Քուշկյանը, գինեկոլոգներն ու համավճարի փուչիկը

Քուշկյանը, գինեկոլոգներն ու համավճարի փուչիկը
Որ ՀՀ առողջապահության համակարգը ծայրեծայր կոռումպացված ու փտած է, նույնիսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը չկարողացավ բարձրաձայն չասել, բայց դա չխանգարեց շարունակել մարդկանցից մինչեւ վերջին կոպեկը կլպելու խորհրդային բարի ավանդույթը, որը բոլոր այս տարիներին նաեւ մեր կանանց առողջության ու ծննդօգնության հաշվին է հագուրդ ստացել:



Եվ քանի՞ քոռ գրոշ արժե  առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանի նախօրեին ասուլիսային պնդումն առ այն, թե «Համավճարի նոր կարգի ներդրմամբ` նախարարությունը պատերազմ է հայտարարում բուժծառայությունների դիմաց ստվերային վճարմանը», թե «2011թ. փետրվարից սկսած` շտապ եւ գինեկոլոգիական բուժօգնության ոլորտներում հիվանդները բուժում կստանան պայմանագրային հիմունքներով, որում հստակորեն ամրագրված կլինի ծառայությունների արժեքը եւ բուժման ժամկետը»: Ո՞ւմ համար են նախատեսված այս ստերը, եւ ովքե՞ր են հավատում սրանց: Նույն Արա Տեր-Գրիգորյանն իսկապե՞ս համոզված է այն բանում, որ «համավճարի ծրագիրը շահավետ է ոչ միայն հիվանդների, այլեւ բուժանձնակազմի համար, որովհետեւ, հիմնական աշխատավարձից բացի, բուժաշխատողներն ստանալու են բոնուսներ` ելնելով հիվանդների թվից»:



Դեռ մի կողմ թողնենք հիվանդներին, որոնց նույնիսկ ձրի ծննդօգնություն կոչվածով են կլպում` հենց միայն այնպիսի սոսկալի կոլխոզային-անզուգարան սենյակներ տրամադրելով, որ իրեն հարգող կինը գերադասում է մեկ օրվա համար նվազագույնը 15 հազար դրամ վճարել եւ վճարովի պալատում հանգիստ պառկել: Կամ` երբ նրա հարազատներից ամեն մի այցի համար 2 հազար դրամ են պլոկում, երբ ծնված երեխային ընդամենը նկարելու, տակը ծնվելու օրն ու ժամը գրելու համար 6 հազար դրամ են պահանջում, երբ պարտավոր են դա ձրի անել, երբ խնդիրներ ունեցող կնոջը դիտմամբ ժամկետից շուտ եւ անխնամ են տուն ուղարկում` քաջ իմանալով, որ առանձին միամիտներ նորից իրենց են դիմելու, իրենք էլ «պերերիվին» տաքսիով բուժքրոջը ճամփելու են «շեֆից թաքուն» տանը ծառայություններ մատուցելու` մեկ այցի համար 10 հազար դրամ գրպանելով: Տաքսիի փողն ու «կոֆե-մոֆեն» էլ չհաշված...



Ծիծաղելին, սակայն, այն է, որ առաջին հայացքի՛ց է թվում, թե բժիշկները գոհ են առկա վիճակից: «Ես չգիտեմ, թե հիմա՞ ինչ նոր բան են մոգոնել նախարարությունում, որովհետեւ մեզ թռուցկաժողովի ընթացքում առայժմ ընդամենը ասվել է, որ նույնիսկ տնօրենները չգիտեն, թե նոր կարգն իրենից ինչ է ներկայացնում, փոխվելո՞ւ են արդյոք մատուցվող ծառայությունների գները, թե՞ ոչ, բայց վստահ եմ, որ բժիշկների ներկայիս ստորացված վիճակը նոր կարգի ներդրումից չի փոխվելու»,- մեզ հետ զրույցում նշեց մայրաքաղաքում բավական հայտնի բժիշկ-գինեկոլոգներից մեկը՝ զգուշացնելով չհրապարակել իր անունը: Իսկ երբ խնդրեցի առավել մանրամասն ներկայացնել ներքին խոհանոցը, ուղղակի սրտխառնուք  ապրեցի էն ամբողջ պատկերից, որ բարեփոխիչ Քուշկյանի եւ մեր կառավարության ջանքերով է «գծվել»:



Պարզվում է` համավճարի սկզբունքը մինչեւ այժմ էլ է ներդրված եղել հիվանդանոցներում: Նույն բժիշկ-գինեկոլոգներն օրինակ՝ ստացել են իրենց նվազագույն` 50 հազար դրամ աշխատավարձը եւ մատուցվող ծառայությունների, ասենք` կանացի բորբոքումների բուժման դիմաց ստացված ողջ գումարը հաշվապահություն փոխանցելուց հետո ամեն հիվանդից որոշակի գումար են ունեցել: Մեր զրուցակցի ասելով` դրանք սարսափելի չնչին գումարներ են եղել բոլոր այն թվերի համեմատությամբ, որ հոսել են տնօրենի գրպանը: Ավելին, պարզվում է` սույն «բոնուսային կարգը» անգամ շատ կարգին բժիշկների է վերածել բորենիների, որովհետեւ սրանք ամեն օր թռուցկաժողովների ընթացքում թուքումուր են ստացել տնօրենի կողմից, թե` գնացեք հիվանդ գտեք, գնացեք հղի գտեք, ի՞նչ եք նստել, կազատվեք աշխատանքից` սոված կզկրտաք, նոր կիմանաք, եւ այլն:



Ամենաստորացված վիճակում, ի դեպ, հայտնվել են չվիրահատող, այսինքն` սովորական բժիշկ-գինեկոլոգները, որոնք հաճախ բուժման դիմաց ոչ մի կոպեկ չեն ստացել այն պարզ պատճառով, որ տնօրենը «նալոգ է դրել իրենց վրա»՝ այսքան փող պիտի վճարեք, ենթադրենք` այսինչ-այսինչ բանի համար եւ վերջ. արել եք, չեք արել` հետաքրքիր չի: Իսկ հղիության վարման դեպքո՞ւմ, այդ պարագայո՞ւմ ինչքան բոնուս եք ստանում` հարցրի: «Դրանք կոպեկներ են. ես, օրինակ, այս ամիս իմ աշխատավարձի հետ միասին 30 հազար դրամ եմ ստացել վարածս 50 հղիության դիմաց: Ինչքա՞ն է ստացվում, դուք հաշվեք` ամեն մի հղիի դիմաց 600 դրամ»,-պատասխանում է զրուցակիցս, հավելելով, որ երբեմն ստիպված են լինում նաեւ կեղծ փաստաթղթեր լրացնել, որպեսզի հանկարծ «հիվանդանոց մտած փողը նորից ետ չգնա նախարարություն», վերջին բոմժի պես, շենքերն ընկած, հղի են փնտրում, որ տանեն հատկապես իրենց հաստատություն եւ իրենց մոտ: Չխոսենք արդեն այն մասին, որ շատ հաճախ կեղծ ցուցումներով՝ ծննդկանին ուղարկում են կեսարյան հատման, որովհետեւ, ինչպես մեր զրուցակիցը պնդեց, «վիրահատությունից է միայն հիվանդանոցին շատ փող մնում, համ տնօրենն է դրանում շահագրգիռ, համ էլ ընդամենը 600 դրամ ստացող, բայց ծննդկանի ցավերը բռնելու ժամանակ գիշերվա քունը հարամող եւ հիվանդանոց հասնող բժիշկը»:



Պատկերացրի՞ք խայտառակության աստիճանը: Բա ինչքա՜ն բաներ են կատարվում, որոնց մասին մենք պարզապես չգիտենք: Չեն էլ ամաչում` այսքանից հետո խոսում են ստվերի դեմ պայքարից, երբ բոլորը գիտեն, որ բուժհաստատությունների տնօրենները մենակ չեն վայելում Ալլահի բարիքները. բա  Քուշկյա՜նը...



Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ