Սարգսյանն ընկերս չէ, բայց...

Սարգսյանն ընկերս չէ, բայց...
«Չգիտեք, որ աստծու տաճար եք դուք, եւ աստծու հոգին է բնակվում ձեր մեջ» (Ա Կորնթ. 3. 16)



Հունիսի 10-ին, երթուղայինում մի խոսակցությունից իմացա. «Ազգային գրադարանի տնօրենին մշակույթի մինիստրուհին հանում է»: Ունկերիս չէի հավատում, ուղեղումս չէր տեղավորվում:



Հաջորդ օրը թերթերն «ավետեցին», նույնիսկ քաղաքական աստառներ տրվեցին, մոռանալով, որ Դավիթ Սարգսյանը, Ազգային գրադարանը, ամենաապաքաղաքականն ու ամենաքաղաքականացվածն են (դրական իմաստով):



Դեմ լինելով, վեր են ոչ միայն կուսակցամոլությունից, այլեւ որեւէ տիպի կուսակցականությունից. նրանց քաղաքականությունը, ես կասեի՝ դավանանքը, մեկն է` ծառայելով Գրքին ու Կուլտուրային, ծառայել ազգին, պետությանը, հայ պետականությանը («Կուլտուրան, եթե ազգային չէ, կուլտուրա չէ, եւ ազգը, եթե կուլտուրական չէ` ազգ չէ», Նժդեհ):



Թերթերում նշվեց նաեւ, որ նախարարը գովերգել է «Դավիթ Սարգսյան անձին», սակայն… «դժգոհ է նրա գրադարանային գործունեությունից»…



Իսկ ո՞րն է այդ գրադարանային գործունեություն կոչվածը: Հարգելի մինիստրուհին անցած 5 տարիների ընթացքում քանի՞ անգամ է եղել Ազգային գրադարանում, մասնակցել միջոցառումների, քննադատել, «ուղղություն տվել», ոգեւորել…



Պատկերացնո՞ւմ եք՝ կրթության եւ գիտության նախարարը տարին մի քանի անգամ չլիներ Ազգային ակադեմիայում, չզրուցեր, չխորհրդակցեր: Սարգսյանն ընկերս չէ, բայց… Իհարկե, տգետ միջակության, նյութապաշտ ստրկամտության, մեղավոր անտարբերության մեր ժամանակներում ազատման պատճառը Դավիթ Սարգսյանի բազմիմացությունն է, ինքնուրույնությունը, անմնացորդ նվիրումը գրքին, գրադարանային գործին, կազմակերպչական մեծ ունակությունները, բնատուր` ծնողներից ժառանգած հայրենապաշտությունը:



Ազգային գրադարանը մի ամբողջ կուլտուրայի նախարարության (մշակույթ չէ, քանզի «մշակույթ»-ը հիշեցնում է մշակվածը, խուզված, միահավասարեցրած խոտը, կրտվածը, կաղապարվածը… մինչդեռ «Կուլտ Հուռա»-ն լույսի ՊԱՇՏԱՄՈՒՆՔՆ է), Ազգային գրադարանի կոլեկտիվը լույսի պաշտամունքն ունի եւ այդ լույսը սփռում-բաշխում է բոլորիս: Վկան` կատարած գործերն ու կազմակերպած հարյուրավոր միջոցառումները: Խոսքս կարճեմ… Հավերժ ոչինչ չկա, առավել եւս՝ պաշտոնը, մանավանդ մեր երկրում: Բայց ցանկացած բան «ինչու» հարցին պետք է պատասխանի:



Բա չգնայիք գրադարան, թերությունները նշեիք, ցույց տայիք վերացման ուղիները, ժամանակ եւ հնարավորություն ընձեռեիք ուղղվելու-ուղղելու: Չէ՞ որ գրադարանի տնօրենի պաշտոնը քաղաքական պաշտոն չէ, նախարար չէ, փոխնախարար չէ, որ թիմը եկավ` դրեցին, թիմը գնաց` հանեցին (այ, եթե Դավիթ Սարգսյանին կուլտուրայի նախարար նշանակեն...):



Ուրախացեք, հիացեք կոլեկտիվի եւ ընթերցողների այս օրերի պահվածքով. ազատ մարդիկ են, ընդվզում են (չնայած մի քիչ վախվորած), եւ իրոք քաղաքական ընդվզում չէ, այլ քաղաքացիական…



Պատճառներ ու պատճառաբանություններ շատ կնշվեն, բայց, իմ կարճ խելքով՝ ազատման նպատակը միանշանակ մեկն է՝ ավարտել դեռեւս 90-ականների սկզբներից սկսած կուլտուրայի օջախների շենքերի «սեփականաշնորհումը»:



Իսկ հոգատար, արժանապատիվ տերը` Դավիթ Սարգսյանը, երբեք չի համաձայնի գրադարանի դասական թամանյանական մասնաշենքը նախ ավերակեն, ապա, «որպես պետության գերակա շահ», նվիրաբերեն որեւէ բանկի:



Գագիկ Այգեհատցի Շահվերդյան, ՀՀ քաղաքացի, Հայ առաքելական սբ. եկեղեցու հետեւորդ, բժիշկ