Ազատամարտիկներին բոլորն են անտեսում

Ազատամարտիկներին բոլորն են անտեսում
Չնայած դեռ լուծված չէ արցախյան հիմնախնդիրը, եւ  պատերազմի սպառնալիքը կախված է երկրի գլխին, սակայն Արցախյան ազատամարտի մասնակիցներն իսպառ դուրս են մղված պետության ուշադրությունից, նույնիսկ՝ զանգվածային լրատվամիջոցների: Երեկ այսպես դժգոհեցին «Արամ Մանուկյան» ջոկատի ազատամարտիկները: Երեկ լրանում էր ջոկատի 19-ամյակը:



Այս ջոկատի (հիմնադրվել է Արցախյան պատերազմի օրերին՝ 1992 թվականին) մի խումբ ազատամարտիկներ եկել էին մեր խմբագրություն՝ հիշեցնելու իրենց տոնի մասին, եւ ցավով պատմելու, որ իրենց կազմակերպած փոքրիկ միջոցառմանը թեեւ հրավիրել են հեռուստաընկերությունների, սակայն վերջիններս հարկ չեն համարել լուսաբանել այն:



Դե, ավելորդ է նշել նաեւ պետության արհամարհանքի ու անտարբերության մասին, որից ավելի շատ են խոցված հերոսամարտի կամավոր մասնակիցները: Նրանց պատմելով՝ այսօր «իրենց տիրություն է անում» միայն «Փառապանծ ազատամարտիկներ» ՀԿ-ն, որի նախագահն է Ռազմական ոստիկանության Էջմիածնի կայազորի նախկին պետ «Ժարիտ» մականունով Գրիշա Սարգսյանը:



Մեր հարցին, թե տիրություն անել ասելով՝ ինչ նկատի ունեն, ազատամարտիկներից Վարդան Մադոյանն ասաց. «Տիրություն անելը նշանակում է, որ մարդկանց թեկուզ հոգեբանորեն աջակցեն, որ իրենց անտեր չզգան՝ այս երկրից կտրված: Բոլորս ունենք շատ մեծ ֆինանսական, կենցաղային ու տնտեսական պրոբլեմներ, որը հաստատ ոչ միայն ի վիճակի չէ եւ պարտական էլ չէ այդ կազմակերպությունն անել: Մենք մեր ջանքերը, կյանքը, հայրենասիրությունը ներդրել ենք  հայրենիքի անկախության ու ազատության գործին ու հիմա մենք պետք է աջակցություն ստանայինք պետության կողմից»:



Մեզ հետ զրույցում նրանք ներկայացրին նաեւ իրենց դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի այս օրերին քննարկվող լուծումների վերաբերյալ. «Մենք կամավորականներ ենք եղել, մենք կռվել ենք՝ հույս ունենալով, որ 1մմ ազատագրված հող անգամ ոչ մեկին չենք զիջելու, ոչ էլ մեր հայրենիքի մի կտորը փոխարինելու ենք ուրիշ կտորով: Այնպես որ՝ մենք կանք, եւ եթե պետք լինի, մենք էլի ենք գնալու ու էլի ազատագրելու: Մենք պահանջատեր ենք, որովհետեւ գոյություն ունի մեզանից զոռով խլված Նախիջեւան, Շահումյան, մեր Բագարանը, մեր Արծվաշենը…»:



Անի Առաքելյան