Մայր Թերեզայի օրհնանքն ենք ստացել

Մայր Թերեզայի օրհնանքն ենք ստացել
«Երկու օր առաջ դեկանատից մեզ ասացին, որ պիտի այս տարի ավարտենք, ու պետական քննություններն էլ նշանակված են մեկ շաբաթ հետո: Հիմա կանգնել ենք փաստի առաջ»,- ասում են Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողները, որոնք դեռ մի տարի էլ պետք է սովորեին՝ մինչեւ ավարտելը:



Համալսարանը նրանց հետ 5 տարվա ուսումնական պայմանագիր է կնքել, որն ավարտելով՝ պետք է ստանային բժիշկ-ստոմատոլոգի որակավորում, բայց 2 օր առաջ դեկանատից տեղեկացրել են, որ պետք է ավարտեն այս տարի ու բակալավրի աստիճանով:



Երբ ուսանողներն իրենց բողոքով գնացել են նախարարություն, այնտեղ պատասխանել են, որ 2004-ից գործում է այս համակարգը, ու իրենց պետք է վաղուց տեղյակ պահեին դրա մասին:



«Ստացվում է, որ իրենք խաբել են մեզ, որովհետեւ բոլոր ինստիտուտները տարվա սկզբից գիտեին, որ իրենք բակալավր են, բայց մեզ դրա մասին չեն ասել, ու մի շաբաթ առաջ էլ, երբ մենք դիմեցինք դեկանատ, մեզ ասացին, որ դուք ունեք 5 տարվա պայմանագիր, եւ դա ձեզ չի վերաբերում: Հիմա կանգնել ենք փաստի առաջ, ու մեզ հետ էլ նոր պայմանագիր չեն կնքել: Բակալավրի դեպքում մենք չենք կարող անգամ բժշկի ասիստենտ աշխատել, իսկ մագիստրատուրա էլ ունի միայն Երեւանի պետական բժշկական համալսարանը, որը մասնավորից չի ընդունում ուսանող»,- միմյանց հերթ չտալով՝ դժգոհում էին զայրացած ուսանողներն ու պահանջում, որ եթե անցած ու այս տարվա շրջանավարտներին տվել են մագիստրոսի որակավորում, թող իրենց էլ տան կամ էլ համալսարանին մագիստրատուրայի լիցենզիա տան:



Հիմա՝ բացի այն, որ թերի բարձրագույն դիպլոմ են ստանալու, ինչպե՞ս են մեկ շաբաթում հասցնելու 400 հարց պարապել եւ 4 առարկայից պետական քննություն հանձնել: Իսկ դեկանը նրանց պատասխանել է՝ ուրեմն ձեռք բերեք այդ տոմսերը, ավելին՝ այդ տոմսերը ձեռք բերելու համար նա նաեւ կոնկրետ գին է ասել ու դեռ մի բան էլ խոստացել է զեղչ անել.



«Մենք շատ խղճով ենք աշխատում, Մայր Թերեզայի օրհնանքն ենք ստացել»,- մեզ հետ զրույցում նշեց համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանն ու հաստատեց այն փաստը, որ բժիշկ-ստոմատոլոգների հետ 5 տարվա պայմանագիր են կնքել, բայց, ըստ նրա, օրենքն ասում է, որ իրենք այս տարի պիտի ավարտեն բակալավրի ծրագրով, իսկ մագիստրատուրան էլ կշարունակեն հենց համալսարանում:



Այն հարցին, թե ինչպես կշարունակեն, երբ համալսարանը մագիստրատուրա չունի, նա նախ հերքեց չունենալու փաստը, հետո էլ հույս հայտնեց. «Անպայման կստանանք մագիստրատուրայի լիցենզիան: Եթե բակալավրը տալիս ենք պետական դիպլոմ, առողջապահության նախարարությունը մեզ կապահովի նաեւ մագիստրատուրայի լիցենզիայով, մենք այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ տանում ենք:



Մենք ուսանողներից ներողություն խնդրեցինք, բայց դա լուրջ ռազմավարական ծրագիր է, եւ իրենք պետք է շատ գոհ լինեն, որ մտնում են այդ ծրագրի մեջ»: Այն դիտարկմանը, թե ինչպե՞ս կարող են գոհ լինել, երբ կորցնում են տարի, ժամանակ, գումար, ռեկտորը պատասխանեց, որ համալսարանի ուսանողները 2 տարի լիարժեք կսովորեն մագիստրատուրայում, իսկ բացի այդ. «Մենք խոստացել ենք մի տարին անվճար՝ բարոյական ճեղքվածքի համար»:



Ինչպես նշեց ռեկտորը եւ հաստատեցին ուսանողները՝ նա երեկ հանդիպել է բոլոր 60 ուսանողների հետ եւ խոստացել պայմանագիր կնքել, որտեղ նշված կլինի, որ մագիստրատուրայում մեկ տարի անվճար են սովորելու, բայց մինչ պայմանագրի կնքումը համալսարանը դեռ պետք է ստանա մագիստրատուրայի լիցենզիան: