հարությունյանը եւ ուղարկել իր տեղակալի մոտ, ով, կնոջ պատմելով՝ ասել է. «Նայի, մերդ զանգել ա «Թեժ գիծ», եթե մեր համար մի բան լինի, ուրեմն դու պիտի Սեւանից փախնես»: Հետո իբր նույն տեղակալն իր մոտ է կանչել երեք երիտասարդի՝ ներկայացնելով իբրեւ «Թեժ գծի» աշխատակիցներ (հետագայում, սակայն, պարզվել է, որ դրանք Աբովյանի «օրգանի» աշխատողներ են), ովքեր ասել են, թե պիտի տանեն նախարարություն:



«Հարսս՝ ութ ամսական հղի, վատ ա զգացել եւ ասել ա, որ ինքը գնա տուն՝ սկեսրոջն ուղարկի; Բացի էդ, ասել ա, որ տղուս դեղերի ժամն է: Բա, աղջիկ ջան, տղես կես մարդ դառավ, հիմա մի թոքով ա ու ամբողջ օրը դեղ ա խմում, բայց քաշքշելով նրանց տարել են Աբովյան ու տղիս ձերբակալել»: Տիկնոջ պատմածով՝ նույն Սարգիսը, մի քանի ամիս առաջ անասնագողության մեջ մեղադրվելով, կեղծ ցուցմունք է տվել, թե իբր Անժելայի տղայի հետ է Հրազդանից ոչխար գողացել:



«Իրականում դա պատվեր է, եւ արդեն պատրաստվում են գժի թուղթ հանել՝ նրան ազատ արձակելու համար: Բայց որ իմ երեխեն մի թոքով ա, ու սաղ գիտեն, թե բանտում ինչ պայմաններ ա, պիտի նստի»: Ի դեպ, տիկին Անժելայի հարսը հունվարի 28-ին «սթրեսից» վաղաժամ ծննդաբերել է:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ