Այդ բժիշկներին ուղարկեք սպանդանոց

Այդ բժիշկներին ուղարկեք սպանդանոց
Բժիշկների մեղքով նորածինների եւ հիվանդների մահվան դեպքերի մասին բազմիցս խոսվել ու գրվել է, բայց մի հիվանդի փոխարեն մյուսին վիրահատելը, եթե նույնիսկ եղել է, այնպիսի հնչեղություն չի ստացել, ինչպես «Սուրբ Աստվածամայր» (3-րդ¤ մանկական հիվանդանոցում տեղի ունեցածը, ինչը՝ ոչ ավել, ոչ պակաս, բուժանձնակազմի անբարոյականության ու հիմնարկի ամենաթողության վառ ապացույց է:



Մայիսի 3-ին այս հիվանդանոցում Էջմիածնի բնակիչ՝ 2004 թվականին ծնված Գեւորգ Մովսիսյանի փոխարեն վիրահատել են Ախուրյանի բնակիչ՝ 2006 թվականին ծնված Նարեկ Դանիելյանին: Վերջինս թոքի վիրահատության է ենթարկվել այս հիվանդանոցում դեռեւս  2008 թվականին եւ այդ օրը ծնողների նախաձեռնությամբ եկել է՝ առողջական վիճակը հետազոտելու: Հանձնարարել են կատարել ռենտգեն հետազոտություն: Նույն ժամանակահատվածում աջ ամորձու թաղանթների  ջրգողություն ախտորոշմամբ վիրահատության են պատրաստել Գեւորգ Մովսիսյանին:



Համապատասխան ժամին վիրաբուժական բաժանմունքի տնօրենը հանձնարարական է տալիս` ջրգողություն ունեցող երեխային ուղեկցել վիրահատարան, սակայն այդ ժամանակ, անհանգիստ լինելու պատճառով, վիրահատվող երեխան հիվանդասենյակում չի լինում: Փոխարենը այդ պահին նույն հարկում ծնողների հետ կանգնած է լինում Նարեկ Դանիելյանը, ով պատրաստվելիս է լինում ռենտգեն հետազոտության:



Բուժքույրը, կարծելով, թե Գեւորգն է, կանչում է, ձեռքից բռնում ու, որպեսզի հոգեկան տրավմա չպատճառի, ասում է՝ «գնում ենք նկարվելու»: Ծնողները ոչինչ չեն ասում՝ կարծելով, թե երեխային տանում են ռենտգենի, սակայն իրականում Նարեկին ուղեկցում են վիրահատարան՝ ամորձիների վիրահատության: Անեսթեզիոլոգ Հայրապետյանը, համոզված լինելով, որ տվյալ երեխան ջրգողությամբ տառապող Գեւորգն  է, ընդունում է ու տանում նախավիրահատական սրահ, որտեղ կատարվում է անզգայացում:



Բարեբախտաբար, Նարեկի ծնողները որոշ ժամանակ անց  գլխի են ընկնում, որ տղային «նկարելու» գործընթացը տեղի է ունենում վիրահատական սեղանին: Աղմուկ են բարձրացնում, ինչից հետո «ղասաբներն» ընդհատում են վիրահատությունը՝ սահմանափակվելով 3-4 սմ կտրվածքով: Մինչդեռ եթե ծնողները ժամանակին գլխի չընկնեին ու աղմուկ չբարձրացնեին, բժիշկներն այդ տեմպով գլուխ կբերեին անտեղի վիրահատությունը: 3-րդ հիվանդանոցի բուժանձնակազմի անփութությունն ու ոչ պրոֆեսիոնալիզմը, բարեբախտաբար, անտարբերության չի մատնվել:



Նշենք, որ 3-րդ հիվանդանոցը քաղաքապետարանի ենթակայության տակ է, այդ պատճառով տեղի ունեցածն ուսումնասիրել է քաղաքապետարանի առողջապահության վարչության համապատասխան աշխատանքային խումբը: Նրա եզրահանգմամբ՝ կազմակերպչական լուրջ բացթողումների եւ սխալների հետեւանքով տեղի է ունեցել անհիմն վիրահատական միջամտություն, ինչի պատճառով քաղաքապետ Կարեն Կարապետյանի կարգադրությամբ աշխատանքից ազատվել են մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ  Ռ. Անտոնյանը, վիրահատական բաժանմունքի վարիչ, անեսթեզիոլոգ Մ. Դալլաքյանը, վիրաբուժական բաժանմունքի բուժքույր Ե. Մաթեւոսյանը, վիրահատարանի բուժքույր-անեսթեզիոլոգ Վ. Հայրապետյանը:



Խիստ նկատողություն է հայտարարվել բուժգծով փոխտնօրեն Լ. Գրիգորյանին, մանկության գծով օգնական Ա. Հարությունյանին եւ մանկական վիրաբուժական  բաժանմունքի վիրաբույժ Ա. Գեւորգյանին: Մանկական վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ա. Կարապետյանը եւ բաժանմունքի ավագ բուժքույր Ա. Հարությունյանն ազատվել են զբաղեցրած պաշտոնից՝ այսուհետ աշխատելու են վիրաբույժ ու բուժքույր: Իսկ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանին խիստ նկատողություն է հայտարարվել եւ առաջարկվել է քննարկել հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը: