Կրկին պարտություն

Կրկին պարտություն
Երեկ Վրաստանից ստացված մի լուրը կարդալով՝ ես ուղղակի նախանձից մեռա. վրացական առաջատար թերթերը լույս են տեսել սպիտակ էջերով՝ ի նշան բողոքի իրենց գործընկերներից մեկի մոտ չպլանավորված ստուգումներ սկսելու կապակցությամբ: «Պալիտրա» մեդիա-հոլդինգը, որի մեջ մտնում են ամսագրեր, ինտերնետ-հեռուստատեսություն, ռադիո եւ այլ լրատվական ընկերություններ, պարզվում է՝ անաչառ լուսաբանել է ընդդիմության հանրահավաքները եւ հայտնվել իշխանությունների թիրախի դերում: Այսպիսի ակցիայի ու լրատվամիջոցների համախմբման մասին մենք՝ հայկական ԶԼՄ-ներս, երազել անգամ չենք կարող: Այնպես, ինչպես չենք կարող չհիանալ նրանց պատրիարքի՝ Իլյա 2-րդի արժանապատիվ կեցվածքի ու սեփական ազգի եւ եկեղեցու շահերն ամեն ինչից բարձր դասելու պահվածքով: Մենք ոչ միայն անմիաբան ենք, այլեւ մեր շահի ու իրավունքների գիտակցումով չենք փայլում: Իսկ վրաց եկեղեցին բարձր «պլանկա» է վերցրել՝ մենք ձեզ Վրաստանում այնքան իրավունքներ ենք պատրաստ տրամադրել, որքան դուք մեզ՝ Հայաստանում: Մի քանի քաղկեդոնական եկեղեցիների գոյությունը շահարկելը դիվանագիտական եւ քաղաքական մեծ հմտություն եւ ճկունություն է պահանջում՝ այն դեպքում, որ մենք Վրաստանում լիիրավ մեզ պատկանող եկեղեցիներին ու համայնքին չենք կարողանում տիրություն անել: Մի տեսակ անհասկանալի ժողովուրդ ենք՝ մի կողմից խոնարհվում ենք, երբ դրա կարիքը չկա, մյուս կողմից՝ նորմալ հարեւանություն անել էլ չենք կարողանում: Թվում է՝ Ամենայն հայոց կաթողիկոսը, որ աշխարհիկ կյանքից ու քաղաքական անցուդարձից դուրս եւ վեր կանգնած պետք է լիներ՝ ուժեղ իր հոտով: Նաեւ՝ զերծ պետական ու պաշտոնական շղթաներից: Եվ այդ ազատությունը պետք է տնօրիներ ի շահ հայ համայնքի ու եկեղեցու, նույնքան կաշկանդված է, որքան պետական այրերը: