ԼՂ հակամարտության վերաբերյալ քննարկումներ Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանում

ԼՂ հակամարտության վերաբերյալ քննարկումներ Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանում
Մարտի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանում հայ-շվեյցարական բարեկամության խորհրդարանական խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցան քննարկումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:



Քննարկումներին մասնակցում էին Շվեյցարիայի խորհրդարանի հայ-շվեյցարական բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահներ Ուելի Լեոնբերգերը եւ Դոմինիկ Դը Բումանը, բարեկամության խմբի անդամները, գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը, այլ խորհրդականներ, խորհրդարանի աշխատակազմի եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի քաղաքական տնօրինության ներկայացուցիչներ, Շվեյցարիայում ՀՀ դեսպանության եւ Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության աշխատակիցները, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:



Քննարկումները բացելով` հայ-շվեյցարական խորհրդարանական խմբի նախագահ Դոմինիկ դե Բումանը նշեց, որ խումբը 2008թ.-ի հունիսին Հայաստան կատարած այցի ընթացքում այցելել է նաեւ Լեռնային Ղարաբաղ, եւ որ ներկայիս քննարկումները նպատակ ունեն նաեւ հնարավորինս տեղեկացնելու շվեյցարական քաղաքական շրջանակներին Հայաստանի համար կենսական կարեւորության խնդիրներից մեկի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ դրա աշխարհաքաղաքական հետեւանքների ու խնդիրների մասին:



Քննարկումներին “Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակագրությունը եւ մարդու իրավունքներին առնչվող հարցեր”, “Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքների կոնցեպտները”, “Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի վիճելի հարցերը” եւ “Լեռնային Ղարաբաղի հակամարտության հեռանկարները. հնարավոր զարգացումներ եւ դրանց քաղաքական հետեւանքները” թեմաներով զեկույցներով հանդես եկան փորձագետներ Թեսա Հոֆմանը, Ժերար Գերգերյանը, Օտտո Լյուխտերհարդը եւ Ժյուլիեն Զարաֆյանը:



Զեկույցներին հաջորդեցին մասնակիցների հետ հարցուպատասխանի ձեւաչափով քննարկումներ:



Քննարկման մասնակիցներին բաժանվեցին հայ-շվեյցարական խորհրդարանական խմբի ջանքերով պատրաստված “Լեռնային Ղարաբաղ. մարդու իրավունքներ, միջազգային իրավունք եւ աշխարհաքաղաքական ասպեկտներ” եւ “Ջուղայի ավերումը եւ Նախիջեւանի հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը” խորագրով բրոշյուրներ: