Մեքսիկան երեխաներին դիետա է նշանակել

Մեքսիկան երեխաներին դիետա է նշանակել
Մեքսիկան աշխարհի «ամենագեր» երկիրն է: Այստեղ գիրությունը սկզբնավորվում է մանկական հասակից: Ըստ պաշտոնական տվյալների` Մեքսիկայի առողջապահության նախարարության ծախսերի մեկ երրորդը կապված է այնպիսի հիվանդությունների հետ, որոնց պատճառը գիրությունն է:



Երկրի ղեկավարները հույս են հայտնել, որ եթե իրենք նախադեպն արձանագրեն, մյուս երկրները կհետեւեն իրենց օրինակին` միանալով գիրության դեմ պայքարին: Դպրոցներում վաճառվող նախաճաշիկներն օրենքին համապատասխան փոփոխություններ են կրել: Տապակած կարտոֆիլը փոխարինվել է եփածով, իսկ բուտերբրոդների չափերը հասցվել են նվազագույնի: Արգելվել է գազավորված խմիչքների վաճառքը: Հետեւանքներն իրենց սպասել չեն տվել. արագ պատրաստման ուտելիքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները սկսել են դժգոհել, քանի որ նրանց հիմնական սպառողները դպրոցահասակ երեխաներն են: Ճիշտ է, արգելքը գործում է միայն դպրոցներում, իսկ դպրոցի պատերից դուրս երեխաներին դիմավորում են չիփսերով ու կոլաներով գայթակղող առեւտրականները: Մի փոքրիկ մեքսիկացի` Լետիսիա Գուտիերեսը, «Նյու Յորք Թայմսին» ասել է. «Աղջիկների մեծ մասը միրգ է ուտում: Երբեմն շոկոլադ էլ ենք ուտում՝ պարզապես որովհետեւ մենք երեխաներ ենք»: