Նեմեցը սովորական գործիչ չի

Նեմեցը սովորական գործիչ չի
ՀՀ դատախազության Հատուկ քննչական ծառայությունում դեռ ուսումնասիրում են ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հայհոյանքների ձայնագրությունը՝ ուղղված «Հետքի» լրագրողին: Քանի որ դեպքից անցել է արդեն մոտ 2 շաբաթ, կարելի է եզրակացնել, որ ՀՔԾ-ում անգիր են սովորել Հայրապետյանի հայհոյանքները:



Տպավորությունն այն է, որ դատախազությունում չեն ուզում գործ հարուցել Սերժ Սարգսյանի շրջապատի ներկայացուցչի դեմ: Հիշեցնենք, որ նույն Ռուբեն Հայրապետյանը իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու, բարոյական անբասիր նկարագիրը խաթարելու համար վերջերս դատի տվեց «Հայկական ժամանակ» օրաթերթին, եւ Սամվել Ալեքսանյանի ու Լեւոն Սարգսյանի հետ միասին թերթից պահանջում էին 2-ական մլն դրամ: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին հարցրինք, թե ինչպես է գնահատում ՀՀԿ-ականի վարքը:  «Մեր կուսակցի վարքը մեզ բավարարում է, որովհետեւ Ռուբեն Հայրապետյանը սովորական գործիչ չէ, ո՞վ է ասել հայհոյել է»,- հայտարարեց նա:



Մեր հստակեցմանը, թե Հայրապետյանը փող է բերում կուսակցությանը, դրա համա՞ր սովորական գործիչ չէ, Գրիգորիչը հայտարարեց. «Ոչ:... Վերջին հաշվով ինքը բավականին մեծ աշխատանքների շրջանակում է՝ կապված ֆուտբոլի բնագավառի հետ, եւ դա, կարծում եմ, որ շատ ծանրակշիռ աշխատանք է, կարող եք էդ ճանապարհով գնահատել Ռուբեն Հայրապետյանին»: Մեր հաջորդ հարցին, թե  ինչպե՞ս է գնահատում փաստը, որ Հայրապետյանը մի կողմից դատի է տալիս իր անաղարտ նկարագիրը խաթարելու համար, մյուս կողիմից սեռական բնույթի հայհոյանքներ է տալիս լրագրողին, ՀՀԿ փոխնախագահը նետեց. «Դա Ձեր կարծիքն է, որ սեռական բնույթի հայհոյանք է տվել: Ռուբեն Հայրապետյանը՝ չեմ կարծում, որ հայհոյել է: Եթե բողոքել են՝ համապատասխան մարմինները կզբաղվեն, եթե տեսնեն, որ անհեթեթություն չի»: