Դատավորը ծեծի, կարգադրիչները պատասխան տան

Դատավորը ծեծի, կարգադրիչները պատասխան տան
Մենք արդեն անդրադարձել ենք 2010-ի նոյեմբերի 8-ին  Լոռու մարզի վարչական դատարանի բակում նույն դատարանի դատավոր,  28-ամյա Արման Թովմասյանի եւ դատական  4 կարգադրիչների կողմից ծեծի ենթարկված եւ ներկայումս կալանավորված Աշոտ Հարությունյանի գործին: Գրել էինք, որ գործը պետք է քննվի Հատուկ քննչական ծառայությունում, սակայն դա չի արվում: Այնուամենայնիվ Լոռու մարզի քննչական բաժանմունքում հանգել են հետեւության, որ կարգադրիչների գործողություններում հանցագործության տարրեր կան, եւ գործն ուղարկվել է ՀՔԾ:



Սակայն Աշոտ Հարությունյանի փաստաբանը համոզված էր, որ հիմա էլ այստեղ են փորձում ամեն գնով կոծկել գործը: Նախօրեին 1 ամսով կրկին երկարաձգվել է Աշոտ Հարությունյանի կալանավորման ժամկետը: Մեր տեղեկություններով, չկարողանալով ամբողջ մեղքը բարդել Աշոտի վրա, ՀՔԾ-ն որոշել է գործ հարուցել ծեծի փաստով, սակայն որպեսզի դատավորին ջրից չոր հանեն, կանչել են վիճաբանությանը մասնակից դատական 4 կարգադրիչներին եւ առաջարկել, որ իրենց վրա վերցնեն ամբողջ մեղքը: Դրա դիմաց խոստացել են մեղմ պատիժ:



Փաստաբան Տիգրան Հայրապետյանը հաստատեց մեր տեղեկությունները, որ գործը հենց այդ ընթացքով է գնում: Աշոտին հավանաբար շուտով ազատ կարձակեն: Մենք տեղեկացանք, որ վերոնշյալ դատավորը Մալաթիայի դատավոր Ռազմիկ Թովմասյանի որդին է եւ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի մտերիմը: Ի դեպ, վերջերս նրան տեղափոխել են ավելի բարձր ատյան՝ ՀՀ վարչական դատարան: Հավանաբար մարդ ծեծելու համար պարգեւատրել են: