ԲՀԿ-ի 5-րդ առեղծվածային համագումարը

ԲՀԿ-ի 5-րդ առեղծվածային համագումարը
ՀՀԿ-ԲՀԿ գզվռտոցը ինչպե՞ս կհանգուցալուծվի, կհայտարարե՞ն  Սերժ Սարգսյանին սատարելու մասին, թե՞ կլքեն կոալիցիան: Այս հարցերի պատասխանը խոստանում էին կոնկրետացնել ԲՀԿ 5-րդ համագումարում, որը տեղի ունեցավ շաբաթ օրը: Սակայն այդպես էլ ոչինչ չհստակեցվեց, անակնկալներ չեղան, միայն ակնարկվեց ծայրահեղ դեպքում արտահերթ համագումար հրավիրելու անհրաժեշտության մասին:



Մինչ Ծառուկյանի ակնարկներին անդրադառնալը, նախ նկարագրենք Մարզահամերգային համալիրում տիրող մթնոլորտը: ԲՀԿ համագումարը նախորդներից ու ընդհանրապես հայաստանյան բոլոր համագումարներից տարբերվեց հենց մուտքից: Լրագրողներին, չգիտես ինչու, որոշել էին տնտեսական մուտքով ներս թողնել, այն էլ՝ «էխո» անելուց հետո: Զննման աշխատանքները սովորականից ավելի մանրակրկիտ էին: ԲՀԿ անվտանգությունն ապահովող երկու երիտասարդ ամենայն մանրամասնությամբ ստուգում էին լրագրողների պայուսակները՝ ընդհուպ կոսմետիկան:



Պայուսակներն ստուգելիս նրանցից մեկը ոգեւորված բացականչեց՝ ասես ինչ-որ կոմպրոմատ հայտնաբերած լիներ. «Էս ի՞նչ գազըվի բալոնչիկ ա»: Բայց պարզվեց, որ «գազըվի բալոնչիկը» «տոնալնի կրեմի» տուփ է: Դահլիճի դռան մոտ եւս լրագրողների «զինաթափման» մի ուրիշ փորձություն էր սպասվում: Երբ փորձեցինք մուտքից ներթափանցել, մի դեղնակտուց ԲՀԿ-ական հրամայեց՝ «հանվի»: Ինչպե՞ս թե: Մինչեւ որտե՞ղ: Ապուշ կտրած, փորձում էինք  հասկանալ՝ դա վերադասի՞ հրամանն է, թե՞ իր ցանկությունը: Պարզվեց՝ խոսքն ընդամենը վերարկուի մասին էր՝ դահլիճի անթերի տեսքը չաղավաղելու համար: Մեզ մնում էր հնազանդվել, չնայած «կլիմայական» պայմաններին՝ դահլիճը գրեթե չէր ջեռուցվում:



Մի քանի րոպեից սկսվեց իրարանցում, ցրտահարված մարդիկ  սկսեցին բանակցություններ վարել, որպեսզի թույլ տան վերարկուներով նստել համագումարին: Ցուրտը ամենաքիչը լրագրողները զգացին, քանի որ դահլիճի մի ծայրից մյուսն էին վազում՝ հյուրեր պեղելու, հարցազրույցներ անելու հույսով: Բոլորն իրարից հետաքրքրվում էին՝ արդյոք ներկա՞ են այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: Վերջապես գտնվեցին երկու դաշնակցականներ՝ Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը, «Ժառանգությունից» էլ ներկա էր Ստեփան Սաֆարյանը:



Իր վերաբերմունքը չէր թաքցրել ՕԵԿ-ը. նույնիսկ Բիշարյանը չէր եկել, փոխարենը դելեգատ էին ուղարկել շատերին անհայտ պատգամավոր Խաչիկ Հարությունյանին: Հանկարծ իրարանցումը միանգամից հանդարտվեց ու ցնծության ալիք բարձրացավ՝ խրոխտ քայլերով  դահլիճ մտան առաջնորդները՝ Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանն ու Գալուստ Գրիգորիչը:



ԱԶԱՏԻՉՆ ՈՒ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԳԼՈՒԽ-ԳԼԽԻ ԷԻՆ ՏՎԵԼ



ԲՀԿ ղեկավարի ելույթից առաջ նախ ցուցադրվեց համր ֆիլմ՝ իբր կուսակցության գործունեության հաշվետվությունը, որն ավելի ճիշտ՝ գովազդային «ռոլիկ» էր: Ռիթմիկ երաժշտության ներքո ցուցադրվում էր, թե ճերմակազգեստ Գագիկ Ծառուկյանը ում ինչ է տվել ու դրա դիմաց որքան մեդալ, շքանշան ու պատվոգիր ստացել: Հատկապես չէր մոռացվել Ծառուկյանի կերած աղն ու հացը: Ցուցադրության ընթացքում Ծառուկյանը մերթընդմերթ, հոլիվուդյան ատամնաշարը ցուցադրելով՝ Սերժ Սարգսյանի ականջին ինչ-որ բան էր փսփսում, սակայն Ազատիչի հայացքը անթարթ՝ էկրանին էր ուղղված:



Պարզ չէր՝ իրենց միջեւ առկա լարվածությունը հարթված ցույց տալու համա՞ր էին բոլորին ի ցույց գլուխ-գլխի տվել, թե՞ ինչ-որ մութ ծրագիր էին մշակում: Նախընտրական քարոզարշավի «ռոլիկը» ցուցադրելուց հետո Ծառուկյանն ականջ խլացնող ծափերի ներքո բարձրացավ բեմ: Իր գրավոր ելույթի առաջին նախադասությունները սահեցնելուց հետո սկսեց կռիվ տալ բառերի հետ: Ակնհայտ էր, որ հուզված էր, տեքստն էլ ուրիշն էր գրել, եւ սպասվածից ավելի շատ էր սայթաքում տողերի արանքում:



Չնայած տեքստը կարողացավ ավարտին հասցնել, բայց համագումարը կիսատ թողնելով, իր ելույթից հետո Սերժ Սարգսյանի հետ լքեց դահլիճը, ինչը բոլորի համար անսպասելի էր: Լրագրողները վազեցին նրանց հետեւից՝ այն հույսով, թե նախ նախագահին, ապա Ծառուկյանին կխոսեցնեն: Բայց պարզվեց՝ Ծառուկյանն ու Ազատիչը փակվել էին  առանձնասենյակում: Օգտվելով առիթից՝ դահլիճը լքեցին նաեւ բազմաթիվ շփոթահար կուսակցականներ, որոնք կարծեցին, թե Ծառուկյանն անվերադարձ հեռացել է, համագումարն էլ՝  ավարտվել:



Մինչ լրագրողները մուտքի դռան մոտ կես ժամ խմբված փորձում էին Ծառուկյանին բռնացնել, վերջինս  Ազատիչի հետ 20 րոպե խորհրդակցելուց հետո կիսադատարակ դահլիճ էր մտել այլ մուտքով: Ուշագրավն այն էր, որ Ծառուկյանը նախագահի հետ խորհրդակցելուց հետո թերեւս որոշել էր լրագրողներին պատասխանը տալ բեմից, այլ ոչ թե ճեպազրույցում: Հավանաբար խուսափելով հարցերի տեղատարափից: Իսկ զավեշտն այն էր, որ այն պահին, երբ նա խոսքն ուղղել էր լրագրողներին, ներսում գրեթե լրագրող չկար: Կուսակցության նախագահի պաշտոնում ձեւական վերընտրությունից հետո Ծառուկյանը հանպատրաստից ելույթ ունեցավ՝ ասելիքը կառուցելով մամուլի ծախվածության եւ ոչ թե ԲՀԿ-ՀՀԿ գզվռտոցի հանգուցալուծման վրա:



Ի դեպ, հանպատրաստից ելույթն ավելի հաջող ստացվեց, քան գրավորը: Սերժ Սարգսյանի հետ առանձնանալուց հետո Ծառուկյանը բավականին էմոցիոնալ էր դարձել: Անընդհատ շնորհակալություն էր հայտնում իր կուսակիցներին, որ իրեն հավատում ու վստահում են: «Երբեք ու երբեք չկասկածեք, որ Ծառուկյանն ինչ-որ շահի, անձի սեփական շահերի համար կարող է պատահի դուք իր փոխարեն ամաչեք կամ ժողովուրդը ամաչի... Եթե մենք ընդհանուր պատասխանատու ենք երկրի համար, ժողովրդի, մեր կուսակցության ծրագրի համար, ուրեմն բոլորիս միտքը, ծրագիրը, գաղափարը մեկը պետք է լինի:



Եթե մարդ պատասխանատվություն է վերցնում, նա հասկանում է ինչի տակ է մտնում, ինչ պատասխան պետք է տա: Այսինքն, եթե դա սպասում է ժողովուրդը, իր կոլեկտիվն ու կուսակցությունը, ուրեմն համապատասխան այդ մարդը իրավունք չունի իր անձնականի մասին մտածելու: Կարող է իր անձնականը կորցնել, բայց հանուն այդ հավատի՝ մենք երբեք մեր գլուխը չենք կարող կախել: Ինչ որ սկսել ենք, միասնական տանելու ենք: Անկախ նրանից՝ մարդիկ ոնց կմտածեն, ինչ կանեն, հիմնականում դա վերաբերվում է լրատվական ծառայություններին, որոնք մեծամասնությամբ պատվերներ են կատարում, հարգելի  լրագրողներ, այստեղ նստած եք, ինչ որ պետք է, Ծառուկյանը ձեզ կասի, պատվեր մի կատարեք, չի կարելի»:



Անհասկանալի պատգամն ընդհատվեց ծափերով: «Ես այսօր կարող եմ մեկ հայտարարություն էլ անել, որը բոլորին անակնկալ է լինելու: Լրագրողները միշտ սպասում էին անակնկալ, ոչ մի անակնկալ էլ չկար: Հերթական սովորական մեր, ասենք թե, համագումարն էր, բայց ես կարող եմ ասել, եւ սիրելի լրագրողներն էլ իհարկե, դա ձեր աշխատանքն է, դուք կարող եք տպագրել, որ պարոն Ծառուկյանը այդ վստահությունը, հարգանքը ժողովրդի կողմից, իր թիմի կողմից ունի, ինչ-որ մի պահի զգա՝ դա լիարժեք ինքը չի կարող իրականացնել, ուրեմն համապատասխան արտահերթ համագումար կհրավիրի եւ արժանապատիվ դուրս կգա: Ում ժողովուրդը կցանկանա, կվստահի եւ իմ թիմը, իմ կուսակիցները, ուրեմն նա էլ կղեկավարի: Ես անակնկալն ասեցի, եթե Ծառուկյանը զգա, որ չի կարողանում այդ աշխատանքը կատարել, ձեր վստահությունը, մեր ժողովրդի ու կուսակիցների ու ընկերների համար, ուրեմն արտահերթ համագումար է հրավիրելու, իհարկե ձեր ցանկությամբ պատվիրակների, պատգամավորների, ում առաջարկեք, ես  պատրաստ եմ»:



Ապա ԲՀԿ-ականները շտապ-շտապ լքեցին դահլիճը եւ անգամ ամենաշատախոսները խուսափեցին լրագրողներից: Երբ Արամ Սաֆարյանից մեկնաբանություն խնդրեցինք տեղի ունեցածի վերաբերյալ, շփոթված մատնացույց արեց դիմացը, թե՝ «մոտեցեք՝ կպատասխանեն»: ԲՀԿ-ականների դեմքերից երեւում էր, որ իրենց համար էլ անհայտ մնաց իրենց կարգավիճակի հարցը: