Ինտրիգները շարունակվում են, պարոնայք երդվյալ ատենակալներ

Ինտրիգները շարունակվում են, պարոնայք երդվյալ ատենակալներ
Քաղաքական շրջանակներից մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը ԲՀԿ համագումարով չի ավարտվել՝ չնայած Սերժ Սարգսյանը ծափահարում էր Գագիկ Ծառուկյանի ելույթի ժամանակ, որի ընթացքում Ծառուկյանն այդպես էլ չհայտարարեց նախագահական ընտրություններում նրան սատարելու մասին:



Որոշ տեղեկություններով, մինչեւ շաբաթվա վերջ, հնարավոր է արդեն այսօր, ԲՀԿ է ուղարկվելու կոալիցիոն նոր հուշագիրը: Հիշեցնենք, որ նոր հուշագրում նախանշվել են կոալիցիոն կուսակցությունների համագործակցության եզրերը 2012 եւ 2013 թվականներին, ասել է թե՝ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում: Անցյալ շաբաթ ՀՀԿ գործկոմի նիստում Սերժ Սարգսյանը գործկոմին էր ներկայացրել այն: Կստորագրի՞ ԲՀԿ-ն, թե՞ ոչ՝ կերեւա առաջիկայում: Որոշ տեղեկություններով՝ Ծառուկյանին նրա շրջապատում խորհուրդ են տալիս գնալ մինչեւ վերջ: Փոխարենը՝ ԲՀԿ-ական պաշտոնյաներն ու մեծահարուստները խոստացել են մաղարիչ անել, եթե ԲՀԿ-ն չլքի կոալիցիան, ու իրենք մնան իրենց պաշտոններում:



Մենք արդեն գրել ենք, որ Ծառուկյանը սատարման դիմաց վարչապետի պաշտոնն է պահանջել: Որոշ աղբյուրներ պնդում են, որ նման հարց Սերժ Սարգսյանի առաջ դրել է Ռոբերտ Քոչարյանը: Ավելին՝ ասվում է, որ Մեդվեդեւի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ վարչապետ դառնալու Քոչարյանի ցանկության մասին, սակայն Մեդվեդեւի կողմից ոչ դրական, ոչ բացասական պատասխան չի եղել: Ակնհայտ է նաեւ, որ Սերժ Սարգսյանը չի կարող Քոչարյանին զիջել վարչապետի պաշտոնը, եթե զիջի, պետք է հրաժարականի դիմում գրի դրանից առաջ:



Մեր տեղեկությունները ճշտելու համար դիմեցինք ԲՀԿ-ին: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը մեր հարցրին, թե իրո՞ք առաջիկայում նոր հուշագիրն ուղարկվելու է ԲՀԿ՝ ստորագրության, Արամ Սաֆարյանը խուսանավեց. «Այս պահին ես որեւէ տեղեկություն չունեմ: Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր հետեւողականորեն այս միտքը մեզ փորձում են մատուցել լրագրողների միջոցով, որովհետեւ վստահ եմ, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի մեջ կան այնպիսի վստահելի գործընկերային հարաբերություններ, որ այդ բանն ուղղակի կարող են մեզ ասել»: Մեր հարցին, թե ինչպես են վերաբերվում նրան, որ հանրապետականները կրկին պնդում են կողմնորոշվելու հարցը, ԲՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց. «Ես զարմանում եմ, որ կողմնորոշվելու հարց կա այն բանից հետո, ինչ ասվեց մեր համագումարում: Մենք վաղուց կողմնորոշված ենք»: Ասել է թե՝ պաշտպանելո՞ւ եք Սերժ Սարգսյանին,- հստակեցրինք մենք: «Մենք ամեն ինչ այդ թեմայով ասել ենք, համագումարում ամեն ինչ ասվել է»,- հայտարարեց ԲՀԿ-ականը, եւ մեր դիտարկմանը, թե սատարելու հայտարարություն այնուամենայնիվ չի եղել, հակադարձեց. «Դա ձեր մեկնաբանությունն է»:



«Մենք գտնում ենք, որ բոլոր այն ուժերը, որ մեզ հետ են, միասին են, պիտի սատարեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,- երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ հավելելով. «Մենք միասին ճանապարհ ենք անցնում եւ քաղաքական, եւ տնտեսական: Մենք՝ հանրապետականներս, գտնում ենք, որ էդ ծրագրի երաշխավորը պիտի լինի Սերժ Սարգսյանը: Ովքեր ցանկանում են՝ մեզ հետ կգան, ովքեր չեն ցանկանում՝ չեն գա»: Երեկ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին հարցրինք, թե ո՞ւմ դիրքերն ավելի ամրապնդվեցին ԲՀԿ համագումարում, քանի որ սատարելու մասին հայտարարություն չեղավ: «ԲՀԿ-ն երբեւիցե չի խոստացել, որ պիտի հայտարարի: Ինչ-որ ակնկալիք չկար հայտարարության տեսքով: Եթե Դուք մտածում եք քաղաքական բանաձեւերի մասին, դա բոլորովին ուրիշ տրամաչափի է, համագումարի խնդիր չի»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը: «Ինչպե՞ս է գնահատում ԲՀԿ համագումարը» հարցին ՀՀԿ-ականը պատասխանեց. «Հերթական, տեղը տեղին համագումար էր»:



Հետաքրքրվեցինք նաեւ, թե ԲՀԿ ուղարկվելո՞ւ է նոր հուշագիրը: «Եթե որեւէ լուրջ խնդիր լինի, մենք կհրապարակենք: Ես ասում եմ՝ խնդիր գոյություն ունի, կա էդ խնդիրը: Մենք ճանապարհ պիտի անցնենք, բոլոր քաղաքական ուժերն իրենց տեսակետը պիտի արտահայտեն: Խնդիրը վերաբերում է առաջիկա պառլամենտական ընտրություններին»: «Իսկ ինչո՞ւ Դուք եւ Սերժ Սարգսյանը շուտ լքեցիք ԲՀԿ համագումարի դահլիճը, Ձեզ ի՞նչը դուր չեկավ» հարցին Գալուստ Գրիգորիչը պատասխանեց. «Երբ համագումարում կուսակցության նախագահը ելույթ է ունենում, ելույթները վերջանում են, այլ կուսակցությունները հեռանում են»:



«ԲՀԿ համագումարին նախորդող օրերը բնութագրվում են հոգեբանական դիմակայությամբ, թե ում նյարդերն առաջինը տեղի կտան: Համագումարի ընթացքում պարզ դարձավ, որ Գագիկ Ծառուկյանի նյարդերը բավականին պինդ են»,- ԲՀԿ համագումարի առթիվ մեզ հետ զրույցում տեսակետ հայտնեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: «ԲՀԿ-ն պահպանում է այն բնականոն առավելությունը, որն ունի. այն է՝ մինչեւ խորհրդարանական ընտրությունները խորհրդավոր պահել հարցը, թե ում է պաշտպանելու նախագահական ընտրություններում, Սերժ Սարգսյանին պաշտպանելու հեռանկարը պայմանավորելով խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի գործելակերպով»:



Ըստ քաղաքագետի՝ եթե Սերժ Սարգսյանն ուզում է, որ իշխանական դաշտի բոլոր կուսակցություններն իրեն պաշտպանեն, ինքը պետք է ցույց տա, որ հավասարապես շահագրգիռ է իշխանական բոլոր կուսակցությունների հեղինակության բարձրացմամբ, այլ ոչ թե մեկ կուսակցության: Ինչ վերաբերում է նոր հուշագրի հնարավոր ստորագրմանը, ապա, քաղաքագետի խոսքով՝ «եթե Գագիկ Ծառուկյանը չկարողացավ պահել հարվածը, իսկ ես վստահ եմ, որ կկարողանա պահել, այդ դեպքում ԲՀԿ-ն կզրկվի այն առավելությունից, որն ունի այժմ՝ խորհրդավոր պահել հարցը, թե որ թեկնածուին է պաշտպանելու, եւ դնել արդար ընտրությունների պահանջ»:



ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության հանդեպ ընդդիմությունն անտարբեր է: «Ներիշխանական գզվռտոցները մեզ չեն հետաքրքրում»,-երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: