Օրվա խորհուրդը

Օրվա խորհուրդը
Որն ընտրել օրվա իրադարձություններից, ինչի մասին գրել եւ ինչն անուշադրության մատնել. ահա գլխավոր խնդիրը, որ լուծում է օրաթերթի խմբագիրն ամեն օր: Գուցե գլխավորը ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությո՞ւնն է, որի հանգուցալուծման ուրվագիծն արդեն երեւում է հորիզոնում: Բայց շատ հնարավոր է, որ առավել կարեւոր է Քըրք Քրքորյանի որոշումը՝ «Լինսի» հիմնադրամը լուծարելու եւ բոլոր միջոցները Լոս Անջելեսի համալսարանին փոխանցելու մասին: Չէ՞ որ սրա տակ կարելի է ամեն ինչ հասկանալ՝ սկսած մեր իշխանություններին ուղղված գնահատականից, մինչեւ հիմնադրամի միջոցները ծախսելու օրինականության նկատմամբ կասկածները: Իսկ գուցե առավել կարեւորը Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի ա՞յցն էր Հայաստան, որին մենք այսօրվա համարում չենք անդրադարձել՝ այդ իրավունքը զիջելով մեր հեռուստատեսային գործընկերներին: Չէ որ կան իրադարձություններ ու տեղեկություններ, որոնք վստահաբար չեն հայտնվելու էկրանին, եւ մեր խնդիրը նախեւառաջ դրանք ներկայացնելն է, այլ ոչ թե պաշտոնական լրատվություն տալը: Օրինակ, ասենք, քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատուի հերթական հայտարարության անհեթեթությունը ներկայացնելը: Խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է: Ի պատասխան Նիկոլի հայտարարության, թե՝ իրեն զրկել են նամակագրության իրավունքից, եւ նա չի կարողանում տպագրվել իր թերթում, ՔԿՎ-ն հայտարարել է, թե նման բան չկա, «դատապարտյալը դիտավորյալ չի հանձնում նամակները, որ պատրանք ստեղծի, թե իբր իր անձի նկատմամբ որոշակի սահմանափակումներ են կիրառվում»: Լկտիության ցանկացած դրսեւորում տեսել ենք, բայց սա բոլոր սահմաններից դուրս է: Այնպես, ինչպես բոլոր սահմաններից դուրս է Վանաձորի ոստիկանների պահվածքը, որոնք երեկ արգելել են բողոքող վարորդներին ավտոերթ անել դեպի Գյումրի: